(թարմացում) — Ձերբակալված 26 նորատուսցի ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել՝ դեկտեմբերի 23-ին տեղեկացրել են Քննչական կոմիտեից։ Մեկ հոգու մեղադրանք է ներկայացվել։
21․12․2023 — Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում լարված իրավիճակ է՝ ձկնորսները դեմ են սիգի որսի արգելքին, պարեկների հետ բախումներից հետո մարդիկ երեկ դուրս էին եկել բողոքի: 26 հոգու ձերբակալել են։ Քրեական գործ է հարուցվել, մեղադրյալի կարգավիճակ դեռևս ոչ ոք չունի։ Գյուղում այսօր համեմատաբար հանգիստ է, բողոքի ցույցեր չկան։ Նորատուսցիները մտադիր են շարունակել պայքարը։ Ասում են՝ եթե ձերբակալվածներին ազատ չարձակեն, եթե իրենց խնդրին լուծում չտրվի, կլինեն նոր գործողություններ։
լճի ֆաունան ընդդեմ ապրելու միակ միջոցի
Դեկտեմբերի 19-ի կեսօրից հետո Սևանա լճում բախում է տեղի ունեցել ջրային պարեկների և ձկնորսների միջև։ Հաջորդ գիշեր ձերբակալել են 26 ձկնորսների։ Ձերբակալվածների մեջ, ըստ որոշ տվյալների, կա առնվազն մեկ անչափահաս (Քննչականից սա ոչ հերքում են, ոչ էլ հաստատում)։
Պաշտոնական վարկածը հետևյալն է․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։40-ին, մոտ 200 ձկնորսական նավակներ մոտեցել են Սևանա լճի Նորատուս հատվածում ծառայություն իրականացնող 2 նավերին, դիմակավորված ձկնորսները հայհոյել և սպառնացել են նավերում գտնվող ջրային պարեկներին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անձնակազմին, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր և փայտեր։
Ըստ Քննչական կոմիտեի, ձկնորսներից ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկին» պատկանող նավի վրա, «ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին», գողանալ նավին կապված նավակներից մեկը:
Քրեական գործ է հարուցվել կողոպուտի, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ 26 հոգի բերման է ենթարկվել և տեղափոխվել ՁՊՎ։
Epress.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանել է՝ ազատ արձակվածներ չկան, 26-ն էլ ձերբակալվածի կարգավիճակ ունեն, նախաքննություն է ընթանում, քրեական հետապնդում դեռևս հարուցված չէ (այսինքն՝ նրանցից ոչ մեկին մեղադրանք դեռ չի առաջադրվել)։
Տեղացիներն ասում են, որ ձերբակալվածներին մինչև 800 հազար դրամ տուգանք է սպառնում։ Դատելով քրգործի հոդվածներից՝ կարող են լինել նաև ազատազրկման որոշումներ։
«Իրենց հացի համար պայքարող մարդկանց ձերբակալել են: 26-ն էլ մեր գյուղի տղերքն են, հանցագործ չեն, իրենց պապերով սկսած իրենց լճի կողքն են ապրում և ձուկ որսում, իրենց հիմա զրկում են աշխատանքից։ Ես չգիտեմ՝ ինչ մեղադրանք են իրենց առաջադրում։ Բայց եթե իմ համագյուղացիներից մեկին պիտի տանեն սրա համար դատեն ու պատժեն, ուրեմն՝ ես նույն մարդն եմ, ես իրանց հետ եմ», – ասում է նորատուսցիներից մեկը։
Նախքան տղաներին ձերբակալելը՝ գյուղ էր գնացել Ներքին գործերի փոխնախարարը, մշակույթի պալատում հանդիպել մարդկանց հետ։ «Մենք ասեցինք՝ լավ, միջադեպ է եղել, եկեք այնպես անենք, որ էլ բախումներ չլինեն: Ասացինք՝ եթե հնարավոր է, միջամտեք, թող գոնե մինչև տարվա վերջ ժողովուրդը ձկնորսություն անի: Ասեց՝ հստակ պատասխան չեմ կարող տալ: Ինքը գնաց պատասխանի հետևից, իրանից հետո մեր գյուղի մարդկանց բռնեցին ու տարան: Դա գիշերը ժամը 4-ին է եղել», – պատմում է հանդիպման մասնակիցը։
Նորատուսի կենտրոնում հավաքված կանայք բողոքում են՝ սա դաժանություն է, մարդիկ տանջվում, երկու կոպեկ փող են աշխատում, Նորատուսում ուրիշ գործ չկա, բա ի՞նչ անեն․
— Սաղ ջահելներին տարել են։ Ժողովուրդը սաղ գիշեր չի քնել։ Սա ի՞նչ է, պատերա՞զմ է։ Ինչքան բերետ կա՝ լցրել են գյուղ։ Պարեկները, ոստիկանները ավտոբուսներով լցվել են այստեղ։ Հասկացանք՝ ձվադրման շրջան է, չի կարելի ծով մտնել, պետք էր ցանցերը հանել դուրս։ Բայց եղանակը չթողեց։ Ինչի՞ համար սենց պատերազմ սարքեցին։ Թող մեզ ժամանակ տան։
— Ցանցերը եղանակի պատճառով չեն հացրել տղաները հանել։
— Ո՞նց ենք ապրելու, եթե ձուկ չբռնեն։
Նորատուսում հիմա տարբեր խոսակցություններ են շրջանառվում։ Տեղացիներն ասում են՝ ձվադրման շրջանը հունվարին է, ոստիկանական հատուկ օպերացիան ուրիշ շահեր է հետապնդում։ «Մեզ արգելում են ձուկ որսալ, որ Նոր տարուն իրենց բռնածը ծախեն»։
Հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանը, որը մասնակցել է ոստիկանական բարեփոխումներին և դրանք ձախողված է համարում, այլ կարծիք ունի։
«Սևանա լճում առաջին ջրային բախումն է եղել պարեկների ու ձկնագող խմբերի միջև: Կազմակերպված-դիմակավորված խմբեր նախ ցամաքում և ապա ջրում հարձակվել են պարեկների վրա, որ պաշտպանեն ձվադրման շրջանում ձուկ որսելու իրենց «իրավունքը»: Բանն այն է, որ ի տարբերություն ցամաքի, ջրում, նախքան պարեկային ծառայությունը, իրավապահ մարմին ընդհանրապես չի եղել: Ջրային պարեկայինի վաշտի ներդրումից առաջ ջրային ոստիկանությունը ուներ ընդհամենը 3 ծառայող և լճում համատարած ապօրինություն էր», – գրում է Իոաննիսյանը։
Ջրային պարեկության ներդրումից հետո ոստիկանները, ըստ նրա, ծառայում են ամբողջ լճում՝ 24 ժամ, տարին 12 ամիս և բավարար քանակով։
Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը սիգի որսն արգելված է։ Իոաննիսյանը համարում է, որ արգելքը պաշտպանում է «լճի ֆաունան»։ Նորատուսցի ձկնորսներին նա բնութագրում է որպես «ձկնագողերի» «կրիմինալ խմբեր»։
բախումնե՞ր եք ուզում
Նորատուսցիների համար ձկնորսությունը օրվա հացի հարց է՝ եկամուտի այլ աղբյուրներ չկան։ Գյուղացիներն ասում են՝ 30-ականներից մեր գյուղը այս գործն է անում, հիմա ի՞նչ է պատահել, իրենք մեր ձուկը մեզնից շա՞տ են սկսել սիրել։
— Եթե արգելում են ձուկ որսալ, ուրեմն թող գան կարճ ու կոնկրետ ասեն՝ նորատուսցիք, դուք սոված մնացեք։
— Այո, սիգը մի պահ պակասել էր, որովհետեւ խեցգետինը շատ էր, իկռան չէր կարողանում ամեն տեղ թողնել: Սիգի քանակը նորից բնական ձևով վերականգնվել է, այսօր լիքը սիգ կա: Ես ձկնորս եմ։ Երբ հարցնում ես՝ բա ինչո՞վ զբաղվեմ, ասում են՝ Երևանում բանվորի գործ կա, 8-10 հազար դրամով գնա բորդյուր շարի: Եթե ես էստեղից ամեն օր գնամ Երևան ու հետ գամ, մի հատ էլ պեռաշկի ուտեմ՝ 5 հազար ինձ կամ մնա, կամ չի մնա: Տնեցիք էլ սոված կմնան: Իսկ ձկնորսությամբ կարող է օրական 10-20-25 հազար դրամ աշխատել։
— Իրենք չեն թողնում, որ մենք հանգիստ ապրենք։ Մեր հացը իրենք կտրում են։ Թող իրենց բերետավորներին առնեն, գնան այստեղից, մեր երեխեքին էլ բաց թողնեն։
— Մեր սաղ մարզը էս լճով ա գոյատևում։ Ի՞նչ պետք ա անեն։
— Մենք հո ճոխ չենք ապրում։ Սա հացի խնդիր է։ Ընդամենը հացի խնդիր։ Ստեղ ոչ քաղաքական է, ոչ եսիմ ինչ։
— Իրենք ուզում են էս գործն իրենց ձեռքը վերցնեն։ Արգելում են մեզ ձուկ որսալ, որ իրանց բռնածը ծախեն։
Արդեն մի քանի օր է՝ գյուղում լարված վիճակ է։ Առջևում Նոր տարի է, ձկնորսները խնդրում են գոնե մինչև դեկտեմբերի վերջ որսը չարգելել։
«Ժողովրդիս կողքին կանգնած եմ։ Իրենց հարցերով զբաղվում են: Խնդիրը քննարկվելու է ազգային պարկում, բնապահպանության նախարարությունում, կառավարությունում և Ազգային ժողովում», – նորաստուսցիների հետ հանդիպման ժամանակ հավաստիացնում էր Գեղարքունիքի մարզից ընտրված՝ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
Հարցին՝ կարո՞ղ են շարունակել Սևանից ձուկ բռնել, պատգամավորը պատասխանում էր՝ ո՛չ․ «Մենք քվոտաներ ենք սահմանել, ձկնորսներին քվոտաներ ենք տվել»։
Սիգի որսի արգելքը ուժի մեջ է։ Կառավարության այսօրվա որոշմամբ հունվարի 2-ից 6 ամիս ժամկետով արգելվել է նաև Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը։