Ռուսաստանյան Կարմիր Խաչի բեռնատարն անցել է Աղդամի շրջանով և ուղևորվում Ստեփանակերտ՝ առավոտյան հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբից հաստատել են. «Ինչպես նախապես հայտարարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»:
Լեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հրապարակել է ռուսաստանյան Կարմիր խաչի բեռնատարով Ղարաբաղ բերված ապրանքնատեսակների ցանկը․
1․ Սննդամթերքային հավաքածուներ՝ 1000 հատ, յուրաքանչյուր տուփի քաշը՝ 11․4 կիլոգրամ։ Տուփերը ներառում են արևածաղկի ձեթ (0,9 լ – 1 հատ), շաքարավազ (1 կգ – 1 հատ), ցորենի ալյուր (2 կգ – 1 հատ), մակարոնեղեն (500 գ – 3 հատ), հնդկաձավար (1 կգ – 1 հատ), ցորեն (1 կգ – 1 հատ), սպիտակաձավար (1 կգ – 1 հատ), վարսակի փաթիլներ (0․5 կգ – 1 հատ), մսի պահածո (0․5 կգ – 5 հատ):
2. Սպիտակեղեն՝ 270 տուփ։ Մեկ տուփը ներառում է անկողնային պարագաներ (1 հատ), բարձ (1 հատ), վերմակ (1 հատ): 3. Հիգիենայի պարագաների՝ 200 հատ։ Մեկ տուփը ներառում է ատամի խոզանակ (3 հատ), օճառ (10 հատ), ջերմաչափ (1 հատ): 4. Մանկական ապրանքներ՝ 192 տուփ։ Մեկ տուփը ներառում է մանկական կիսել (1 հատ), վիտամիններ (3 հատ), ատամի խոզանակ (1 հատ), մանկական խյուս (8 հատ), մանկական ձկան յուղ կապսուլաներով (1 հատ), մանկական փոշի (1 հատ):
Անցած շաբաթվա վերջին (Լեռնային Ղարաբաղի նոր նախագահի ընտրությունից անմիջապես հետո) հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։ Փոխադրումն իրականացվում է ադրբեջանական Կարմիր մահիկի և ռուսաստանյան Կարմիր խաչի միջև համագործակցության հուշագրով՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ։
տե՛ս Բաբայանը չեղարկում է հանրահավաքը. Կիևը մերժում է Ղարաբաղի նոր նախագահին
Ստեփանակերտից հայտարարել էին՝ որոշել են թույլատրել Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն վերականգնել բեռնափոխադրումը Լաչինի միջանցքով՝ ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի կողմից, գրել էր Արցախի տեղեկատվական շտաբը։
Բաքվից անմիջապես հերքել էին՝ ռուսական բեռի մուտքը Ստեփանակերտ բոլորովին առանձին պայմանավորվածություն է, որը պետք չէ շփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ։
Արդեն այսօր Ադրբեջանի ատգործնախարարությունից հայտարարել են․ «Ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ. – խմբ.] ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել նաև Լաչինի սահմանային անցակետում՝ սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»։
Այս առաջարկին փաստացի սատարում են նաև Մոսկվան և Վաշինգտոնը, որոնք շեշտում են երկու ճանապարհների միաժամանակ (կամ հաջորդիվ) ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Ղարաբաղյան կողմը պնդում է, որ Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքին (հենց միջանցքին, այլ ոչ թե ճանապարհին) այլընտրանք լինել չի կարող։
տե՛ս Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվամ առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը
բեռնատարը` տեսարժան վայր
Ռուսական բեռների տեղափոխության մասին հաղորդվել էր սեպտեմբերի 10-ին։ Երկու օր շարունակ բեռնատարը կայանած էր ադրբեջանական Բարդա քաղաքում։ Բեռնատարի մոտից ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար ուղիղ եթերներ էին հեռարձակում։
Ասկերանում, մինչ այդ, շարունակում էին հերթապահել Աղդամի ճանապարհը փակած քաղաքացիները։ Ցուցարարները այստեղ վրանային ճամբար էին ձևավորել օգոստոսի 29-ին, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական Կարմիր մահիկը երկու բեռնատար է գործուղել Լեռնային Ղարաբաղ՝ Բաքվի կողմից պաշարված բնակչությանը «հումանիտար» ալյուր մատակարարելու համար։ Ադրբեջանական ալյուրն այն ժամանակ այդպես էլ Ստեփանակերտ չէր հասել՝ ճանապարհը ո՛չ ղարաբաղյան ոստիկանությունն էր համաձայնել բացել, ո՛չ էլ այնտեղ հավաքված բնակիչները։
տե՛ս Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու․ Փարիզից մարդ է եկել
Ադրբեջանը արդեն 9 ամիս է՝ շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, զուգահեռաբար՝ հայտարարում, թե ճանապարհը իրականում բաց է։ Հակարիի կամրջին Բաքուն անցակետ է տեղադրել, հունիսի 15-ից՝ արգելել դեպի Արցախ նաև հումանիտար բեռների մուտքը։ Միջանցքից նույնսիկ ռուս խաղաղապահները չեն կարողանում օգտվել, նրանք իրենց համար ներկրումներ են անում ուղղաթիռներով։
Իր իսկ կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամին Բաքուն արձագանքում է ինտեգրման «առաջարկով»՝ պահանջում է գործարկել Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին կապող ենթակառուցվածները և ուղիղ հայտարարում՝ մինչև Աղդամի ճանապարհը չբացվի, Լաչինը փակ է մնալու։ Ստեփանակերտը Ադրբեջանից բեռնափոխադրումների «այլընտրանքը» մերժում է՝ այն համարելով «բլոկադային» շատնաժի և հարկադիր հպատակեցման քաղաքականության մաս։
տե՛ս Բաքուն շարունակում է իր էշը քշել
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը պնդում էր՝ Ադրբեջանը հիմա էլ նոր պայման ունի, պահանջում է, որ ռուսական օգնության հետ մեկտեղ Ղարաբաղ մտնի նաև 40 տոննա ադրբեջանական ալյուրը։
Չնայած մեդիաներում բարձրացված աղմուկի, ըստ Օսիպյանի՝ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական կողմը օգտվում է Աղդամի ճանապարհից՝ նախկինում մի քանի անգամ Աղդամով շինանյութ են Արցախ հասցրել։ Ադրբեջանը հետագայում դադարեցրել է այդ մատակարարումները: