«Զսպելուն նպատակաուղղված հարձակումների խնդիրն այն է, որ դրանք հաճախ հակառակ էֆեկտն են առաջացնում․ մյուս կողմը պատասխան էսկալացիայի է գնում, և հակամարտությունը վերածվում է լիակատար պատերազմի»:
Իրանի հարձակումը Իսրայելի վրա պատասխան էր Իսրայելի հարձակմանը Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա։ Իսրայելը խոստանում է պատասխանել պատասխանին։ Բացառված չէ, որ Իսրայել-Իրան փոխադարձ պատասխանների հիմնական զոհը պաղեստինցիները դառնան, որոնք արդեն 6 ամիս է՝ ապրում են իսրայելական պերմանենտ ռմբակոծությունների, զտումների և տարրական սովամահության եզրին։
Շատ բան հիմա կախված է Միացյալ Նահանգներից՝ ասում է Մերձավոր Արևելքի (վաշինգտոնյան) ինստիտուտի ներկայացուցիչ Խալեդ Էլգինդին․
«Բայդենն ամեն գնով փորձելու է կանխել ուղիղ հակամարտությունը Իրանի և Իսրայելի միջև։ Ի վերջո, դա այն մղձավանջային սցենարն է, որից Միացյալ Նահանգները փորձում էր խուսափել վերջին վեց ամիսների ընթացքում։ [․․․] Կա մեծ, իրոք համապարփակ տարածաշրջանային պատերազմի իրական վտանգ, և դրա հավանականությունն աճում է յուրաքանչյուր օր, որն անցնում է առանց հրադադարի: Սա կանխատեսելի էր թերևս։ Բոլորը հասկանում էին՝ որքան երկար տևի [Իսրայելի պատերազմը Գազայում], այնքան ավելի շատ դերակատարներ կներգրավվեն։ Հենց հիմա մենք տարածաշրջանային խոշոր պայթյունի շեմին ենք:
Կարծում եմ՝ իրական հավանականություն կա, որ Իրանի հետ հակամարտությունում դեէսկալացիայի դիմաց Միացյալ Նահանգները կարող է Իսրայելին ազատություն տալ Գազայում, հատկապես Ռաֆահի հարցում: Մենք գիտենք, որ Նեթանյահուն և նրա ռազմական կաբինետը անհամբեր սպասում են, որ իրենց թույլ տան մտնել Ռաֆահ և անել այն, ինչ մինչ այս արել են Գազա քաղաքում և Խան Յունիսում: Միակ գործոնը, որ զսպում էր նրանց, միջազգային հանրությունն էր։ Այդ կարմիր գիծը կարող է ջնջվել, եթե դա ԱՄՆ-ի համար միակ ճանապարհը լինի՝ համոզելու Իսրայելին թուլացնել լարվածությունը Իրանի հետ։
Ինչ վերաբերում է հյուսիսային ճակատին՝ ամեն ինչ կախված է Իսրայելի պատասխանից։ Քանի դեռ իրանական կողմը հայտարարում է, որ բավարարված է իր հարձակմամբ և նոր սրացումներ չի փնտրում, Հեզբոլլահը գործողությունների չի դիմի։ Եթե Իսրայելը սուր պատասխան տա, այո՝ բացառված չէ, որ Հեզբոլլահը ներքաշվի արդեն ավելի լայն պատերազմի մեջ»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ապրիլի 13-ի գիշերը ավելի քան 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ նախօրոք զգուշացնելով այդ մասին։ ԱԹՍ-ները և թևավոր հրթիռները Իրանից Իսրայել են հասնում մի քանի ժամվա ընթացքում։ Դրանց արձակման մասին տեղյակ էին ոչ միայն հատուկ ծառայությունները, այլև միջազգային մամուլ սպառողները․ հրթիռների երթուղուն մարդիկ հետևում էին «լայվ-հեռարձակումներով»։ Սա Իրանի կողմից Իսրայելի վրա առաջին հարձակումն էր անմիջականորեն իր տարածքից։
Էսկալացիան ամենևին էլ անսպասելի չէր։ Ապրիլի 1-ին Իսրայելը ավիահարված էր հասցրել Դամասկոսում գտնվող Իրանի հյուպատոսությանը. 13 զոհերից առնվազն 7-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաներ էին։ Զոհերի ցանկում էին նաև ԻՀՊԿ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։ Թեհրանը հայտարարել էր, որ պատասխան գործողությունների է դիմելու։
Իրանից ապրիլի 13-ին արձակված հրթիռների ճնշող մեծամասնությունը Իսրայելին հաջողվել է որսալ՝ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Հորդանանի անմիջակական ռազմական օգնությամբ և Պարսից ծոցի որոշ պետությունների հետախուզական օժանդակությամբ: Հրթիռներից միայն մի քանիսն են հասել թիրախին. դրանցից մեկը, մասնավորապես, հարվածել է Նևաթիմ ավիաբազային, որից, ըստ Իրանի, սկսվել էր հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Թեհրանը հայտարարել է, որ օպերացիայի արդյունքները գերազանցել են իր սպասելիքները։
«Ինչու՞ Իրանը գնաց ուղիղ հարձակման՝ նախօրոք իմանալով, որ հրթիռների մեծ մասն Իսրայելն, այնուամենայնիվ, որսալու է: Նպատակը, ենթադրաբար, զսպող գործոն ստեղծելն էր՝ կարիք կար ցույց տալու, որ Իսրայելի կողմից հակամարտության ապագա սրումը մեծ հակազդեցություն է առաջացնելու։ […] Այս հարձակումը նախագծված էր այնպես, որ իսրայելական կողմը զոհեր չունենա։ Հաջորդ անգամ սա էլ կարող է փոխվել։
Ապրիլի 13-ից հետո երկու կողմերն էլ հայտարարում են, որ հասել են իրենց նպատակներին։ Իրանը պնդում է, որ կարողացել է վնասազերծել բոլոր անհրաժեշտ թիրախները, Իսրայելը նշում է, որ կարողացել է որսալ բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները։ Սա հուշում է՝ կողմերից ոչ մեկը չի ցանկանում էլ ավելի սրել իրադրությունը, երկուսն էլ գոհ են արդյունքից: Նրանք փորձում են համոզել սեփական հասարակությանը, որ հասել են իրենց ուզածին», – մեկնաբանում է Էլգինդին։
Բայց իրավիճակը կանխատեսելի համարելու շռայլություն արդեն վաղուց ոչ ոք չունի։ Գազայի ավերիչ պատերազմը շարունակվում է, տարածաշրջանային ընդհարումները սրվում են, մեծ դեր ունեն ոչ միայն արտաքին խաղացողները, այլև ներքին ուժերը։
«Իրանի վարչակազմը և հատկապես Իրանական հեղափոխության պահապանների կորպուսը բավականին ռազմատենչ են։ Իսրայելում ծայրահեղական կառավարական կոալիցիա է իշխում և հուսահատ վարչապետ, որ երկար ժամանակ ցանկանում է ընդլայնել պատերազմն ու Միացյալ Նահանգներին ներքաշել Իրանի հետ իր հակամարտության մեջ: Դա մասամբ արդեն իրականություն է՝ ԱՄՆ-ի ոտքն արդեն դռան մոտ է: Եվ անկախ նրանից, թե ինչ են ասում երկու կողմերը, իրավիճակը կարող է ավելի սրվել, հատկապես հաշվի առնելով այն, որ Գազայում պատերազմը չի ընթանում Իսրայելի կառավարության նախագծածով:
Հոկտեմբերի 7-ից հետո պարզ դարձավ, որ գաղափարը, թե Իսրայելը ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել, առասպել էր։ Նույնիսկ ամենաուժեղ սպառազինության, հետախուզության, հակահրթիռային պաշտպանության համակարգերի և այն միլիարդավոր դոլարների առկայության դեպքում, որ Միացյալ Նահանգները լցնում է Իսրայելի վրա, վերջինս չկարողացավ կանխել հարձակումը», – նշում է փորձագետը։
Իսրայելը, ըստ նրա, փորձում է քաղաքական և դիվանագիտական ավելի լայն պրոցեսի միջոցով հասնել նրան, որ Միացյալ Նահանգները արտոնի իր բոլոր գործողությունները։ Խոսքը միայն ռազմական աջակցության մասին չէ, որը Բայդենը և նրա վարչակազմը սուրբ և անձեռնմխելի ծախս են համարում, հատկապես երբ այդ ծախսը արվում է հանուն «եղբայրական Իսրայելի»։ Այլ հարց է, թե ինչպես արաբական աշխարհը կարձագանքի հետագա զարգացումներին և հատկապես՝ արաբական որոշ երկրների ներգրավվածությանը դրանցում։ Արաբական ողջ աշխարհի մարդիկ զայրացած են Իսրայելի, Միացյալ Նահանգների և Արևմուտքի վրա: Այն, ինչ արվում է Գազայում, ցեղասպանություն է որակում ո՛չ միայն մահմեդական աշխարհի զգալի մասը, այլև Իսրայելին դաշնակցող արևմտյան երկրների ընդդիմադիր որոշ զանգվածները։
Իսրայելի ներսում կոնֆլիկները թեև այլ բովանդակություն ունեն, դրանք, այնուամենայնիվ, կան և գնալով սրվում են։ Նեթանյահուն այս պատմության մեջ իր անձնական շահն էլ ունի՝ պահպանել իշխանությունը։ Ծայրահեղական խմբերը, որոնք ներկայացված են նաև իշխանությունում, նրանց «վճռականություն» են ակնկալում։
Էլգինդիի կարծիքով՝ հետագա զարգացումների տեսանկյունից էական է լինելու այն, թե ինչով կավարտվեն Միացյալ Նահանգների հետ դռնփակ բանակցությունները․
«Բայդենի ադմինիստրացիայի հաշվարկն այն է, որ քանի դեռ [պատերազմի համար] պաղեստինցիներն են վճարում, այն ընդունելի է։ Իրավիճակը վտանգավոր է դառնում այն պահին, երբ անցնում է Գազայից և պաղեստինցիներից այն կողմ (դեպի Հեզբոլլահի, Իրանի, Սիրիայի կամ այլ խաղացողների հետ ճակատը)։ Նրանք իրականում որևէ խնդիր չունեն, երբ այս ամենի հանար հատուցում են պաղեստինցիները»։