Home / Բանակ / Բաբայանը չեղարկում է հանրահավաքը. Կիևը մերժում է Ղարաբաղի նոր նախագահին

Բաբայանը չեղարկում է հանրահավաքը. Կիևը մերժում է Ղարաբաղի նոր նախագահին

Սամվել Շահրամանյանն այսօր ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ։ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական էր ներկայացրել, «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին ընտրում էր խորհրդարանը։

ԼՂ Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը, այդ թվում՝ իշխող ուժը, նախագահի պաշտոնում առաջադրել էին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Շահրամանյանը Ադրբեջանի հետ մարտին տեղի ունեցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Մամուլը նրան կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի (նաև Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական դաշինքի) հետ։

Խորհրդարանական երկրորդ ուժը՝ ընդդիմադիր «Միասնական հայրենիքը» առաջադրել էր ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, բայց առաջադրման դիմումը չէր ընդունվել։ Բաբայանի թիմակիցները հանրահավաք էին հրավիրել, որը հետագայում չեղարկվել է։

«Երեկ ուշ երեկոյան նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի։

Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»», – տեղեկացրել է Սամվել Բաբայանը։

Ընդդիմադիր գործիչը հավելել է՝ «Արցախի ճակատագրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը»։

Բաքուն, Անկարան և Կիևը դատապարտում են, Բրյուսելը չի ճանաչում

Նոր նախագահի ընտրությունը դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարությունները։ Եվրամիությունը հայտարարել է՝ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը:

Բաքուն հայտարարել է, թե «այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին»: 

Անկարայից հավելել են՝ ընտրությունները «լեգիտիմ չեն», «խախտում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը», դրանք «անցկացվել են մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ձգտում են շարունակել խաղաղ բանակցությունները» և նպատակ ունեն «խաթարել այդ փորձերը»։

Կիևը աջակցություն է հայտնել Ադրբեջանին․ «Դատապարտում ենք այսպես կոչված «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում», դրանք «հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», «արդյունքներն առ ոչինչ են»։

Եվրամիությունից հայտարարել են՝ ընտրությունների իրավական շրջանակը չեն ճանաչում, բայց և «հավատում են, որ կարևոր է Ղարաբաղի հայերի համար համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարողություն և կամք ունի ներգրավվելու Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին»։

Նոր նախագահն ինչ-որ բաներ է առաջարկում

Թե ինչո՞ւ պաշարված Լեռնային Ղարաբաղի նախագահը որոշել հրաժարական ներկայացնել, ի՞նչ է փոխելու նոր նախագահի ընտրությունը, ինչո՞վ է պայմանավորված ճգնաժամային այս իրավիճակում իշխանափոխություն անելու որոշումը՝ պարզ չէ։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե հոժարակամ է հեռացել։ Նրա ընդդիմախոսները պնդում են, որ նախկին նախագահը հրաժարական է տվել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, նրանց աջակցող ուժայինների և կուսակցությունների ճնշման ներքո։

տե՛ս Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Նոր վարչակազմը ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր չի ներկայացնում։ 

Արդեն երեք ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է, Ադրբեջանը նույնիսկ հումանիտար բեռների մուտքն է արգելում։ Բաքվի կարճաժամկետ նպատակն է՝ Ղարաբաղի ենթակառուցվածները կապել Ադրբեջանին, գործարկել Աղդամի ճանապարհը։ Եկարաժամկետ նպատակը հարկադիր հպատակեցումն է՝ «ինտեգրացիան»։ Ստեփանակերտում այս հեռանկարը մերժում են։

տե՛ս Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվամ առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը

Նոր նախագահն խորհրդարանում այսօր ելույթ է ունեցել և հայտարարել․

— Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա,
— Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով,
— այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

— Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է լինեն,
— ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ,
— Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ:

Թե ինչպե՞ս է ղարաբաղյան կողմը հասնելու նախագահի հռչակած սկզբունքների իրագործմանը՝ պարզ չէ։ Բաքուն նույնիսկ երրորդ երկրի/երկրների երաշխավորությամբ բանակցություններն է կտրականապես մերժում՝ սպառնալով ռազմական գործոնով։

Վերջին օրերին Ադրբեջանը մեծաթիվ զորք և զինուժ է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով։ Հայկական կողմերը ահազանգում են՝ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիայի է նախապատրաստվում։

տե՛ս Զորքերի կուտակումների մասին

Երևանից զանգում են

Հայաստանի կառավարությունը նախագահի ընտրությունները չի մեկնաբանել, փոխարենը հաղորդել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, Ֆրասիայի նախագահի, Վրաստանի վարչապետի և Իրանի նախագահի հետ։

Դատելով հաղորագրություններից, քննարկումները հիմնականում «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման», «իրավիճակի հետագա սրման անթույլատրելիության», «սահմանին լարվածության աճի միտումների», Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ են եղել։