Մեզնից շատերի համար ասել ճշմարտությունը նշանակում է անել հայտարարություն, որը համապատասխանում է փաստերին։ Երբ ես ասում եմ՝ «ես հիմա սբ. Հեղինե կղզում եմ, նայում եմ Նապոլեոնի նստավայրին», դա ճիշտ է, եթե ես հիմա իրոք այնտեղ եմ և նայում եմ Նապոլեոնի նստավայրին։ Այսպես կոչված պոստմոդեռնիստներն այլ կերպ են ընկալում։ Նրանք ճշմարտությունը վերածում են տրամասական «ճշտի էֆեկտի»։ Օրինակ, Միշել Ֆուկոյի «ճշմարտությունը» կարող է ամփոփվել պնդման մեջ, որ ճշմարիտն ու կեղծը մեր հայտարարությունների ուղիղ հատկանիշները չեն. տարբեր պատմական պայմաններում տարբեր դիսկուրսներ արտադրում են յուրաքանչյուրն իր սպեցիֆիկ ճշտի էֆեկտը, այսինքն՝ առաջադրում են իրենց չափանիշները, թե ինչն է արժևորվում որպես «ճշմարիտ»։ «Խնդիրը ոչ թե գիտականության կամ ճշմարտության, կամ ինչ-որ այլ կարգին դասվող դիսկուրսների միջև գիծ գծելն է, այլ՝ պատմականորեն տեսնելը, թե ինչպես են ճշմարտության էֆեկտները արտադրվում դիսկուրսների ներսում, որոնք ոչ ճշմարիտ են, ոչ էլ կեղծ», – գրում է նա։
Գիտությունը ճշմարտությունը յուրովի է սահմանում. պնդման (որը պետք է ձևակերպված լինի հստակ, միանշանակ և նախընտրելի է՝ ֆորմալիզացված եզրերով) ճշմարտացիությունը հաստատվում է փորձարարական պրոցեդուրաներով, որոնք կարող է կրկնել յուրաքանչյուրը։ Կրոնական դիսկուրսում այլ կերպ է. «ճիշտը» հաստատվում է բարդ հռետորական ուղիներով, որոնք վերին ուժի կողմից բարեհոգաբար վերահսկվող իմաստալից աշխարհում ապրելու փորձառություն են գեներացնում։
Կա՞ երրորդ ուղի՝ ընդունված տեսանկյան և պոստմոդեռն պատմաբանական ռելատիվիզմի միջև։
Հոգեվերլուծությունը տալիս է մեկը։ Ամբողջությամբ ընդունելով փաստային ճշմարտության կարևորությունը (կամ, այս դեպքում, ոչ թե ֆիզիկական փաստը, այլ դրա մեկնաբանությունը, որը բացատրում է այցելուի ախտանշանները), հոգեվերլուծաբանը պետք է այն այցելուին ասի ճիշտ պահին, երբ (հիմնվելով իր անալիտիկ փորձի վրա) համոզված է, որ իր հայտարարությունը խորապես կազդի այցելուի սուբյեկտայնության վրա՝ նրան հրելով դեպի իր սուբյեկայնության և իղձերի ճնշված ճշմարտություններ։
Եթե հոգեվերլուծաբանը սա ասի ավելի շուտ, այցելուն այն բաց կթողնի որպես անպատեհ մի բան։ Որպեսզի ճշմարտությունն ազդեցություն թողնի նրա վրա, ում ասվում է, կապ ունի, թե երբ է այն ասվում, և սա ակնհայտորեն տեղին է նաև քաղաքական հայտարարությունների դեպքում, հատկապես՝ Գազայում ընթացող պատերազմի վերաբերյալ։
2023-ի հոկտեմբերի 7-ից կարճ ժամանակ անց մեզ ռմբակոծում էին Համասի հարձակման հետևանքով այրված հրեաների մարմինների լուսանկարներով։ Մոտ մեկ ամիս անց Մարկ Ռեգևը՝ Նեթանյահուի ավագ խորհրդականներից մեկը, ընդունեց, որ մարմինները, որոնք ցուցադրվել էին, իրականում Համասի հարձակվողների մարմիններն էին՝ այրված Իսրայելի պաշտպանական ուժերի կողմից. «Մենք սխալվել ենք։ Այդ մարմիններն այնքան էին այրված, որ մենք մտածել էինք, թե մերոնք են։ Ըստ երևույթին՝ դրանք Համասի ահաբեկիչներն էին»։
Նմանատիպ մի դեպք էլ կար. Իսրայելը ստիպված էր ընդունել, որ գլխատված երեխաների լուսանկարներ իրականում գոյություն չունեն։ Մինչ Իսրայելը գովաբանվում է իր սխալներն ընդունելու համար, կասկածը մնում է։ Ի սկզբանե, երբ հանրայնացվել էին այս երկու «փաստերը», դրանք շրջանառվում էին աշխարհով մեկ․ բոլոր մեծ մեդիաներն անդրադարձել են դրանց։ Իսկ երբ սխալն ընդունվեց, այն շատ ավելի քիչ ուշադրություն գրավեց, և այրված մարմինների ու գլխատված երեխաների մասին խոսակցությունները շարունակում էին շրջանառվել։
Կարճ ասած, Իսրայելը ստեց այն պահին, երբ դա մեծ համաշխարհային ազդեցություն ունեցավ, և ասաց ճշմարտությունը, երբ պարզ էր, որ այն կընդունվի որպես փոքրիկ շտկում առանց մեծ ազդեցության։
Նման մի բան էլ ինձ հետ է պատահել 2023 թվականի հոկտեմբերի 17֊ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ժամանակ իմ ելույթի հարուցած «սկանդալից» հետո, երբ ես ուշադրություն հրավիրեցի պաղեստինյան տառապանքների երկար պատմության վրա։ Շատ գերմանացիներ, որոնք հանրայնորեն հարձակվեցին վրաս իմ դիրքորոշման համար, ավելի ուշ առանձին մոտեցան՝ ասելու, որ համաձայն են ինձ հետ, բայց որ հիմա պահը չէ այդ մասին հանրային խոսելու համար։ Նրանց գործողության իմ մեկնաբանությունը հետևյալն է. այո, հիմա պահը չէ այդ մասին հանրային խոսելու համար, որովհետև դա կարող է իրական ազդեցություն ունենալ, մեզ թույլատրելի կլինի ասել դա, երբ այդ խոսքն այլևս ոչինչ չնշանակի։
Ազատությունը՝ ասելու խնդրահարույց բաներ, մեզ տրվում է այն ժամանակ, երբ դա այլևս կարևոր չէ. երբ ասածիդ ազդեցությունը զրոյական է, և այն ոչ մի տարբերություն չի ստեղծում, դու ազատ ես խոսել։
Շին-Բետի նախկին առաջնորդ Ամի Այալոնը 2023-ի հունվարի 14֊ին ասել է. «Մենք՝ իսրայելցիներս, անվտանգություն կունենանք միայն այն ժամանակ, երբ նրանք՝ պաղեստինցիները, ունենան հույս։ Սա է հավասարումը»։ Իսրայելը չի ունենալու անվտանգություն, քանի դեռ պաղեստինցիները պետություն չունեն, և Իսրայելի իշխանությունները պետք է ազատ արձակեն Մարվան Բաղրութիին՝ երկրորդ ինթիֆադայի բանտարկված առաջնորդին՝ դրա շուրջ բանակցություններ վարելու համար։ «Նայեք պաղեստինյան հարցումներին», – ասում է Այալոնը։ «Նա միակ առաջնորդն է, որը կարող է առաջնորդել պաղեստինցիներին դեպի պետություն Իսրայելի կողքին։ Նախ, քանի որ նա հավատում է երկու պետությունների կոնցեպտին, հետո՝ քանի որ նա շահել է իր լեգիտիմությունը մեր բանտերում նստելով»։
Բարղութին, ով ավելի քան 20 տարի ազատազրկված էր, միլիոնների կողմից ընկալվում է որպես պաղեստինական Մանդելա։ Պաշտոնաթող ճշտախոսների խնդիրն այն է, որ նրանք դա ասում են պաշտոնը թողնելուց հետո։ Նրանք ազատ են ասել դա, քանի որ նրանց խոսքերը զուտ փոքրիկ փուչիկ կստեղծեն՝ առանց լուրջ հետևանքների։ Իսրայելցի ընկերս մի դեպք էր պատմում. մեկը, ով ասում էր դառը ճշմարտությունը պաշտոնաթողությունից հետո, երբ հետ կանչվեց ծառայության, անում էր լրիվ նույն բաները, ինչ քննադատում էր պաշտոնաթող ժամանակներում։
Ճշմարտության հետ նման մանիպուլյացիաներից է Իրսայելի կողմից հաճախ կիրառվող պրոցեդուրան։ Ինչ-որ պահից պաշտոնատար խոսնակները սկսել էին բացեիբաց ընդունել, որ երկար ժամանակ ծրագրում էին դա, բայց և ժխտում էին, որ դա՛ էր նպատակը։ 2024-ի հունվարի 18-ին Նեթանյահուն մերժեց Պաղեստին պետության նախագիծը և խոստացավ՝ Իսրայելը գրավելու է ամբողջ ռեգիոնը, որն այն ներկայումս զբաղեցնում է՝ «գետից մինչև ծով»։
«Գետից մինչև ծով» արտահայտության կիրառումը վերջին երեք ամիսներին հատուկ ուշադրության տակ է հայտնվել։ Երբ պաղեստինցիները կամ ձախերից մեկը օգտագործում էր այդ արտահայտությունը՝ պահանջելով ազատ Պաղեստին, օրինակ՝ «Գետից մինչև ծով՝ Պաղեստինը կլինի ազատ» (From the river to the sea, Palestine will be free) կարգախոսում, աջերն անազնվորեն առարկում էին, թե դա կոչ է Իսրայելի բոլոր հրեաների մահվան։ Այդ նույն արտահայտությունը, որը մինչ այժմ դատապարտվում էր որպես ցեղասպանական, հիմա օգտագործվում է Նեթանյահուի կողմից։ Մոտ մեկ ամիս առաջ ես գրել էի, թե ինչպես է «գետից մինչև ծով»-ը դե ֆակտո յուրացվում Իսրայելի կողմից։ Ես սա հիշատակել էի որպես մեղադրանք նրա, ինչ Իսրայելն արդեն անում է և ծրագրում է անել, բայց հանրայինորեն երբեք չի ընդունի։ Իսկ հիմա այդ արտահայտությունն օգտագործվում է անձամբ Իսրայելի վարչապետի կողմից՝ հանրային լկտիության պարզ օրինակ մեր քաղաքական դիսկուրսում։
Ճշմարտության ու հորինվածքի այս դիալեկտիկային վերջին շտրիխ ավելացնելու համար՝ կան նաև պահեր, երբ սուտը խարխլելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե ճշմարտությունն ուղղակիորեն հայտարարելն է, այլ սուտն ընդունելը և այն ներսից խարխլելը՝ դուրս բերելով դրա հետևանքները։ Ի պատասխան ում է պատկանում Արևմտյան ափը հարցին՝ շատ հրեաներ (և պետք է գլխում պահել այն, որ հրեաներն աշխարհի ամենաաթեիստ ժողովուրդներից են) դիմում են ֆետիշիստական ժխտմանը. «Ես լավ գիտեմ, որ Աստված գոյություն չունի, բայց միևնույն է հավատում եմ, որ նա մեզ է նվիրել Իսրայել երկիրը»։
Ճիշտ աթեիստական պատասխանը այս պնդման ուղիղ աթեիստական մերժումը չէ (եթե աստված չկա, նա չի կարող քեզ ինչ-որ բան նվիրել)։ Շատ ավելի արդյունավետ է ընդունել (սխալ) նախադրյալը և խարխլել այն ներսից։ Օքեյ, Հին Կտակարանում ասվում է, որ Աստված ձեզ է տվել Իսրայել երկիրը, բայց կոնկրետ ինչպե՞ս է նա դա արել։ իսրայելցիներին նա հրամայել է սրբել ողջ Ամաղեկ ժողովրդին, որն ապրում էր այդտեղ՝ կանայք և երեխաները ներառյալ։
Երբ 2024-ի հունվարին Նեթանյահուն անդրադարձավ Գազայի հատվածում պաշարված պաղեստինցիներին, նա վկայակոչեց ամաղեկներին՝ եբրայերեն Աստվածաշնչում հիշատակված այն ազգին, որին իսրայելացիներին հրամայված էր բնաջնջել վրեժխնդրության համար։ «Դուք պետք է հիշեք, թե ինչ են արել ամաղեկները ձեզ հետ», – ասել է նա Գազա ցամաքային ներխուժման մեկնարկն ազդարարող ելույթում՝ հավելելով, որ իսրայելցի զինվորները մասն են 3,000-ամյա ժառանգության։ Ցեղասպանություն՝ արդարացված կրոնական ֆունդամենտալիզմով։ Այս ցեղասպան մտածողությունը հասավ իր ամենաստոր կետին, երբ որոշ գենետիկներ պնդեցին, որ պաղեստինցիները ամաղեկների հետնորդներն են, և որոշ հնագետներ պնդեցին, որ կա ապացույց, որ ամաղեկները հիրավի դաժան ժողովուրդ էին, զոհաբերում և տանջում էին երեխաներին:
Աստված պահի մեզ այն գիտնականներից, որ փնտրում են ճշմարտությունը՝ սուտն արդարացնելու համար։
բնօրինակն անգլերենով՝ այստեղ