«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների ծնողներից գումար են հավաքում՝ տնօրենին նվերներ գնելու համար։ Համապատասխան հրահանգը դասղեկների միջոցով օրերս փոխանցվել է ծնողներին։
Ուսուցիչների և ծնողների խոսքերով, տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու է, ակնկալում է, որ մինչև ուսումնական տարվա վերջ պետք է առնվազն երեք անգամ աշակերտներից նվերներ ստանա՝ ոսուցիչների տոնին, ծննդյան օրվա կապակցությամբ և մարտի 8-ին։ Ավարտական դասարանները պետք է նաև «սեղան գցեն»։
Անցյալ տարի ծնողներին հորդորում էին փող հավաքել արծաթյա զարդերի կոմպլեկտի համար, գալիք հոկտեմբերի 5-ին գումարը (30 հազարից ոչ պակաս) պետք է փոխանցեն ծաղկեփունջի հետ։
Ռուզաննա Երեմյանը կրթահամալիրի տնօրեն է դարձել 2021 թվականին, մինչ այդ 20 տարի եղել է «Հակոբ Կոջոյանի» ղեկավարի տեղակալ։
2020 թվականից Երեմյանը Կառավարությանն առընթեր Հանրային խորհրդի Պաշտպանության, Ազգային անվտանգության, Ներքին գործերի հանձնաժողովի անդամ է։
Տնօրենի կենսագրությունում նշվում է նաև, որ իր՝ 2021-ին հիմնադրած «Միասին կարող ենք» կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը» երկու տարի առաջ միջնակարգ դպրոցների աշխատողների, աշակերտների և ծնողների համար «Կախվածությունների կանխարգելումը դեռահասների շրջանում» թեմայով իրազեկման դասընթացներ էր կազմակերպել և վարում։
2019-ին հիմնադրել է «Լուսար տուր» տուրիստական գործակալությունը։