հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / ՀՀԿ֊ական գյուղապետը սիրում է լուսանկարվել սպանված վերացող կենդանիների հետ

ՀՀԿ֊ական գյուղապետը սիրում է լուսանկարվել սպանված վերացող կենդանիների հետ

Շենավանի ՀՀԿ֊ական գյուղապետը պնդում է, որ պատահական է տեսել և լուսանկարվել սպանված անգղների հետ, մինչդեռ սոցցանցի նրա էջում բազմաթիվ են սպանված կենդանիների լուսանկարները։

Հոկտեմբերի 4-ին econews.am֊ը լուսնակարներ է հրապարակել, որոնցում երեք տղամարդիկ են պատկերված՝ ձեռքներին սպիտակագլուխ անգղերի դիեր։ Կայքը նշում է, որ այդ լուսանկարները հանցագործության մասին ապացույցներ են, քանի որ անգղերը վերացող տեսակ են, գրանցված են Կարմիր գրքում։

Բնապահպան ակտիվիստները երեկ երեկոյան բավահայտել են տղամարդկանցից մեկի ինքնությունը։ Նա Արմավիր մարզի Շենավան համայնքի ՀՀԿ֊ական գյուղապետ Արթուր Մկրտչյանն է։ Նկարները վերցված են Odnoklassniki.ru կայքի Մկրտչյանի էջից։ Hetq.am֊ի հետ զրույցում գյուղապետը հերքել է, որ իրենք են որսացել կենդանիներին։ Նա ասել է, որ ճանապարհին տեսել են խփված կենդանիներին և որոշել են որպես հուշ նկարվել։

Մկրտչյանի սոցիալական ցանցի էջում տասնյակ սպանված կենդանիների նկարներ կան, այդ թվում փասիան և արոս, երկուսն էլ կարմիր գրքային կենդանիներ։ Փաստորեն, կարելի է ենթադրել, որ նա հաճախ է անցնում սպանված վերացող կենդանիների կողքով։ Ոստիկանությունից Epress.am-ին ասել են, որ դեպքի առնչությամբ մանրամասներ չեն կարող տրամադրել՝ «քննություն է գնում»։

Գյուղապետը, այնուամենայնիվ, երեկոյան ջնջել է որսի մասին վկայող նկարները, իսկ որոշ օգտատերեր սպառնալիքներ են գրել բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանին, որը իր էջում պահանջել է համապատասխան մարմիններից զբաղվել հրապարակած լուսանկարների հարցով։

«Իբր շատ գիտեիք, որ տենց թռչուն կա, ռադ եղեք ձեր գործերին, կարող ա ոդերդ ջարդեմ, այ հայվան, էդ քոմենթներդ արագ ջնջի», ֊ մասնավորապես, գրել է Խաչատրյանին անհայտ մի օգտատեր։

Նշենք, որ հանրապետական գյուղապետը 2013-ին դատարանի առաջ է կանգնել։ Նա մեղավոր է ճանաչվել իր համայնքի բնակիչներից պաշտոնական դիրքի չարաշահմամբ գումար յուրացնելու մեջ։ Մասնավորապես, Շենավանի բնակիչներ Արթուր և Վարազդատ Եղիազարյաններին որպես անապահով ընտանիք համայնքի բյուջեից հատկացված 500.000 դրամ սոցօգնության գումարից նա տվել է միայն 300 հազարը, իսկ մնացած 200 հազար դրամով պարտավորվել է կատարել հողի հարկի դիմաց նրանց ընտանիքի ունեցած պարտքի մարումը, սակայն գումարը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել, այլ յուրացրել է։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչիկ Սարգսյանի վճռով գյուղապետը տուգանվել է 800.000 դրամի չափով, սակայն չի զրկվել պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից։