Մինչ Կրեմլի քարոզիչները և Արևմուտքի ռուսամետ ալտ-աջերն իրենց որպես ավանդական քրիստոնեական արժեքների մարմնացում են ներկայացնում, նրանց խոսքերն ու արարքները խրախուսում են ցեղասպանություն և փառաբանում սեռական բռնություն։ Ընդունելով լկտին՝ նրանք գրավիչ փաթեթ են առաջարկում ամեն տեսակի շովինիստների համար։
Հյուսիսային Կոսովոյում վերջին ճգնաժամը սկսվեց և արագ մարեց, որովհետև էսկալացիա ոչ ոք չէր ուզում։ Բայց քանի դեռ Ռուսաստանը մանևրում է Բալկանյան ստվերներում՝ բորբոքելու համար դրան հանգեցրած լարվածությունը, այն կվերադառնա։ Ճգնաժամի աշխարհիկ ծագումը ցույց է տալիս, թե ինչ հեշտությամբ կարող է կայծը վերածվել հրդեհի։
Կոսովոյի կառավարությունը ազդարարել էր մի փոփոխության մասին, որով հյուսիսային Կոսովոյում ապրող սերբերը պարտավորվում են սերբական պետհամարանիշները փոխարինել տեղականով։ Սերբերը ցույցեր բեմադրեցին (հրաձգությունների մասին հաղորդումներով) և շրջափակեցին ճանապարհները երկու սահմանային անցակետերում՝ ստիպելով Կոսովոյի իշխանություններին մեկ ամսով հետաձգել փոփոխությունը մինչ իրենք կքննարկեն հետագա քայլերը։
Սերբիան կոսովյան պետհամարանիշներ ունեցողների համար վաղուց էր նման օրենք ընդունել, Կոսովոն պարզապես փորձում էր կիրառել նույն ստանդարտը։ Խնդիրն այն է, իհարկե, որ չնայած Միացյալ Նահանգների և շուրջ 100 այլ երկրների ճանաչմանը, Սերբիան չի ճանաչում Կոսովոն իբրև անկախ պետություն։
Սա կլիներ զուտ տեղական մի պատմություն, եթե ընդգրկված չլիներ գեոպոլիտիկ այն դինամիկայի մեջ, որ առաջացել է Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի պատճառով։ Վկայակոչելով Ուկրաինա ներխուժման ռուսական հիմնավորումը՝ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության պատգամավոր Վլադիմիր Ջուկանովիչը վերջերս մտորում էր․ «Սերբիան կարող է ստիպված լինել ներգրավվել Բալկանների «դենացիֆիկացիայի» մեջ»։ Անգամ «ստիպված լինել ներգրավվել» արտահայտությունն է ձայնակցում Կրեմլի անհեթեթ գծին, թե ՆԱՏՕ-ի ագրեսիան է ստիպում ներխուժել Ուկրաինա։
Ավելին՝ Ջուկանովիչի հղումը «Բալկաններին» հենվում է նույն տրամաբանությանը, ինչ Ռուսաստանի գիծը, ըստ որի ողջ Եվրոպան, խրված այլասերվածության ինքնակործան հորձանուտում (ԼԳԲՏՔ+, նույնասեռ ամուսնություններ, ոչ հստակ գենդերային տարբերակումներ և այլն), ի վերջո պետք է «դենացիֆիկացվի»։ Ինչպես բացատրում է Ալեքսանդր Դուգինը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պալատական փիլիսոփան, «մենք պայքարում ենք բացարձակ չարի դեմ՝ մարմնավորված Արևմտյան քաղաքակրթության, նրա լիբերալ-ամբողջատիրական հեգեմոնիայի, ուկրաինական նացիզմի մեջ․․․»։
Այս նոր պահպանողականությունը համահարթեցնում է Նացիզմը, Կոմունիզմը և woke հեդոնիզմը։ Հակադրությունների նման զուգակցումը չափից դուրս է նույնիսկ խիստ Հեգելականի համար։ Այն բացահայտում է ոչ միայն Կրեմլի պրոպագանդիստների, այլև ամերիկյան և եվրոպական ռուսամետ ալտ-աջերի ճչացող անհամապատասխանությունը․ նրանք պնդում են, թե մարմնավորում են ավանդական քրիստոնեական արժեքներ, անգամ, երբ նրանց խոսքերն ու արարքները խրախուսում են ցեղասպանություն և փառաբանում սեռական բռնություն։
Որպես մշակութային այս պատերազմի առաջատար խաղացող, Կրեմլը իր պրոքսիների միջոցով գործում է ոչ միայն Կոսովոյում, այլև Բոսնիայում, որին նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված։ Ցավոք, արևմտյան ձախերն ու պացիֆիստները ընտրել են ուղղակի անտեսել պուտինյան «դենացիֆիկացիայի» աշխարհաքաղաքական ծավալները։ Ինչպես վերջերս բողոքում էր Ջերեմի Քորբինը՝ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավարը, «[Ուկրաինան] զենքով լցնելը որևէ լուծում չի տալու՝ ընդամենը երկարացնելու և ուռճացնելու է այս պատերազմը։ Մենք կարող ենք տարիներով պատերազմի մեջ լինել Ուկրաինայում»։
Այս դիրքորոշմամբ ենթադրվում է, որ արևմտյան կառավարությունները Ռուսաստանին պարզապես պետք է թույլ տան գրավել Ուկրաինան։ Տարօրինակ այս «պացիֆիզմը» ճնշում է գործադրում տուժողի (որը չպետք է չափից դուրս եռանդով պաշտպանվի) և նրա աջակիցների (որոնք չպետք է չափից շատ օգնեն ագրեսորի թիրախին), այլ ոչ՝ հարձակվողի վրա։
Արևմտյան «պացիֆիստները» պնդում են, որ հարկավոր է «ապադիվականացնել» Պուտինին. վաղ թե ուշ բանակցություններ են լինելու, ուստի մենք պետք է նրան ապագա գործընկերոջ պես վերաբերվենք։ Իրականում մենք պետք է անենք ճիշտ հակառակը․ Ուկրաինայի վրա հարձակումը ստիպում է մեզ կրկին դիվականացնել Պուտինին՝ ոչ թե անհատապես, այլ որպես վտանգավոր աշխարհաքաղաքական և գաղափարական ծրագրի էքսպոնենտ։
Վկայությունները, որ Ռուսաստանը վերածվում է արևմտյան ժողովրդավարությունների մերօրյա բնակիչներին արմատապես օտար, բայց Եվրոպայի պատմությունը ուսանողներին չափազանց ծանոթ մի բանի, գնալով շատանում են։ Օրինակ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության վերջին առաջարկը՝ փոխարինել «նախագահ» բառը «պրավիտել» («տիրակալ») բառով։ «Նախագահ»-ը, ըստ կուսակցության, «միշտ ամաչացրել է մեզ», քանի որ առաջին անգամ օգտագործվել է Միացյալ Նահանգներում՝ ամբողջ աշխարհում տարածվելով «շատ ավելի ուշ»։
Թեև նոր աջերի գլխավոր գաղափարաբանական թիրախը Արևմտյան «այլասերվածությունն» է, ուժեղ տղու իշխանության նկատմամբ նրանց հիացմունքը պատված է լկտիությամբ։ Վերջերս Արիզոնայի նահանգապետի հանրապետական թեկնածու Կարի Լեյքը նախընտրական քարոզարշավի ելույթում հայտարարեց, թե իր կուսակիցները՝ հանրապետականներ Դոնալդ Թրամփն ու Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը, ունեն «big dick energy» («մեծ պուպուլի էներգիա»):
Սա նոր աջականության կողմից Քրիստոնեության պաշտպանության ոչ թե պայմանական, այլ պարտադիր բնութագրիչն է։ Բավականաչափ հետևորդների հրապուրելու համար՝ դրա առաջնորդները պետք է ապահովեն լկտիության հավելյալ հաճույքը («հաճույքի մաքուր ավելցուկ՝ ստանդարտ բավարարվածության փոխարեն»)։ Գաղափարախոսությունը, որ թույլ է տալիս իր հետևորդներին գործել իրենց ամենավատ մղումներով, կարող է մոբիլիզացնել միլիոնավոր մարդկանց։
Վերցնենք մեկ այլ օրինակ․ Ուկրաինայում Ռուսաստանի «խաղապահ ռազմական միջամտությունը» նման չէ՞ արդյոք «իսկական բռնաբարությանը» («legitimate rape»), որ ԱՄՆ ներկայացուցիչ, իսկ այն ժամանակ Միզուրիից Սենատի հանրապետական թեկնածու Թոդ Աքինը սահմանեց 2012-ին։ Համաձայն Աքինի՝ աբորտը պետք է ուղղակիորեն արգելվի, որովհետև, եթե կինը ենթարկվի «իսկական բռնաբարության», նրա մարմինը մի ձև կիմանա ինչպես չհղիանալ։
Առերեսվելով այս դիտողության առաջացրած հանրային զայրույթին՝ Աքինը պնդեց, թե «սխալվել էր» և նկատի ուներ, որ կան «իսկական բռնաբարության դեպքեր», որոնց ոստիկանությունը հղվում է, «երբ հետաքննություն կամ նման մի բան է անում»։ Բայց նրա հիմնական ասելիքը մնաց նույնը․ եթե կինը հղիանում է բռնաբարությունից, երևի թե նա թաքուն ուզում էր, որովհետև հակառակ դեպքում նրա մարմնի «սթրեսային» արձագանքը կկանխարգելեր դա։
Հատկանշական է, որ Պուտինը նույն կերպ է դիմում Ուկրաինային։ Փետրվարի 7-ի մամուլի ասուլիսում նա ծաղրում էր Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ Ուկրաինայի կառավարության առարկությունները՝ հավելելով․ «Ուզես թե չուզես, պիտի դիմանաս, սիրունս»։ Այս տողի սեքսուալ ենթատեքստը լավ ծանոթ է ռուսներին ու ուկրաինացիներին սովետական «Կարմիր բորբոս» («Красная плесень») փանք ռոք խմբի «Գեղեցկուհին քնած է դագաղում» երգից․ «Դիցուհին դագաղում/ Մոտենում եմ, քունում/ Ուզի՝ մի ուզի/ Դիմացի գեղեցկուհի»։
Ենթադրությունն այն է, որ մի ամբողջ երկիր բռնաբարելը երբեմն արդարացված է։ Զոհն էր առիթը տվել։ Ինչպես բռնաբարության դեպքում, Նոր Աջականությանը մոտիվացնում է ոչ թե սերը, այլ գերիշխանությունը։
Սլավոյ Ժիժեկ
անգլերեն բնագիրը՝ project-syndicate.org-ում