Իրանում մահապատժի են ենթարկել 29-ամյա Սամիրա Սաբզիանին․ կյանքի վերջին 10 տարիները կինը անցկացրել է բանտում, կախաղան է հանվել բռնարար ամուսնուն սպանելու համար։
Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանում առնվազն 18 կնոջ են մահապատժի ենթարկել: 2023-ին կաղահան է հանվել 600-ից ավել դատապարտյալ։
Սամիրա Սաբզիանին Իրանում հայտնի է որպես «մանուկ հարսիկ»։ Նորվեգիայում գործող «Իրանական իրավապաշտպան կազմակերպության» (IHR) տվյալներով, նրան կախաղան են հանել դեկտեմբերի 20-ին՝ Թեհրանի մերձակայքում գտնվող Քարաջայում, երկրի ամենախոշոր բանտերից մեկի՝ «Գեզել Հեսարի» տարածքում։ Իրանի կառավարական մամուլում դատավճռի իրագործման մասին հաղորդումներ չկան։ Մահապատժի մասին տեղեկությունները պաշտոնական աղբյուրները ոչ հերքել են, ոչ էլ հաստատել։
Սամիրային ամուսնացրել են 15 տարեկան հասակում, նրա ազգականները պատմել են՝ ամուսնության ողջ ընթացքում աղջիկը ընտանեկան բռնության է ենթարկվել։
19 տարեկանում նրան ձերբակալել են և մեղադրել ամուսնու սպանության մեջ։ Դատարանը անմիջապես մահապատժի վճիռ է կայացրել, վճռի իրագործումը ձգձգվել է հիմնական բյուրոկրատական պատճառներով։
Սամիրան երկու երեխա ունի, կրտսերը ձերբակալության պահին նորածին էր։
Անցած տասը տարիների ընթացքում նրան ընդամենը մեկ անգամ են թույլատրել տեսակցել երեխաներին՝ մահապատժից առաջ, այս տարվա դեկտեմբերին։
Սամիրան գենդերային ապարտեիդի, մանկական ամուսնությունների, ընտանեկան բռնության և Իրանում հաստատված ռեժիմի զոհերից մեկն է՝ հայտարարել է IHR նախագահ Մահմոիդ-Ամիրի Մոհադդամը․ «Այս ռեժիմը վերարտադրվում է բացառապես սպանությունների և վախի մթնոլորտի հաշվին»։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը երկար տարիներ բանակցություններ է վարել Իրանի հետ՝ Սամիրայի կյանքը փրկելու համար։ Բանակցություններում, ըստ իրավապաշտպանների, ներգրավված են եղել նաև որոշ երկրների կառավարությունները։ Դրանք, որպես կանոն, որևէ արդյունք չեն տվել։
Վերջին շրջանում՝ հատկապես անցած տարվա զանգվածային ցույցերից հետո, մահապատիժների թիվն Իրանում էապես աճել է։ 2022 թվականի ընթացքում Իրանում կախաղան են հանել առնվազն 582 դատապարտյալի։
Միայն այս տարվա նոյեմբերին, ըստ BBC-ի, երկրում 115 մարդ է մահապատժի հանվել։ 2023 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Իրանում կախաղան է հանվել առնվազն 499 հոգի։ Տարեվերջին պետության կողմից սպանվածների թիվը կարող է մոտենալ 650-ի։
Amnesty International-ը սա պետության կողմից արտոնված սերիական մարդասպանություն է որակում և կոչ է անում Իրանին կանգ առնել։
Սամիրա Սաբզիանը 18-րդ կինն է, որը այս տարվա ընթացքում մահապատժի է ենթարկվել Իրանի քրեակատարողական հիմնարկներում։ 2010 թվականից 2021 թվականների ընթացքում Իրանում կախաղան են հանել առնվազն 164 կնոջ։
IHR-ում ընդգծում են՝ խոսքը միայն հաստատված դեպքերի մասին է։ Մահապատիժների թիվը կարող է էապես գերազանցել այս վիճակագրությունը։ Մահվան դատավճիռների իրագործման մասին պաշտոնական աղբյուրները որպես կանոն չեն հաղորդում։
Իրավապաշտպանները սա սահմռկեցուցիչ վիճակագրություն են համարում։ 2022-ի թվականի զանգվածային բողոքի ցույցերից հետո (Իրանի գրեթե բոլոր քաղաքներում տասնյակ հազարավոր կանայք դուրս էին եկել փողոց՝ նրանք այրում էին իրենց գլխաշորերը, խոսում պետական կնատյացության մասին և իշխանափոխություն պահանջում) աճել են և՛ ընդհանրապես մահապատիժների, և՛ կանանց մահապատիժների թիվը։
Կախաղան հանված կանանց մոտ 66 տոկոսը մեղադրվել է ամուսնու սպանության մեջ։ Իրանում գործող օրենսդրությունը սպանության հանգամանքների մեջ (ինքնապաշտպանություն, աֆֆեկտ, ոչ դիտավորյալ սպանություն) չի խորանում։ Ամուսնուն սպանած կանայք դատապարտվում են «բնական ձևով փոխհատուցման»՝ մահվան։ Մահապատժից հնարավոր է խուսափել միայն այն պարագայում, եթե սպանվածի հարազատները ներում շնորհեն սպանողին կամ համաձայնեն diya-ին (փող արյան դիմաց)։
Կանանց կախաղան են հանում նաև «Երկրի վրա այլասերվածություն տարածելու» համար։
Այս տարվա սեպտեմբերին, օրինակ, Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի դատարանը մահապատժի էր դատապարտել երկու քվիր կանանց՝ 31-ամյա Զառա Սեդիգհի Համեդանիին և 24-ամյա Էլխան Չուդվարին։ Hengaw քրդական իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, կանայք կաղան էին հանվել «նույնասեռականության և քրիստոնեության քարոզի» միջոցով «Երկրի վրա այլասերվածություն տարածելու», «Իսլամական Հեղափոխության դեմ գործող ԶԼՄ-ների հետ շփվելու» համար։ Իրավապաշտպան կազմակերպությունները գրում էին, սա առաջին դեպքն է, երբ սեռական կողմնորոշման համար Իրանում կախաղան են հանում կանանց։