Home / Ոստիկանություն / Փաշինյանը զոհեց ոստիկանական բարեփոխումները

Փաշինյանը զոհեց ոստիկանական բարեփոխումները

Ոստիկանապետի պաշտոնակատար Վահե Ղազարյանը նշանակվել է նորաստեղծ Ներքին գործերի նախարարության ղեկավար։ Որպես նախարար, նա այսուհետ համակարգելու է միաժամանակ ոստիկանության, փրկարար, միգրացիոն և քաղաքացիության ծառայությունների աշխատանքը, զբաղվելու դրանց քաղաքականության մշակմամբ։

48-ամյա Ղազարյանը կադրային ոստիկան է։ 2020 թվականին նշանակվել է ոստիկանապետ, մինչև 2018 թվականը զբաղեցրել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնը։ Իջևանցի է։

Քաղհասարակության ներկայացուցիչները ավելի վաղ ահազանգել էին՝ ՆԳՆ նախարարի պաշտոնում պետք է նշանակվի քաղաքացիական անձ և ոչ թե ոստիկանության ներկա կամ նախկին ծառայող։ Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, ով ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ է, պնդում էր, որ ոստիկանական համակարգը ի սկզբանե դիմադրել է բոլոր բարեփոխումներին և այդ դիմադրության «դրոշակակիրը» հենց Ղազարյանն է եղել։

«Շնորհավորենք ռեֆորմի դիմադրության դրոշակակիրներին։ ․․․[Այսօրվա նշանակումներով] Նիկոլ Փաշինյանը տապալեց իր իսկ նախաձեռնած ոստիկանական բարեփոխումները, ապահովեց ձեռք բերված հաջողությունների ետնագլորը և ոստիկանական վատ ավանդույթների էքսպանսիան փրկարար ծառայությունում։

Նիկոլ Փաշինյանը խասյաթ ունի լավ պրոցես սկելու ու այն տապալելու։ Այդպես նա հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանի նմաններին նշանակեց պաշտոնների ու սկսեց այրել հեղափոխության ալիքը։ ․․․Փաշինյանը մի կողմից հեռու չէ ախպերավարի վիճակներին տեղի տալուց, և բազմաթիվ կոռուպցիոներներ կարողանում են շահել իր սիրտը (ու ստանալ իշխանություն)։ Մյուս կողմից՝ նա ուզում է, որ այս տուրբուլենտ վիճակներում ոստիկանները իրենց շատ կոմֆորտ զգան և անվերապահ աջակցեն իրեն, ու դրա համար զոհում է բարեփոխումը։

Հասարակական կազմակերպություններս, բնականաբար, այլևս դադարեցնում ենք մեր աշխատանքը ռեֆորմի վրա, քանի որ ռեֆորմի դիմադրության դրոշակակիրների հետ ծիծաղելի է ռեֆորմից խոսելը։ Մանրամասները կհայտարարենք շուտով», – գրել է Իոաննիսյանը։

Ավելի վաղ նա պատմել էր՝ նույնիսկ դեպքեր են եղել, երբ նորաստեղծ պարեկային ծառայության աշխատողները կանգնեցրել են, օրինակ, մի բարձրաստիճան պաշտոնյայի, և այդ պարեկներին Վահե Ղազարյանը հեռացրել է աշխատանքից․ որոշակի միջամտության արդյունքում միայն այդ պրոցեսը դադարել է:

Ըստ իրավապաշտպանի, այսօրվա ոստիկանությունը չի կարողանում հանցագործություններն այնպես բացահայտել, որ դրանք հասնեն դատարան։ Այս իրավիճակը փոխելու համար արմատական փոփոխություններ են պետք, ինչին ոստիկանապետ Ղազարյանը պարզապես դեմ է։ 

Հասարակական կազմակերպությունների զգալի մասը, այդ թվում՝ Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը», սատարում էին Ներքին գործերի նախարարության ստեղծմանը՝ պնդելով, որ ոլորտի քաղաքականությունը մշակող նախարարը պետք է քաղաքական պաշտոնյա լինի, իսկ ոստիկանության հրամանատարը՝ կադրային ոստիկան։ Այսինքն՝  քաղաքականություն մշակողի և իրականացնողի գործառույթները պետք է տարանջատվեն՝ ի տարբերություն 90-ականների ՆԳՆ-ի, երբ նախարարը փաստացի ոստիկանապետն էր նաև։

Այս առաջարկը, ըստ էության, չի իրականացվել։

Այսօր ՆԳՆ նախարարից բացի՝ 4 փոխնախարարներ են նշանակվել նաև։ 


ձախից՝ աջ․ Արամ Հովհաննսիյան, Վահե Ղազարյան, Հայկ Բաբայան, Կամո Ցուցուլյան

Ոստիկաններ Հովհաննիսյանն ու Ցուցուլյանը

Նախկին առաջին փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը դարձել է ոստիկանապետ-ՆԳՆ փոխնախարար, իսկ նախկին փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը՝ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳՆ փոխնախարար։

56-ամյա Հովհաննիսյանը 90-ականներից ոստիկան է։ Կարիերան սկսել է որպես միլիցիոներ, շարունակել՝ որպես օպերլիազոր։ 2000-ականներին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Արտաշատի բաժնի պետ է եղել։ 2016-ից 2018-ը ղեկավարել է Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժինը։ Հեղափոխությունից հետո կարիերային աճ է գրանցել։ 2020-ին՝ Վահե Ղազարյանի օրոք, դարձել է փոխոստիկանապետ։

49-ամյա Կամո Ցուցուլյանը նախկին զինվորական է։ 2009 թվականին ավարտել է Ոստիկանության ակադեմիան և դարձել ոստիկան։ Ինչպես և Վահե Ղազարյանը՝ իջևանցի է։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում։ 2020-ից 2021-ը ղեկավարել է ոստիկանության Արարատի մարզային վարչությունը, իսկ հետո՝ դարձել ոստիկանապետ Վահե Ղազարյանի տեղակալ։

Իրավաբան Արփինե Սարգսյան

Ներքին գործերի փոխնախարար է նշանակվել նաև արդարադատության արդեն նախկին փոխնախարար Արփինե Սարգսյանը։

28-ամյա Սարգսյանը 2015 թվականից աշխատում է Արդադատության նախարարությունում։ Մինչև 2019 թվականը՝ որպես փորձագետ, վերապատրաստող, ավագ մասնագետ և այլն։ 2017-ից ներգրավված է քրեակատարողական նոր օրենսգիրք մշակող խմբում։

2019-ին դարձել է քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի, այուհետև՝ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ։ 2020-ից գլխավորել է քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչությունը։ 

Մենեջեր Համբարյան

ՆԳՆ փոխնախարար է դարձել նաև Դավիթ Համբարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը։

42-ամյա Համբարյանը 2000-ականներին աշխատել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, 2008-ից հետո՝ «Հայփոստում» և «Օրանժ Արմենիայում», այուհետև՝ «Յուքոմում»։ Ղեկավարել է «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների միավորման գործընթացը։ 2017-2020 թվականները զբաղեցրել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ընտրության գծով տնօրենի պաշտոնը:

Պետական աշխատանքի է վերադարձել 2020 թվականին։ Մինչև 2022-ն աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, այնուհետև՝ տեղափոխվել ԱԻՆ։

(վերագիրը փոխվել է․ հրապարակումն ի սկզբանե վերնագրված էր «Ներքին գործերի նախարարությունը թողեցին միլիցեքին»)