Իսրայելի բանակը հասել է Ռաֆահ։ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող այս քաղաքում ապրում է Գազայի պաշարված բնակչության կեսից ավելին՝ մոտ մեկուկես միլիոն մարդ։ Ռաֆահի բնակիչների մեծ մասը փախստականներ են՝ իսրայելական ներխուժումից հետո նրանք տեղահանվել են անկլավի հյուսիսային հատվածներից, որոնք անցած ամիսների ընթացքում ավերակների են վերածվել, և ապաստանել սահմանամերձ քաղաքի ժամանակավոր ճամբարներում։ Ցամաքային օպերացիայից առաջ Իսրայլը հայտարարում էր, թե մտադիր է նրանց էվակուացնել (ո՞ւր՝ Եգիպտո՞ս, որը հրաժարվում է փախստականներ ընդունել, թե՞ Սինայի անապատ)։
Արդեն մի քանի օր է եվրոպացի պաշտոնյաները աղետ են գուժում։ Իսրայելի դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, անաշխույժ և հակասական մտահոգություններ է հղում։ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը մտադիր է լուծել «Գազայի հարցը» ցանկացած գնով: Անկլավի զգալի մասը գրավված և ավիրված է, բնակչությունը փախնելու տեղ էլ չունի։ Գազայի հատվածը շրջափակված էր նաև հոկտեմբերի 7-ին մեկնարկած պատերազմից առաջ, պատերազմից հետո այլ լիակատար պաշարման մեջ է։ Ռաֆահի անցակետով ժամանակ առ ժամանակ հումանիտար բեռներ էին անցնում, երբեմն Եգիպտոսը թույլատրում է էվակուացնել ծանր վիրավորներին և օտարերկրյա քաղաքացիներին։ Շարքային պաղեստինցիների համար բոլոր սահմանները փակ են։ Երկրում սով է։
Փետրվարի լույս 12-ի գիշերը Իսրայելի բանակը ինտենսիվ ավիահարվածների է ենթարկում արդեն նաև Ռաֆահը։
Գիշերը հրթիռակոծվել են քաղաքի հյուսիսային և կենտրոնական շրջանները՝ BBC-ին պատմել են բնակիչները։ Ավիացիայից բացի հարձակմանը նաև կատերներ են մասնակցել։ Ցախալը հաստատել է՝ «ինտենսիվ փոխհրաձգություններ են եղել միաժամանակ մի քանի տեղերում»։ Իսրայելը պատրաստվում է Ռաֆահի ցամաքային գրոհին։
Գազայի առողջապահության փետրվարի 12-ի նախարարության տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում Գազայում 164 պաղեստինցի է սպանվել, 200 հոգի վիրավորվել է։ Թե նրանցից քանիսն են զոհվել Ռաֆահում՝ Իսրայելի գիշերային ավիահարվածների հետևանքով, պարզ չէ։ Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան ասել է, որ Ռաֆահում 67 մարդ է մահացել, AFP-ն՝ հղվելով նույն նախարարությանը, գրել է ավելի քան 100 զոհերի մասին։
Իսրայելական բանակը հաղորդել է երկու զոհերի մասին։ Ցախալից տեղեկացրել են՝ օպերացիայի ընթացքում Ռաֆահում հայտնաբերվել են սահմանամերձ կիբուցից հոկտեմբերի 7-ին պատանդառված երկու իսրայելցիներ։ Նրանց տեղափոխվել են Իսրայել։
տե՛ս Մարդկանց փակել են Պաղեստինում ու շարունակում են սպանել
Մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ «մտահոգություն են հայտնել» գերբնակեցված քաղաքում Իսրյալեի բանակի սանձազերծած ռազմական գործողությունների հնարավոր հետևանքների կապակցությամբ։ Պարզ չէ՝ ինչ է լինելու քաղաքի բնակիչների և քաղաքով անցնող հումանիտար մատակարարումների հետ։
Ռաֆահի մոտ գտնվող անցակետը միակն է, որով հոկտեմբերի 7-ից հետո հումանիտար օգնություն՝ նվազագույն սնունդ և դեղորայք է մտնում պաշարված և սովի մատնված Գազայի հատված։
Անցած ամսվա տվյալներով (IPC դասակարգիչ)՝ Գազայի բնակչության մոտ 378 հազարը «պարենային անվտանգության աղետալի մակարդակում», այսինքն՝ սովամահ լինելու եզրին է ապրում։ Եվս 939 հազար պաղեստինցիներ, ըստ նույն դասակարգչի, «արտակարգ իրավիճակում են»՝ սովի եզրին։ Բնակչության մնացած մասը թերսնված է և ապրում է սովի վտանգի մեջ։
Հյուսիսային շրջաններում մնացած մարդկանց հումանիտար օգնություն գնալով չի էլ հասնում, ՄԱԿ-ից ահազանգում են՝ հունվարից իսրայելական բանակը ավելի հաճախ է միջամտում գործընթացին, իսրայելցիներն են որոշում, թե ում և ինչպես է մատակարարվելու Եգիպտոսից պաշարված Գազա մտած հումանիտար օգնությունը։ ՄԱԿ-ի տվյալներով, անկլավի հյուսիսային հատվածում ապրող երեխաների ավելի քան 15 տոկոսը քրոնիկ սոված է՝ օրերով սնունդ չի ստանում, 300 հազար մարդ կտրված է օգնությունից։ Նրանց սովամահություն է սպառնում։
Իսրայելական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, որին պատվիրակվել է համակարգել հումանիտար օգնության հետ կապված գործընթացները, հունվարին հայտարարել էր, թե «Գազայում սով չկա և վերջ»։ Դրանից հետո, ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության, իրավիճակն էլ ավելի է վատթարացել՝ հյուսիսային շրջաններ ուղարկված բեռների 56 տոկոսը տեղ չի հասել։
տե՛ս Սպանում են հիվանդանոցներում, դպրոցներում. պաղեստինցիները փախնելու տեղ չունեն
4 երեխաների մայր Դուհա ալ-Հալիդին Բեյթ Լահիայում է ապրում, մոտ երկու շաբաթ առաջ կինը պատմել է BBC-ին, որ 10 կիլոմետր ճանապարհ է ոտքով անցել, որ հասնի Գազա քաղաք՝ քրոջ տուն։ Ճանապարհին սնունդ է փնտրել։ Այդ պահին նրա երեխաները երրորդ օրն էր՝ հաց չէին կերել։
«Փող չունեմ, եթե նույնիսկ ունենայի՝ քաղաքի կենտրոնական բազարում ոչինչ չկա, – պատմել է կինը․ – Քույրս և նրա ընտանիքն էլ են սովից տառապում։ Նա մեզ հետ կիսել է իր տանը մնացած մակարոնի վերջին պաշարները»։
«Մենք զգում ենք, որ մահն արդեն անխուսափելի է դարձել, – պատմել է նրա քույրը՝ Վաադը․ – Արդեն կորցրել ենք մեր տան վերևի հարկը, բայց դեռ շարունակում ենք այստեղ ապրել, չնայած որ տունը ցանկացած պահի կարող է փլվել։ Երկու շաբաթ է՝ շուկայում ոչինչ չկա, սնունդ չենք գտնում։ Եթե ինչ-որ բան է հայտնվում, դա սովորականից 10 անգամ ավելի թանկ արժե»։
Դուհայից ու Վաադից բացի՝ բրիտանական գործակալությունը ևս մի քանի ընտանիքների հետ է խոսել, բոլորը նույն աղետալի վիճակում են։ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով՝ Գազայի հյուսիսային հատվածում բնակչության մեկ երրորդը սննդի «կատաստրոֆիկ» պակաս է զգում։ Թարմ տվյալներ ստանալ հնարավոր չէ՝ այդ շրջանների հասանելիությունը սահմանափակված է նաև հումանիտար առաքելությունների համար։
Հյուսիսում նաև ջուր չկա։ Իսրայելից Գազա եկող 3 ջրատարներից 2-ը փակ են, 1-ը՝ վթարված։ Մարդիկ հողն են փորում, որ ջրի աղբյուր գտնեն, հասնեն ջրատար խողովակներին։
«Ջուրը 15 օրը մեկ է միանում, – BBC-ին պատմել է Յուսուֆ ալ-Այոթին․ – Այդ ջուրը կեղտոտ է, երեխաները հիվանդանում են, վարակներ են տարածվում․․․ Ջրի մեջ ավազ է և աղ»։
Պատերազմի անցած 4 ամիսների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ փախել են հյուսիսից և ապաստանել հարավում՝ մեծապես սահմանամերձ Ռաֆահում, որտեղ վիճակը մինչ այս համեմատաբար ավելի կայուն էր։
Ռաֆահի հնարավոր թիրախավորումն արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է։
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռաֆահի գրոհը «աննկարագրելի հումանիտար աղետ» է դառնալու։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսը կոչ է արել դադարեցնել կրակը՝ ցամաքային օպերացիան ընդլայնելու պլանները որակելով որպես «չափազանց տագնապալից»։ ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերով ներկայացուցիչը հիշեցրել է՝ Գազայի սահմանամերձ հատվածում ապաստանած հարյուր հազարավոր մարդիկ փախչելու տեղ այլևս չունեն։
ՀԱՄԱՍ-ից, որը 2007 թվականից ի վեր կառավարում է պաղեստինյան Գազայի հատվածը, զգուշացրել են՝ հնարավոր գրոհը տասնյակ հազարավոր կյանքեր կարող է խլել և բացասաբար է ազդելու իսրայելցի պատանդների ու պաղեստինցի բանտարկյալների փոխանակման շուրջ բանակցությունների վրա։
Նեթանյահուն այս կոչերը անընդունելի է որակել։ «Նրանք, ովքեր ասում են, որ մենք ոչ մի դեպքում չպետք է մտնենք Ռաֆահ, ըստ էության, ասում են, որ պարտվենք պատերազմը այնտեղ», – հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Կիրակի օրը Իսրայելի առանցքային դաշնակից և հովանավոր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ դիմելով Բենյամին Նեթանյահուին, հայտարարել էր, թե Ռաֆահի գրոհը չպետք է իրականացվի առանց «քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովող միջոցների», Իսրայելը պարտավոր է քաղաքի բնակիչներին պաշտպանելու «հուսալի և իրագործելի պլան ունենալ»։
Ռաֆահցիների վկայություններով, իսրայելական բանակը այս հայտարարությունից հետո սկսել է գրոհել քաղաքը։ Փետրվարի 12-ի գիշերը Ցախալի կործանիչները տասնյակ ավիահարվածներ են հասցրել Ռաֆահի հյուսիսային և կենտրոնական հատվածներում։ Տեղի բնակիչները պատմել են BBC-ին, որ գրոհին նաև ուղղաթիռներ և կատերներ են մասնակցել։
Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտարարել է․ «Ռաֆահ քաղաքը ականատեսն է դարձել դաժան հարձակումների, որոնք տեղի են ունենում քաղաքի տարբեր շրջաններում, այդ թվում ռազմական ինքնաթիռների կիրառությամբ։ Գրոհներից որոշները Ռաֆահի կենտրոնում գտնվող՝ Կարմիր Մահիկի կազմակերպության շտաբի մոտ են եղել․ թիրախավորվել է շտաբի դիմացի բնակելի տունը, բնակչությունը ահաբեկված է և խուճապահարված»։
Քաղաքի բնակիչները, որոնց հետ BBC-ին հաջողվել է կապ հաստատել, սպասում են, որ ռազմական գործողությունները մի փոքր հանդարտվեն, և փորձելու են լքել քաղաքը։ Թե ուր են գնալու՝ ոչ ոք դեռ չգիտի։
«Անցած գիշեր, ժամը 1-ին, Իսրայելը սկսել է ռազմական օպերացիան, – պատմել է երկու երեխաների մայր Գադա ալ-Քուրդը․ – Նրանք բազմաթիվ պաղեստինցիների են սպանել։ Մենք այդ ժամանակ քնած էինք մեր տներում։ Սա նշանակում է, որ մենք որքան հնարավոր է շուտ պետք է լքենք քաղաքը, որովհետև մեր մյուս քաղաքներում՝ Խան Յունիսում և Գազայում, ամեն ինչ այս նույն սցենարով է սկսվել»։