Home / Բնապահպանություն / Հայ քահանան ոչնչացնում է վերացող կենդանիներին, քանի որ «միշտ թույլն է մեղավոր»

Հայ քահանան ոչնչացնում է վերացող կենդանիներին, քանի որ «միշտ թույլն է մեղավոր»

Հաճույքի համար կենդանիներին, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված, ոչնչացնող հերթական բացահայտված անձը հոգևորական է: Համապատասխան վկայությունները ներկայացնում է econews.am բնապահպանական կայքը, ըստ որի, լուսանկարներում պատկերվածը Տեր Ղևոնդ քահանա (Արարատ) Գափոյանն է՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը:

Քահանա Գափոյանը լուսանկարվում է իր զոհերի դիերի հետ, և լուսանկարները մեկնաբանում է սոցցանցերում.

–  սպանված կենդանու արյունոտ դին գլխավերևում նկարի տակ. «դե հիմա ստացվում ա»,
սպանված թռչյունը ձեռքին նկարի տակ. «իհարկե կաքավ է, իսկ վախենալու, Գոքոր ջան, ես չունեմ»,

– աղվեսի դին պատկերող լուսանկարը. «ես չէի ուզում՝ ինքը խնդրեց»,

– հերթականան սպանված թռչնի հետ նկարվելիս. «կյանքն է ստիպում՝ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր»,

– սպանված աղվեսին ականջներից բռնած. «ես չէի ուզում՝ ուղղակի ստացվեց» և «բռնել եմ, որ չփախնի, ինչ արած» և այլն:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը նշել է, որ սպանված թռչունները մկնաճուռակների տարատեսակներ են: Նախնական տվյալներով, առաջին լուսանկարում տափաստանային մկնաճուռակ է, իսկ մյուսում՝ մարգագետնային մկնաճուռակ: Երկու տեսակներն էլ ընդգրկված են Հայաստանի կարմիր գրքում, ինչպես նաև միջազգային IUCN Կարմիր ցուցակում: Մարգագետնային մկնաճուռակը Հայաստանում բնադրում է միայն ծայր հյուսիս-արևմուտքում, չուի ժամանակ հանդիպում է հանրապետության համարյա ամբողջ տարածքում: Հայկական պոպուլյացիայի հիմնական մասը բնադրում է «Արփի լիճ» ազգային պարկում: Նախնական գնահատմամբ՝ հանրապետությունում այն կազմում է 5-10 բնադրող զույգեր:

Տափաստանային մկնաճուռակը հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է: Նկատվել է Աբովյանի, Արտաշատի, Սևանի և այլ շրջաններում, առավելապես, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում: Տափաստանային մկնաճուռակը դասվում է Հայաստանի բնադրող չվող տեսակների թվին: Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Լուսանկարների մեծ մասը հրապարակվել են 2011-2012թթ.-ին և մի մասն էլ արվել են ոչ Հայաստանում: