Կադիրովի կարծիքով, անկարգություններ ճնշելիս, ուժայինները՝ մարդկանց չենթարկվելու պարագայում, պետք է երեք նախազգուշական կրակոց արձակեն, իսկ չորրորդը՝ ճակատին։ «Եթե մեզ մոտ գեթ մեկ մարդ դուրս գա չարտոնված անկարգությունների, բռնել և նստացնել դրան։ Կամ երեք նախազգուշական կրակոց արեք դեպի օդ ու դրանից հետո, եթե մարդը օրենքի պահանջը չի կատարում, չորրորդը ճակատին արեք։ Էլ դուրս չեն գա», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, չեչեներեն ասել է Կադիրովը։
Ըստ Դոժդ () հեռուստաալիքի, հակաիսրայելական պետական հռետորաբանության ազդեցությունն ի ցույց է դնում հատակամերձ հակասեմիտության շերտերը․ «Կովկասյան ռեգիոններում բորբոքվել ու արդեն անկառավարելի են դառնում հակասեմիտական տրամադրությունները, ակնհայտ է, որ ռեգիոնների ղեկավարները կենտրոնից հրահանգ են ստացել ժողովրդի սանձերը քաշել։ «Նացիզմի» դեմ կատաղի մարտնչող Վլադիմիր Պուտինին ու նրա շրջապատին վայել չէ սեփական տարածքում ջարդել թույլ տալը:
Եվ ահա, արդեն Դաղստանի ղեկավար Մելիկովը Ռուսաստանի օտարերկրյա թշնամիներին հակասեմիտության մեջ է մեղադրում՝ զսպվածության կոչ ուղղելով թշնամիների կողմից մոլորեցված քաղաքացիներին»։
Հակասեմիտական անկարգություններից մեկ օր անց Մախաչկալայում տեղի ունեցածը մեկնաբանեց ՌԴ նախագահը՝ մեղադրելով Ուկրաինային և Արևմուտքին։
Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի, արևմտյան երկրների ու սոցցանցերի վրա է բարդել Մախաչկալայում տեղի ունեցած հակասեմիտական ջարդի պատասխանատվությունը։
«Պետք է հասկանալ՝ որտեղ է չարիքի արմատը։ Որտեղ է սարդը, որը փորձում է սարդոստայնով խճճել ամբողջ աշխարհը»։
Նա ևս մեկ անգամ «ԱՄՆ-ին ու ԱՄՆ-ի արբանյակներին» մեղադրեց «աշխարհաքաղաքական տիկնիկավարներ», Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում և, որպես հետևանք, Մախաչկալայի անկարգությունների «հիմնական շահառուներ» լինելու մեջ՝ նշելով, որ դրանք «արյունոտ վարձավճար են ստանում»։
«Մախաչկալայում տեղի ունեցածը բորբոքվում էր այդ թվում սոցցանցերի միջոցով, ոչ վերջին հերթին՝ Ուկրաինայի տարածքից, արևմտյան հատուկ ծառայությունների ագենտուրայի ձեռքերով։ Պաղեստինին հնարավոր է օգնել միայն պայքարելով նրանց դեմ, ովքեր կանգնած են այս ողբերգության հետևում։ Մենք՝ Ռուսաստանը, պայքարում ենք դրանց դեմ ռազմական հատուկ օպերացիայի շրջանակներում։ Ե՛վ մեզ համար, և՛ նրանց, ովքեր իսկական ազատության են ձգտում», - ասել է Պուտինը։
Այս հայտարարությունից առաջ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին նշանակալից համարեց այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը չի դատապարտել հրեաների դեմ ուղղված անկարգությունները։ Ինքը՝ Կիրբին, դրանք «ատելության, մոլեռանդության ու ահաբեկման ցուցադրում» անվանեց․
«Բոլորդ տեսել եք, թե ինչ է տեղի ունեցել Դաղստանում, Ռուսաստանում։ Դա այն է, ինչը կարելի է նկարագրել միայն որպես ատելության, մոլեռանդության ու ահաբեկման սարսափելի ցուցադրում։ Ոմանք դա համեմատում են 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ջարդերի հետ, և, ես կարծում եմ, որ դա, թերևս, ճիշտ գնահատական է՝ հաշվի առնելով այն տեսանյութը, որը մենք տեսանք»։
Մեկնաբանելով Պուտինի հայտարարությունն այն մասին, որ կատարվածի հետևում կանգնած են Արևմուտքի երկրները և Ուկրաինան, Կիրբին նկատեց, որ դա դասական հռետորություն է։
«Արդյոք փառահեղ չէ՞։ Սա դասական ռուսաստանյան հռետորություն է։ Երբ ձեր երկրում որևէ բան վատ է, պարզապես մեկ ուրիշի մեղադրեք, արտաքին ներգործությունը մեղադրեք։
Արևմուտքը դրա հետ կապ չունի», - մասնավորապես, ասել է Կիրբին։
հավաքներ՝ ի պաշտպանություն պաղեստինացիների
Անցյալ շաբաթ օրը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացավ թվով երկրորդ հանրահավաքը, որի ընթացքում մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին պաղեստինացիներին՝ քննադատելով Իսրայելի գործողությունները։
Հոկտեմբերի 28-ի հավաքին, տարբեր տվյալներով, 700-1000 մարդ էր մասնակցում։ Սրանից մեկ շաբաթ առաջ մասնակիցների թիվը հազիվ գերազանցեց 100-ը: Ղրղզստանցիներն Իսրայելի՝ Գազայի հատված ռազմական ներխուժման դեմ են արտահայտվել։
Տաշքենդում ևս հարյուրից ավել մարդ էր դուրս եկել ցույցի, նրանց, սակայն, անմիջապես կալանավորեցին։ Ըստ մամուլի՝ խոսքը կիրակի օրը չարտոնված հավաքին մասնակցել փորձածների մասին է։ Ցույց անցկացնելու մասին հորդորները սոցիալական ցանցերում տարածվեցին սրանից մի քանի օր առաջ։ Ակտիվիստները բաններ էին պատրաստել, որը նման էր նախօրեին Ստամբուլում կայացած հանրահավաքի բաններին։
Ցույցի վայրից և ժամից բացի, դրա վրա մեծ թվով մարդիկ էին պատկերված՝ Ուզբեկստանի ու Պաղեստինի դրոշներով, նաև գրված էր «Ուս ուսի Պաղեստինի հետ», «15 օրվա կալանավորումն ինձ չի վախեցնում», «Եթե շատ լինենք, մեզ կլսեն»։ Բերման ենթարկվածները հայտնում էին պաղեստինացիներին աջակցելու ցանկության մասին՝ նշելով, սակայն, որ չէին հասկանում, թե տվյալ հավաքն ինչպե՞ս էր նրանց օգնելու։ Ոմանք խոստովանում էին, որ տեղյակ չեն Մերձավոր Արևելքում հակամարտության էության մասին։
Բերման ենթարկվածների մեծ մասն ազատության մեջ է։ Ոմանց նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմել, ենթադրաբար, հավաքների, հանրահավաքների, երթերի կազմակերպման ու անցկացման մասին հոդվածով։ Գործի նյութերն ուղարկվել են դատարան։