Home / Վերլուծություն / ՀԱՄԱՍ-ի հենքն ու հիմքը

ՀԱՄԱՍ-ի հենքն ու հիմքը

Շաբաթ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները պայթեցրել են պաղեստինյան Գազան Իսրայելից սահմանազատող պատի առանձին հատվածները և ներթափանցել Իսրայելի հարավային շրջաններ։ ՀԱՄԱՍ ռազմականացված կրոնական խմբավորումը 2006-2007 թվականից կառավարում է Գազայի պաշարված հատվածը։ Հարձակման մասշտաբները և կազմակերպվածությունը ստիպել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ընդունել՝ երկիրը պատերազմական իրավիճակում է, պատերազմը լինելու է «բարդ և երկարատև»։ Իսրայելն անմիջապես պատասխանել է խիտ բնակեցված Գազայի հոծախումբ հրթիռակոծմամբ։ Պաղեստինյան անկլավի նկատմամբ ամբողջական բլոկադա է սահմանվել՝ Իսրայելը փակել է ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։ Իսրայելի զինվորականները խաղաղ պաղեստինցիներին կոչ են արել լքել Գազան և փախնել Եգիպտոս։ Գազայի մի շարք թաղամասեր արդեն ավերակների են վերածվել, օդային հարվածների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ ստիպված լքել են իրենց տները, կան բազմաթիվ անհետ կորածներ։ ՀԱՄԱՍ-ից զգուշացրել են՝ յուրաքանչյուր անգամ, երբ Իսրայելը առանց նախազգուշացման հարվածի Գազայի բնակչությանը, մեկ պատանդ է մահապատժի ենթարկվելու։

Մինչ այս Իսրայելը հաղորդել է 1200, Պաղեստինի առողջապահության նախարարությունը՝ առնվազն 1000 հաստատված զոհերի մասին։ Փլատակների տակ բազմաթիվ աճյուններ են մնացել։ Երկու կողմից կան շուրջ 10 000 վիրավորներ։ Զոհերի մեջ՝ բազմաթիվ կանայք, երեխաներ և տարեցներ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները պատանդ են վերցրել հարյուրից ավել իսրայելցիների՝ սահմանամերձ կիբուցում ջարդի ենթարկված երաժշտական փառատոնի մասնակիցներին, զինվորներին, տեղի բնակիչներին։ Պատանդները տեղափոխվել են Գազա, որը արդեն 5-րդ օրն է՝ ոչ թիրախային հարվածների է ենթարկվում իսրայելական ավիացիայի կողմից։ Բախումներ են նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին․ իսրայելական օդուժը հարվածում է Լիբանանի հարավում գործող «Հեզբոլա» շարժման դիրքերին։ «Հեզբոլայի» զինյալները, ըստ որոշ տեղեկությունների, ավելի վաղ գնդակոծել են իսրայելական պոստերը։ Իսրայելի հետ դաշնակցող ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկել Միջերկրական ծով՝ ընդլայնեվով իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Սա կտրուկ քննադատել է Թուրքիան, որը աջակցում է Պաղեստինին։ Արևմտյան երկրները տեղի ունեցածում մեղադրում են նաև Իրանին, որը պայքարում է սիոնիստական պետության ոչնչացման համար և համարվում ՀԱՄԱՍ-ի առանցքային դաշնակիցը։

ՀԱՄԱՍ-ի ծնունդը

ՀԱՄԱՍ՝ «Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան», արաբերենից թարգմանվում է որպես «Իսլամական դիմադրության շարժում»։ Խմբավորումը ստեղծվել է 80-ականների երկրորդ կեսին, 2007 թվականից իսլամիստական այս կուսակցությունը փաստացի վերահսկում է Գազայի հատվածը։

ՀԱՄԱՍ-ի ծագումը կապվում է շեյխ Ահմեդ Յասինի հետ՝ պաղեստինցի հոգևորական, որը երիտասարդ տարիներին սովորել է Կահիրեի համալսարանի անգլիական բաժնում։ BBC-ին գրում է՝ երիտասարդ Յասինը հետաքրքրվում էր ոչ այնքան անգլիական մշակույթով, որքան իսլամի արմատական մեկնություններով, կապեր ուներ Եգիպտոսի իսլամիստական խմբավորումների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ։ Համարվում է, որ ՀԱՄԱՍ-ը ծագել է եգիպտական այդ կազմակերպության պաղեստինյան բաժանմունքից։ 

seyh-ahmet-yasin-22
Ահմեդ Յասինը

Յասինը սկզբնական շրջանում զբաղվում էր միայն դասավանդմամբ և բարեգործությամբ, հիմնականում Հորդանանի Արևմտյան Ափին և Գազայի հատվածում, որոնք 1967 թվականի Վեցօրյա պատերազմում օկուպացրել է Իսրայելը։

Անցյալ դարի 80-ական թվականներին պաղեստինյան ամենախոշոր կազմակերպությունը, որ փորձում էր հակազդել իսրայելական ռեժիմին, ՊԱԿ-ն էր՝ «Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը»։ Ըստ BBC-ի, ՊԱԿ-ը մեծ ժողովրդականություն այդ ժամանակ չէր վայելում․ պաղեստինցիների մի մասը քննադատում էր կազմակերպությանը ոչ էֆեկտիվ լինելու, մյուս մասը՝ ոչ բավականաչափ կրոնական լինելու, երրորդները՝ կոռումպացվածության համար։ 

ՀԱՄԱՍ-ն ի հայտ եկավ որպես հակադրություն ՊԱԿ-ին, գլխավորապես որովհետև առաջին պլան հանեց իսլամը՝ պաղեստինյան տարածքների ազատագրումը պետք է լիներ բնակչության իսլամիզացման հետևանք, ոչ թե պայքարի հիմնական նպատակ։

Հիմնադրելով ՀԱՄԱՍ-ը 1987 թվականին՝ Յասինը նշում էր, որ իրավիճակը Վեցօրյա պատերազմին հաջորդած 20 տարիների ընթացքում փոխվել է, ստեղծվել են նոր պայմաններ, որոնք «աստվածային կամքի» հետևանք են, հետևաբար՝ անհրաժեշտ է պայքարի հատուկ, նոր ձև, որը համատեղում է բարոյական մարքությունն ու մերձավորների նկատմամբ հոգատարությունը, որպեսզի «ոչ միայն հայրենիքն ազատագրվի, այլև հոգին հասնի փրկության»։

Պայքար՝ հանուն ինչի՞

1988 թվականին ՀԱՄԱՍ-ը հրապարակել է իր առաջին խարտիան, որով կոչ է արել ոչնչացնել Իսրայելն ու պատմական Պաղեստինի տարածքում ստեղծել իսլամական պետություն։

«Իսրայելը գոյություն ունի և շարունակելու է գոյություն ունենալ այնքան ժամանակ, մինչև իսլամը չոչնչացնի այն․․․ Դիմադրության իսլամական շարժումը համարում է, որ Պաղեստինի հողը իսլամական վակֆ է՝ օրհնված մուսուլմանների գալիք սերունդների համար մինչև Ահեղ դատաստան», – գրված էր փաստաթղթում, որը մերժում էր հակամարտության կարգավորման առկա բանաձևերը։

Չնայած այս հռչակագրի «բարոյական մաքրությանը», այն էապես սահմանափակում էր արտաքին աշխարհի հետ նորաստեղծ խմբավորման հարաբերությունների հնարավորությունները։ 2017 թվականին ՀԱՄԱՍ-ը մի նոր փաստաթուղթ է հրապարակել, որով ժամանակավորապես ընդունել է սեփական պետության ստեղծման հնարավորությունը՝ սահմաններով, որոնք գոյություն են ունեցել նախքան Վեցօրյա պատերազմը, բայցև, ինչպես մինչ այդ, հրաժարվել է ճանաչել Իսրայելը որպես սուվերեն պետություն, որի հետ հնարավոր է դիվանագիտական հարաբերություններ ունենալ.

««Իսրայելի» ստեղծումը բոլորովին ապօրինի է և հակասում է պաղեստինցի ժողովրդի անքակտելի իրավունքներին, ինչպես նաև ․․․ խախտում է մարդու իրավունքները, որոնք երաշխավորված են միջազգային կոնվենցիաներով ․․․ Սիոնիստական այս կազմավորման լեգիտիմության ճանաչում լինել չի՛ կարող»։

ՀԱՄԱՍ-ը հրաժարվել և հրաժարվում է ընդունել թե՛ 1917 թվականի Բալֆուրի հռչակագիրը (որով բրիտանական կառավարությունը պաշտոնապես խոստանում է աջակցել Պաղեստինի տարածքում հրեական պետության ստեղծմանը՝ պայմանով, որ այն չի ոտնահարի այլ քաղաքացիական և կրոնական համայնքների իրավունքները), թե՛ 1990 թվականի Օսլոյի համաձայնագրերը (որոնցով սահմանվում են հրեական պետության և պաղեստինյան ինքնավարության համակեցության սկզբունքները):

Այն, որ խմբավորումը պատրաստակամություն է հայտնել ժամանակավորապես ճանաչել 1967 թվականի սահմանները, չի նշանակում, որ այն հրաժարվել է Իսրայելի ոչնչացման իր ծրագրային դրույթից։

Ինչպե՞ս է ՀԱՄԱՍ-ն իշխանության եկել Գազայում

Գազայի հատվածը (միջերկրածովյան ափամերձ գոտի՝ ընդամենը 365կմ² մակերեսով, որտեղ ապրում է ավելի քան 2 միլիոն մարդ) ամբողջությամբ վերահսկվում էր ՀԱՄԱՍ-ի կողմից։

Քանի որ կազմակերպությունը չի ընդունում Օսլոյի համաձայնագրերը, այն ամբողջությամբ անտեսել է բոլոր այն քաղաքական պրոցեսները, որ տեղի են ունեցել այդ համաձայնագրերի կնքումից հետո՝ ընդհուպ մինչև 2006 թվական, երբ որոշել է մասնակցել պաղեստինյան տարածքների օրենսդիր և տեղական մարմինների ընտրություններին։ ՀԱՄԱՍ-ի պոպուլյարությունը հաճախ կապվում է իսրայելական զորքերի դուրսբերման հետ․ 2005 թվականին՝ միակողմանի սահմանազատման պլանի շրջանակներում, Իսրայլը դուրս է բերել հրեական բնակավայրերն ու Իսրայելի բանակը Գազայի հատվածից։

Այն ժամանակ պաղեստինյան բոլոր տարածքները գտնվում էին նախագահ Մահմուդ Աբբասի և նրա կուսակցության՝ «Ֆաթահ»-ի (ՊԱԿ-ի մաս էր) կառավարման ներքո։

2006-ի ընտրություններին ՀԱՄԱՍ-ն անսպասելի հաղթանակ տարավ՝ Ֆաթահից ավելի շատ տեղ ստանալով Օրենսդիր խորհրդում․ սա վհատեցրեց ոչ միայն Աբբասին, այլև օտարերկրյա (գլխավորապես արևմտյան) քաղաքական ուժերից շատերին, որոնք այդ ժամանակ արդեն համոզված էին՝ Ֆաթահի հետ հնարավոր է համագործակցել, և հույս ունեին շարունակել այդ պրոցեսը։

Ֆաթահը հրաժարվեց ընդունել ընտրությունների արդյունքները, ազգային միասնության կառավարություն ստեղծելու փորձերը տապալվեցին (Ֆաթահը պնդում էր, որ պետք է միակ կազմակերպությունը լինի, որը պաղեստինցիների շահերը ներկայացնում է միջազգային ասպարեզում, ՀԱՄԱՍ-ը սրան կտրականապես դեմ էր): 

Այս պառակտումը վերածվեց կարճատև զինված համակարտության («մարտեր Գազայի հատվածի համար»)։ 118 մարդու կյանք խլած բախումները հանգեցրեցին Պաղեստինյան տարածքների փաստացի բաժանման՝ Հորդանանի Արևմտյան ափը ամբողջությամբ վերահսկում էր Ֆաթահը, որը շարունակում էր ինքն իրեն պաղեստինցիների միակ իրավազոր ներկայացուցիչը համարել, մինչդեռ Գազայի հատվածը վերահսկվում էր ՀԱՄԱՍ-ի կողմից։ Սրանից հետո Գազայում ընտրություններ այլևս չեն եղել։

2007 թվականից ի վեր խմբավորման զինյալները մասնակցել են Իսրայելի հետ 4 խոշոր հակամարտությունների։ ՀԱՄԱՍ-ը և նրա ռազմական թևը («Իզ էդ Դին Ալ Քասամի» բրիգադներ) ահակեկչական կազմակերպություն են համարվում Իսրայելում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում։ Ռուսաստանը ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական չի համարում՝ հիմնավորմամբ, որ «այն չի գործում Ռուսաստանի Դաշնության տարածքում»։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները բազմիցս այցելել են Մոսկվա, բանակցություններ վարել ռուսական վերնախավի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմում ՀԱՄԱՍ-ը միանշանակորեն աջակցել է Մոսկվային՝ Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմական օպերացիան» գնահատելով որպես ամերիկյան գերակայությանը վերջ տալուն և բազմաբևեռ աշխարհ ձևավորելուն ուղղված վճռական քայլ։

Ինտիֆադա

Պաղեստինյան առաջին ինտիֆադայից (1987-1993) հետո կնքվել են Օսլոյի համաձայնագրերը։ ՀԱՄԱՍ-ը ամենախոշոր պաղեստինյան կազմակերպությունն է, որը հրաժարվում է ճանաչել այդ համաձայնագրերի իրավազորությունը։

Որպես դրանց ներդրման դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ ՀԱՄԱՍ-ը ընտրել է ակաբեկչական հարձակումները, որոնք հաճախ իրականացվում էին մահապարտներով։ Առաջին ահաբեկչական ակտը, որի համար պատասխանատվություն է ստանձնել ՀԱՄԱՍ-ը, տեղի է ունեցել 1989 թվականին։ 1990-ին (որոշ աղբյուրներ նշում են, որ իրականում՝ 1992-ին) ձևավորվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Իզ էդ Դին Ալ Քասամի» բրիգադները։ Օսլոյի համաձայնագրից հետո խոշոր պայթյուններ են կազմակերպվել հասարակական տրանսպորտում, մարդաշատ վայրերում և այլն։ Թիրախավորվում էին իսրայելցի զինվորականները, պայթյունները ներկայացվում էին նաև որպես պատասխան՝ իսրայելական ռեժիմի ոտնձգություններին։ ՀԱՄԱՍ-ը բռնի պայքար էր մղում նաև պաղեստինցիների դեմ, որոնց կասկածում էր Իսրայելի հետ համագործակցության կամ Իսրայելին համակրելու մեջ։

פיגוע_באוטובוס_קו_5_בתל-אביב
Պայթյունի հետևանքները, 1994 թվական, Թել Ավիվ, Դիզենգոֆի փողոց, Wiki

Երկրորդ ինտիֆադայի առաջին տարիներին (2000-2005) պաղեստինցիներից շատերը աջակցում էին այդ տեռակտներին՝ դրանք համարելով ապարտեիդի, Արևմտյան Ափի ընդլայնվող բռնազավթման, Իսրայելի դաժան քաղաքականության դեմ պայքարի, վրեժխնդրության, պատերազմի միջոց։ 

2004 թվականի մարտին և ապրիլին ՀԱՄԱՍ-ի հոգևոր առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինը և նրա հետևորդ Աբդել Ազիզ ար-Ռանթիսին սպանվել են Իսրայելի ավիացիայի՝ Գազայի հատվածի հերթական հրթիռակոծության հետևանքով։

Ո՞վ է ֆինանսավորում ՀԱՄԱՍ-ը

ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ոչ միայն (արևմտյան) առանձին պետությունների, այլև անդրապետական միավորների, այդ թվում՝ Եվրամիության կողմից․ պաշտոնական աջակցություն այն չի ստանում։

Ժամանակին միջոցների զգալի մասը հավաքագրվում էր ունեվոր պաղեստինցիներից, որոնք ապրում էին արտասահմանում, և Պարսից ծոցի երկրների է՛լ ավելի ունեվոր անհատներից։ Մարդասիրական օգնություն էին ուղարկում նաև Արևմուտքի իսլամական բարեգործական ընկերությունները․ որոշները սրա համար պատժվեցին ակտիվների սառեցմամբ։

Գազայի տնտեսությունը փաստացի քայքայված է։ 2006-2007 թվականներին Եգիպտոսն ու Իսրայելը համատեղ ուժերով կազմակերպեցին հատվածի փաստացի շրջափակումը, ինչը հանգեցրեց բնակչության զանգվածային արտահոսքի։ Համարվում է, որ այս ընթացքում Գազան լքել է ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի։ Մնացածների մեծ մասը ապրում էր աղքատության, գործազրկության, կենցազային զրկանքների մեջ։

Շրջափակմանը հաջորդած տարիների ընթացքում ՀԱՄԱՍ-ը որոշակի եկամուտներ է ստացել տուրքերից, որոնք սահմանվում էին Գազա մատակարարվող ապրանքների համար։ Բեռները պաշարված տարածքներ էին մտնում Եգիպտոսի անցակետը շրջանցող բարդ և բազմաճյուղ ստորգետնյա թունելներով։ Պարենից և դեղամիջոցներից բացի՝ այս թունելներով նաև զենք էին ներկրում։

32d77cb0-6758-11ee-88ed-91aae2cf7ad9 (1)
Գազայի ստորգետնյա թունելները,  AFP

Պաշտոնապես Եգիպտոսը թույլատրել է որոշ ապարնքներ մատակարարել Գազա միայն 2018 թվականին՝ Սալահ-էդ-Դինի անցումով։ Այդ ապրանքները հսկայական եկամուտներ են ապահովել ՀԱՄԱՍ-ին․ 2021-ին խմբավորումը ամսական մոտ 12 միլիոն դոլար էր ստանում՝ տուրքեր սահմանելով Եգիպտոսից եկող բեռների վրա։

ՀԱՄԱՍ-ի եկամուտների հիմնական աղբյուրը, ամեն դեպքում, անհատական հանգանակությունները կամ մեծ տուրքերը չէին։ Խմբավորման խոշորագույն հովանավորներից մեկը, եթե ոչ ամենախոշորը, Իրանն էր։

Ի՞նչ կապ ունի Իրանը ՀԱՄԱՍ-ի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության և ՀԱՄԱՍ-ի հարաբերությունները այդքան էլ հրապարակային չեն։ Ամեն դեպքում, կարելի է պնդել՝ որոշ ժամանակաշրջաններում այդ հարաբերությունները բավականին սերտ են եղել։

1990-ականների սկզբին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ֆինանսավորում, վարժեցնում և զինում էր ՀԱՄԱՍ-ին։ Այդ ժամանակ պաղեստինյան խմբավորումը նույնիսկ պաշտոնական ներկայացուցչություն բացեց Թեհրանում։

Ճիշտ է՝ և ֆինանսավորումը, և համագործակցությունը 2012-ից մինչև 2017 թվականներն ընդհատվեցին, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվեց Սիրիայի քաղաքացիական պատերազմում աջակցել Բաշար Ասադի ռեժիմին։ Արդեն 2017 թվականին խմբավորման առաջնորդներից մեկը, ռազմական թևի հիմնադիր Յահյա Սինվարը հայտարարեց՝ «Իրանի հետ հարաբերությունները հրաշալի են ընթանում», «Իրանը հավատարին դաշնակից է»։

2020-ին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը զեկուցեց՝ Իրանը տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար է հատկացնում ՀԱՄԱՍ-ին և պաղեստինյան «Իսլամական ջիհադին»։

Ամերիկյան Wall Street Journal-ի տվյալներով, իրանական ԻՀՊԿ-ն ՀԱՄԱՍ-ին օգտնել է պլանավորել Իսրայելի նկատմամբ հարձակումը և կանաչ լույս է տվել դրա զինյալներին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ ՄԱԿ-ում ելույթ ունենալիս՝ Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը հայտարարել է, թե «տարածաշրջանային պրոքսիները փորձել են իրենց գործողությունները համակարգել Իրանի հետ»։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը այս մեղադրանքները հերքել է․ «Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, բայց չենք մասնակցել նրա գործողություններին»։

TELEMMGLPICT000352395500_16968754647630_trans_NvBQzQNjv4BqpVlberWd9EgFPZtcLiMQf_4Xpit_DMGvdp2n7FDd82k
Ցույց Իրանում՝ ի աջակցություն ՀԱՄԱՍ-ի, հոկտեմբերի 7, 2023, AFP

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ պաշտոնական Վաշինգտոնը ապացույցներ չունի, որ հարձակման հետևում կանգնած է Իրանը, բայց այդ երկիրը արդեն վաղուց Իսրայելի թշնամին է և աջակցում է տարածաշրջանի ջիհադիստական խմբավորումներին։

BBC-ին հավելում է՝ գործոնների շարքում, որոնք, հավանաբար, կարող էին ազդել Իրանի որոշումների վրա, առանձնանում են նաև վերջին շրջանի դիվանագիտական ջանքերը՝ ուղղված Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Եթե այդ կարգավորումը տեղի ունենար (ինչը հոկտեմբերի 7-ից հետո արդեն գրեթե անհնար է թվում), Իսրայելի հարաբերությունները այլ արաբական երկրների հետ էլ, հավանաբար, կարող էին էականորեն բարելավվել։ Այս հեռանկարը հակասում էր Իրանի շահերին, որը, ինչպես և նախկինում, պաշտոնական մակարդակում շարունակում է պայքարել հրեական պետության ամբողջական ոչնչացման համար։

տե՛ս
Հին ազգի նոր պետությունը
Պատկերացնել կյանքը Պաղեստինում՝ առանց Համասին արդարացնելու