Home / Վերլուծություն / Պատկերացնել կյանքը Պաղեստինում՝ առանց Համասին արդարացնելու

Պատկերացնել կյանքը Պաղեստինում՝ առանց Համասին արդարացնելու

Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը, որը կառավարում է պաշարված Գազայի հատվածը, պատերազմ է սկսել Իսրայելի դեմ։ Իսրայելի զինված ուժերն ի պատասխան անցել են Գազայի հոծախումբ հրթիռակոծությունների։ Կան հարյուրավոր զոհեր՝ կանայք, երեխաներ, տարեցներ, հազարավոր վիրավորվեր, տասնյակ գերիներ։ Լրագրող Ալեքսանդրա Լիսոգորի սյունակը՝ հրապարակված DOXA պարբերականում, պատմում է ՀԱՄԱՍ-ի արյունալի հարձակմանը նախորդած իրադարձությունների՝ պաղեստինյան Արևմտյան ափի օկուպացիայի, Գազայի պաշարման, իսրայելական քաղաքականության մինչպատերազմական հետևանքների մասին։ Հրապարակում ենք սյունակի թարգմանությունը աննշան կրճատումներով.

Գրում եմ այս հոդվածը Երուսաղեմից։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան, ինչպես շատերը Իսրայելում, արթնացա շչակների և հրթիռների ձայներից։ Դժվար է ուշքի գալ անդադար լուրեր կարդալուց, Գազայում պահվող իսրայելցի պատանդների տեսանյութերը նայելուց, հազարավոր վիրավորների և հարյուրավոր զոհերի մասին հաղորդումներ ստանալուց։ Ընկներներիցս շատերը, որոնց հետ վերջին ամիսներին բողոքի ցույցերի էինք դուրս գալիս Իսրայելի ուլտրաաջական կառավարության և պաղեստինյան հողերի օկուպացիայի դեմ, հրատապ զորակոչի ծանուցումներ են ստացել, որոշները արդեն իսկ ուղարկվել են հակամարտության թեժ կետեր։ Բեէրի կիբուցում, որը առաջիններից է հարձակման ենթարկվել, մարդիկ փորձում են պարզել իրենց հարազատների ճակատագիրը՝ նրանք կա՛մ զոհվել են, կա՛մ պատանդառվել։

Հոկտեմբերի 7-ի հարձակումը լրատվամիջոցներում և սոցցանցերում անվանում են «անսպասելի», «հանկարծակի», «անակնկալ»։ Այս մակդիրներից և ոչ մեկը տեղին չէ՝ նկարագրելու համար այս ահաբեկչությունը՝ որպես հետևանք մի իրավիճակի, որի պայթյունավտանգությունը ակնհայտ էր բոլոր նրանց համար, ովքեր ամեն օր լուրեր էին ստանում Արևմտյան Ափից, Արևելյան Երուսաղեմից և Գազայից։ Չնայած Գազան անջատված է Արևմտյան Ափից, և աշխարհագրական այս երկու կետերը կտրված են Արևելյան Երուսաղեմից՝ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում երեքից որևէ մեկում, ազդում են (1, 2, 3) որոշումների և տրամադրությունների վրա մյուս երկուսում։ Սա մեկ միասնական համատեքստ է, չնայած՝ բարդ կազմված։

816
քարտեզը՝ BBC-ից

Համատեքստ․ Գազայի շրջափակում

Գազայի ողջ տարածքը գտնվում է Եգիպտոսի և գլխավորապես Իսրայելի ռազմական շրջափակման ներքո․

— Ռաֆիահի ցամաքային անցուղին Եգիպտոսի վերահսկողության տակ է․ Գազայի տնտեսության մեջ այն առանձնակի դեր չուներ նաև շրջափակումից առաջ։

— Իսրայելը վերահսկում է Գազայի ցամաքային սահմանները, նրա ծովային և օդային տարածքները։ Սա թույլ է տալիս Իսրայելին հետևել մարդկանց և ապրանքների ողջ տեղաշարժին՝ Գազայից և դեպի Գազա, և կարգավորել այդ տեղաշարժը սեփական շահերից ելնելով՝ մեկուսացնելով այս տարածքը պաղեստինյան Արևմտյան Ափից և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես։

_131374084_gaza_detail_map_v2_640-nc
քարտեզը՝ BBC-ից

Գազայի շրջափակումը ուղղակիորեն ազդում է պաղեստինյան բնակչության տնտեսական վիճակի վրա։ Գործազրկությունն ու աղքատությունը Գազայում սարսափելի բարձր են․ բնակչության 52 տոկոսն աշխատանք չունի, երիտասարդների շրջանում գործազրկությունը հասնում է 67 տոկոսի, բնակիչների 46 տոկոսն ապրում է օրական 5․50 դոլարով կամ ավելի քիչ եկամուտներով (սա 2019 թվականի տվյալներն են)։

Եկամտի և ապրուստի հիմնական աղբյուրը Գազայում ձկնորսությունն է։ Իսրայելի զինված ուժերը նույնիսկ սրան էին փորձում խոչընդոտել՝ սահմանափակելով ափամերձ տարածքների հասանելիությունը և թույլատրելով ձկնորսությունը Օսլոյի համաձայնագրով (կնքվել է 1993 թվականին՝ Իսրայելի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության միջև) նախատեսված տարածքների միայն 50 տոկոսում։ Սա հանգեցրել էր չափազանց փոքր հատվածում չափազանց մեծ որսի, ձկան քանակի կրճատման, ձվադրատեղերի ոչնչացման։ Ձկնորսները հաճախ ստիպված են վտանգել իրենց կյանքն ու առողջությունը՝ նրանք թիրախավորվում են իսրայելցի զինվորականների կողմից, նավակներն ու սարքավորումները հաճախ բռնագրավվում են։ Առանց այն էլ թույլ արտահանումը պարբերաբար հայտնվում է ամբողջական արգելքի կամ մեծ սահմանափակումների տակ։

Իրավիճակը վատթարացնում է նաև այն, որ ձկնորսական նավակները ու սարքավորումները պարբերական վերանորոգման և նոր պահեստամասերի կարիք ունեն։ Իսրայելը ամբողջությամբ արգելում է պահեստամասերի ներկրումը։ Եվ սա միայն մեկ օրինակ է՝ ինչպես է Իսրայելը խոչընդոտում Պաղեստինում կյանքի կարգավորմանը։

Վերահսկողությունն էլ ավելի ուժեղացնելու համար Իսրայելը մի նոր հասկացողություն է ներդրել՝ «երկակի նշանակության նյութեր», այսինքն՝ նյութեր և ապրանքներ, որոնք «քաղաքացիական կիրառելիություն ունեն, բայց կարող են պիտանի լինել նաև ռազմական օգտագործման համար»։ Բոլոր նման նյութերն ու ապրանքները արգելքի տակ են։ Այս արգելքը, սարքավորումների դեֆիցիտը բացասաբար է ազդում Գազայում կյանքի գրեթե բոլոր բնագավառների, այդ թվում՝ առողջապահության և փրկարար ծառայությունների վրա։ Շտապ օգնության ծառայությունների տվյալներով, իսրայելական շրջափակման տակ գտնվող խիտ բնակեցված պաղեստինյան անկլավում հրդեհափրկարարական սարաքավորումների սուր պակաս կա։ Այդ սարքավորումները անհրաժեշտ են նաև շինարարության և վերանորոգման համար՝ այն բնակավայրերի, որոնք ոչնչացվում կամ անպիտան են դառնում Իսրայելի հրթիռակոծություններից հետո։ Գազայի հատվածի ենթակառուցվածքները և պետական ծառայությունները աղետալի վիճակում են։

Ջրի 97 տոկոսը, որը հասնում է Գազա, աղտոտված է, խմելու չէ․ իսրայելական սահմանափակումները թույլ չեն տալիս հրթիռակոծություններից հետո վերականգնել Գազայի ջրամատակարարման և կանալիզացիայի համակարգերը։ Ջրի կենցաղային սպառումը սահմանափակված է՝ խաղաղ ժամանակներում մարդահաշվով օրական մոտավորապես 80 լիտր, հակամարտությունների ժամանակ՝ 50-60 լիտր։ Մինչ այդ, նվազագույն նորման, ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության, օրական 100 լիտրն է։ 

Էլեկտրաէներգիան մատակարարվում է օրական ընդամենը մի քանի ժամով՝ մասամբ վառելիքի պակասի, մասամբ սահմանափակումների պատճառով, որոնք Իսրայելը կիրառում է գործող համակարգերի սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերի ներկրման համար։ Իսրայելը հաճախ արգելափակում է վառելիքի մատակարարումը Գազա՝ փակելով միակ առևտրային անցակետը։ Բացի այդ՝ Գազայի միակ էլեկտրակայանը պարբերաբար թիրախավորվում է Իսրայելի ավիացիայի կողմից։ Էլեկտրաէներգիայի կանոնավոր անջատումները վնասում են նաև բժշկական սարքավորումները։ Հիվանդանոցները ստիպված են աշխատել գեներատորներով՝ կրճատելով ծառայությունների ծավալները, այդ թվում՝ հետաձգելով վիրահատությունները, վաղաժամ դուրս գրելով պացիենտներին։ Ընդհատվող էլեկտրամատարարումը բարդացնում է նաև ջրապոմպերի աշխատանքը։

Էլեկտրաէներգիայի անջատումները թույլ չեն տալիս Գազայի բնակիչներին վարել բնականոն՝ իսրայելցիների և եվրոպացիաների համար սովորական կյանք․ օգտվել լվացքի մեքենաներից, սառնարաններից, տաք ջրից և այլն։

Իսրայելի կողմից Գազայի հրթիռակոծությունները ԶԼՄ-ները լուսաբանում են մի քանի տարին մեկ։ Բայց հումանիտար աղետն այստեղ շարունակվում է ամեն օր՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ուշադրությունը սևեռված չէ այս տարածքի վրա։ 

Այս կետերի ֆորմալ թվարկումից հետո կուզեի, որ դուք մի պահ կանգ առնեք և պատկերացնեք՝ ինչպիսին կլիներ ձեր կյանքը, եթե դուք լինեիք միջին վիճակագրական պաղեստինցի, որն ապրում է Գազայում։ Չունեք ո՛չ աշխատանք, ո՛չ հույս այն գտնելու։ Ապրում եք նեղվածքի մեջ, հավանաբար, կիսում եք բնակարանը հեռու և մոտիկ բարեկամների հետ։ Իսրայելական ռմաբկոծությունների ժամանակ շչակներ չեն միանում, թաքնվելու տեղ էլ չկա․ Գազան ռմբաապաստարաններ չունի։ Իսրայելը կիրառում է այսպես կոչված «թխկոց տանիքին» մեխանիզմը (ոչ պայթուցիկ կամ թույլ ռումբերի նախազգուշական արձակում Պաղեստինի բնակելի շենքերի վրա)։ Հասարակական կազմակերպություններից շատերը այն ոչ էֆեկտիվ են համարում։ Ամեն դեպքում՝ այն առանձնապես չի օգնի մարդկանց, որոնք ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունեն՝ երեխաներին, հիվանդներին, տարեցներին, բոլոր նրանց, ովքեր պետք է հասցնեն իջնել վերևի հարկերից և փախչել անվտանգ հեռավորության։ Լույս ու ջուր հաճախ չունեք։ Շուրջբոլորը աղքատություն է և ավերմունք։ Պատկերացնել սա՝ չի նշանակում արդարացնել ՀԱՄԱՍ-ին և ահաբեկչությունը։

Չնայած՝ Գազայի շրջափակումը այս պազլի միայն մի մասն է։ Մյուսը ապարտեիդն է և Արևմտյան Ափի օկուպացիան։

Համատեքստ․ Արևմտյան Ափ

ՄԱԿ-ը համարում է, որ միայն վերջին կես տարվա ընթացքում Արևմտյան Ափի պաղեստինցի բնակիչները իսրայելցի «վերաբնակների» կողմից հարձակման են ենթարկվել գրեթե վեց հարյուր անգամ։

Բնակավայր են անվանում 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո Իսրայելի կողմից գրավված Արևմտյան ափի տարածքներում ստեղծված քաղաքացիական այն համայնքները, որոնցում ապրում են հրեաները՝ Իսրայելի քաղաքացիներ։ Միջազգային հանրությունն այս բնակավայրերն ապօրինի է համարում (տե՛ս ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2003 թվականին ընդունված բանաձևը)։ Վերաբնակների կողմից իրականացված բռնարարքները (1, 2, 3, 4, 5) ներառում են

— պաղեստինյան բնակավայրերի կազմակերպված ջարդեր,
— տեղացիների սպանություններ,
բուժաշխատողների տեղաշարժի սահմանափակում՝ նրանց թույլ չեն տալիս հասնել տուժածներին,
— քարկոծումներ
— տների (պաղեստինցիները մեջը), գույքի, մեքենաների, խանութների հրկիզումներ, ապօրինի ներխուժումներ, թալան,
— հարձակումներ իսրայելցի պրո-պաղեստինյան ակտիվիստների նկատամամբ։

Հարձակումների հետևանքը՝ տասնյակ զոհված և հարյուրավոր վիրավորված պաղեստինցիներ։

Իսրայելյան բանակը մշտապես ներկա է Արևմտյան Ափին՝ այն պաշտպանում է իսրայելցիների ապօրինի բնակավայրերը։ Իսրայելի զինված ուժերը հաճախ նախընտրում են չմիջամտել վերաբնակների կազմակերպված հարձակումներին, չեն էլ փորձում զսպել հայրենակիցներին։ Բայցև անմիջապես ձերբակալում են այն պաղեստինցիներին, որոնք փորձում են հակադարձել այդ հարձակումներին։

Վերաբնակները օգտվում են ամբողջական անպատժելիությունից՝ հարձակվելով ոչ միայն պաղեստինցիների, այլև իրենց պաշտպանող իսրայելցի զինվորների, ակտիվիստների, լրագրողների վրա։ Որոշ զինվորներ, որոնք ապրում են այնտեղ, ընկերական հարաբերություններ ունեն վերաբնակների հետ, և ժամանակ առ ժամանակ՝ ծառայությունից դուրս, մասնակցում են նրանց կազմակերպած հարձակումներին, ինչն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը։ 

Իսրայելական վարչակազմից արդարություն ակնկալել պաղեստինցիները չեն էլ կարող․ նման հարձակումները որպես կանոն դատավարության առարկա չեն դառնում։ Ռասայական սեգրեգացիայի (ապարտեիդ) քաղաքականությունը դրսևորվում է նաև արդարադատության համակարգում։ Հանցագործությունները, որոնք գրանցվում են Արևմտյան Ափին, քննվում են երկու տարբեր դատարանների կողմից․ պաղեստինցիների գործերը քննում է իսրայելական ռազմական դատարանը, իսրայելցիների գործերը՝ քաղաքացիական դատարանը։

_109737336_west_bank_settlements_oct_2019_640_3x-nc.png (1)
քարտեզը՝ BBC-ից

Ի՞նչ է ապարտեիդը և ինչո՞ւ է հենց այս հասկացությամբ նկարագրվում Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ

Իսրայելցի վերաբնակները իրենց հարձակումները ներկայացնում են որպես պատասխան պաղեստինցիների ահաբեկչական գործողություններին։ Իրականում դա այդքան էլ տենց չէ։ Իրականում սա հակամարտություն է՝ աշխարհի ամենաառաջատար բանակներից մեկի և Արևմտյան Ափի թույլ կազմակերպված պաղեստինյան խմբերի միջև։ Ինչպիսի՞ն էր այդ հակամարտությունը։ Պաղեստինացիները՝ զինված քարերով և/կամ դանակներով, հարձակվում են իսրայելցի զինվորականների վրա, որոնք պաղեստինյան տարածքներում ԱԹՍ-ներ ու տանկեր ունեն։ Ընդ որում՝ միջազգային իրավունքի տեսանկյունից իսրայելցի զինվորները համարվում են օտարերկրյա օկուպացիոն ուժեր։ Պաղեստինյան հարձակումների գերակշռող մասը զինվորականների (ոչ թե քաղաքացիական անձանց) դեմ է, այդ հարձակումների մեծ մասը տեղի է ունենում հենց Պաղեստինում (ոչ թե Իսրայելում)։ Մեծ հաշվով՝ սա բախում է Իսրայելի գաղութային ռեժիմի և վատ կազմակերպված, թույլ զինված պաղեստինյան խմբերի միջև՝ Պաղեստինի միջազգայնորեն ճանաչված տարածքում։

Եվ շատ կարևոր է ընդունել, որ խոսել վերջին հարձակման արմատների՝ շրջափակման, օկուպացիայի և ապարտեիդի մասին, չի նշանակում արդարացնել կամ աջակցել ՀԱՄԱՍ-ի մեթոդներին։

Ես դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ին սանձազերծած հարձակումը։ Այն զզվելի է, սարսափելի։ Բայց ես չեմ ուզում սուզվել ատելության, վախի և վրեժխնդրության մեջ, որոնք փոխարինվում են անպաշպանությամբ և հուսահատությամբ։ Որպես Իսրայելի քաղաքացի՝ ես ցանկանում եմ վճռական քայլեր տեսնել կառավարությունից։ Ստորև շարադրված ձևակերպումներից որոշները թարգմանություններ են՝ վերցված Breaking the Silence, B’Tselem և omdim beyahad հայտարարություններից, որոնց ես միացել եմ։

Իսրայելի քաղաքանությունը անվտանգության ոլորտում տասնամյակներ շարունակ հանգել է նրան, ինչ ընդունված է անվանել «հակամարտության կառավարում» («managing the conflict» / «ננהל את הסכסוך»)։ Վերջին տասնամյակների բոլոր կառավարությունները խոսում էին «զսպման» և «վնասազերծման» մասին, ինչը գործնականում ենթադրում էր Գազայի անվերջ ռմբակոծություններ, որոնց համար նպատակ էր հռչակվում «ահաբեկիչների ոչնչացումը» և որոնք ամեն անգամ ավարտվում էին քաղաքացիական բնակչության շրջանում ծանր կորուստներով։

ՑԱԽԱԼ-ի սպաներից շատերը մատնանշում են անվտանգությանը ոլորտում Իսրայելի ողբերգական սխալները։ Հնարավոր չէ կառուցել բանտ բաց երկնքի տակ, ինչպիսին էր Գազայի ողջ տարածքը, և ակնկալել, որ իրավիճակը վաղ թե ուշ չի պայթի։ Բացի մարդու իրավունքների բազմակի խախտումներից, այս քաղաքանությունը նաև անվտանգային լուրջ սպառնալիք էր հենց Իսրայելի քաղաքացիների համար։ Հարց, որ այսօր տալիս են գրեթե բոլոր իսրայելցիները՝ ո՞ւր էին Իսրայելի զինվորները հոկետմբերի 7-ի առավոտյան, ինչո՞ւ էր թվում, թե ՑԱԽԱԼ-ը պարզապես անհետացել է։

Պատասխանը պարզ է՝ ՑԱԽԱԼ-ը այդ ընթացքում զբաղված էր Արևմտյան Ափի օկուպացիայով։ Մենք զինվորներ ենք ուղարկում՝ ապահովելու վերաբնակների անվտանգ ներխուժումը պաղեստինյան քաղաքներ և պաղեստինցիների ջրային ռեսուրսների ոչնչացումը, ծեծելու ակտիվիստներին, քանդելու ճանապարհները բուլդոզերներով (1, 2), որպես պատիժ ոչնչացնելու պաղեստինցի ահաբեկիչների բարեկամների տները (1, 2, 3, 4, 5), ծեծելու աղոթողներին Ալ-Ակսայում, հանելու պաղեստինյան դրոշները այն մեքենայի վրայից, որը տեղափոխում է լրագրող Շիրին Աբու Աքլայի դին, և հարձակվելու սգո թափորի վրա․․․

Տասնամյակներ առաջ իմ երկիրը որոշել է հրաժարվել սեփական քաղաքացիների անվտանգությունից (մեր քաղաքներում և մեր ավաններում)՝ հանուն օկուպացիայի և միլիոնավոր քաղաքացիական բնակչության նկատմամբ վերահսկողության, հանուն հրեական բնակավայրերի գաղութային նախագծի։ Հոկետմբերի 9-ի դրությամբ զոհված իսրայելցիների թիվը հասնում է 800-ի, զոհված պաղեստինցիների թիվը Գազայում (վերջին օրերի ռմբակոծություններից հետո)՝ 510-ի։ Մոտ 130 իսրայելցիներ պատանդ են վերցվել, նրանք վտանգված են նաև սեփական օդուժի հարվածների պատճառով։ Կույր հավատը, թե մենք կարող ենք «կառավարել հակամարտությունը»՝ առանց այն լուծելու, քանդվեց մեր աչքի առաջ մեկ առավոտվա ընթացքում։ Այդ հավատը պահպանվում էր զուտ որովհետև ոչ ոք մինչ օրս չէր համարձակվում այն վիճարկվել։ Այժմ մենք ստիպված ենք այն վերանայել։

տե՛ս նաև՝ Հին ազգի նոր պետությունը