Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը պաշարված Գազայի հատվածում հրթիռակոծության է ենթարկվել բողոքական եկեղեցուն պատկանող՝ «Ալ Ահլի Ալ Արաբ» հիվանդանոցը, որում, վիրավորներից և հիվանդներից բացի, պատսպարվում էին նաև իսրայելական պերմանենտ ավիահարվածներից թաքնվող, իրենց բնակավայրերից տեղահանված հարյուրավոր պաղեստինացիներ։
Al Arabiya հեռուստակայանի տվյալներով՝ զոհվածների թիվը հասնում է 800-ը (այլ աղբյուրներ գրում են 500 զոհի մասին):
«Ալ Ահլից» հրապարակված լուսանկերներում (դրանց իսկությունը ստուգելու հնարավորություն չկա) երևում է՝ ինչպես են վերապրածները մթության մեջ փորձում դուրս բերել վիրավորների արյունոտված և խեղված մարմինները, փողոցում շարված են դիերը, երևում են նաև պայթյունից ավիրված մեքենաներ։
Ուշ գիշերը Գազայի Ալ Շիֆա հիվանդանոցի բժիշկները մամուլի համար հայտարարություն են ընթերցել՝ կանգնած Ալ Ահլիից իրենց մոտ բերված, սպիտակ արկղերում փաթեթավորված դիերի մեջ։
Պաղեստինյան կողմը հիվանդանոցի թիրախավորման մեջ մեղադրել է Իսրայելին, որը հոկտեմբերի 6-ից՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ի վեր, հոծախումբ հրթիռակոծությությունների է ենթարկում գերխիտ բնակեցված Գազայի ողջ տարածքը։
Հարվածներ են հասցվում բնակելի շենքերին, դպրոցներին, հումանիտար կենտրոններին։ Իսրայելը սա մեկ որպես ինքնապաշտպանություն է ներկայացնում, մեկ՝ որպես կոլեկտիվ պատիժ։ Պաղեստինյան Գազայում զոհերի հաստատված թիվը, գերազանցում է 3 հազարը, ըստ որոշ աղբյուրների՝ հասնում 4 հազարի (ավերակների տակ բազմաթիվ աճյուններ են մնացել), կան տասնյակ հազարավոր վիրավորներ։ Զգալի մասը կանայք և երեխաներ են։ Իսրայելի պաշտոնյաները պաշարված ժողովրդին պարբերաբար հորդորում են լքել շրջափակված Գազայի հատվածը, որից որևէ ելք գործնականում չկա․ սահմանային անցակետերը փակ են պահում ո՛չ միայն իսրայելցիները, այլև հարևան Եգիպտոսը։
Գազայի իշխանությունները պաղեստինյան ժողովրդի հերթական կոտորածի մեջ մեղադրել են ոչ միայն Իսրայելին, որի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, ավիրում է Գազան և սպառնում լայնածավալ ցամաքային «օպերացիայով», այլև արևմտյան գերտերություններին և առավելապես Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ին։
Իսրայելի պաշտպանության բանակը երեկ գիշերը հայտարարել է, թե Ալ Ահլի հիվանդանոցը ավիրվել է ոչ թե իսրայելական հարվածի հետևանքով, այլ [Իրանի աջակցությունը վայելող] «Իսլամական ջիհադ» խմբավորման արձակած հրթիռից։ «Իսլամական ջիհադը» գործում է Գազայում և դաշնակցում է հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի հետ։ Հրթիռը, ըստ իսրայելական ՑԱԽԱԼ-ի, արձակվել է այնտեղից՝ Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ, բայց տեղ չի հասել և խոցել է հենց Գազայում գտնվող հիվանդանոցը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղի ունեցածում մեղադրել է «բարբարոս ահաբեկիչներին», որոնք սպանում են սեփական երեխաներին։ Այս վարկածը փաստարկելու համար իսրայելական բանակը ինչ-որ քարտեզ է հրապարակել, որում, ըստ նրանց, արտացոլվում է Գազայից արձակված հրթիռների հետագիծը՝ ֆիքսված ռադարների կողմից։ Իսրայելական մամուլում շրջանառվում է Times of Israel-ի հրապարակած տեսանյութը, որը ներկայացվում է որպես հրթիռակոծության պահի վավերագրած և իսրայելական վարկածը հիմնավորող։
«Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությունը իսրայելական կողմի մեղադրանքները կտրականապես հերքել է։
Իրանում սուգ է, Բայդենը հպարտ է
Եգիպտոսը կատարվածը որակել է որպես «կանխամտածված ռմբակոծություն», «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում» և կոչ արել Իսրայելին անհապաղ դադարեցնել Գազայի բնակիչների դեմ կոլեկտիվ պատժի քաղաքականությունը։ Արաբական պետությունների լիգայի ղեկավարը արևմտյան առաջնորդներին հորդորել է այս աղետի դեմն առնել և մեղադրել Իսրայելին ռազմական հանցագործությունների համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածը անվանել է «մարդկային հիմնական արժեքներից զուրկ հարձակումների վերջին օրինակը»: Նման հայտարարություններ են հնչել նաև Կատարի, Հորդանանի, պաղեստինցիներին աջակցող Իրանի կողմից։ Տեղի ունեցածը դատապարտել է նաև Կանադայի վարչապետը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իսկ ԵՄ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելը խախտում է միջազգային իրավունքը։
Իրանի խորհրդարանի հոկտեմբերի 18-ի նիստը սկսվել է «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային» վանկարկումներով։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Գազայի հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումն անվանել է «դաժան պատերազմական հանցագործություն», «ցեղասպանություն» և հորդորել միջազգային հանրությունն ու հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կատարել իր պարտավորությունները, հետաքննել Գազայում ռազմական հանցագործության մասշտաբները և պատասխանատվության ենթարկելու իսրայելցի պաշտոնյաներին։ Իրանում մեկօրյա համազգային սուգ է հայտարարել, պաշտոնական Թեհրանը գրավոր հայտարարությամբ կոչ է արել միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ իսլամական երկրներին, խզել հարաբերությունները Իսրայելի հետ և արտաքսել իրենց երկրներում գտնվող Իսրայելի դեսպաններին։ «Գազայի հիվանդանոցում վնասվածքներից բուժվող անմեղ պաղեստինցիների վրա այս գիշեր ընկած ամերիկա-իսրայելական ռումբերի կրակը վաղ թե ուշ կլանելու է սիոնիստներին, ազատ մարդու լռությունը նման ռազմական հանցագործության նկատմամբ անընդունելի է», – X սոցիալական ցանցի իր գրառման մեջ նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր ժամանել է իսրայելական Թել Ավիվ։ Մինչ այդ Սպիտակ տունը դատապարտել է հիվանդանոցի թիրախավորումը՝ առանց մեղավորներին մատնանշելու։ Թել Ավիվում Բայդենը կրկին աջակցել է Իսրայելին և Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել՝ կարծես թե հիվանդանոցին հարվածել է [ոչ թե Իսրայելը, այլ] մյուս կողմը։ Ամերիկայի նախագահն ու Իսրայելի վարչապետը այնուհետև կոչ են արել աշխարհին միավորվել ընդդեմ ՀԱՄԱՍ-ի։ Բայդենը հայտարարել է, որ «հպարտ է» լինել Իսրայելում։
Ալ Ահլի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից հետո տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկներում բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ Իսրայելի։ Բախումներ են եղել Պաղեստինում՝ Հորդանանի Արևմտյան ափին, բազմահազարանոց ցույցեր են անցել նաև Թուրքիայի, Լիբանանի, Հորդանանի, Թունիսի մայրքաղաաքներում։ Որոշ տեղերում ցուցարարները փորձել են գրոհել Իսրայելի դեսպանատունը։ Անկարայում ոստիկանությունը նրանց դեմ ջրցան մեքենաներ, Բեյրութում՝ արցունքաբեր գազ է կիրառել։ Թունիսում ցույցեր են անցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ (Միացյալ Նահանգների դեսպանատունն այնտեղ փակվել է դեռևս անցյալ շաբաթ՝ իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից հետո)․ ցուցարարները Արևմուտքին մեղադրում են պաղեստինցիների ցեղասպանությունը արտոնելու և հովանավորելու մեջ։ Բողոքի ցույցեր են եղել նաև եվրոպական խոշոր քաղաքներում։
վատագույն սցենար
Հորդանանը երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ քառակողմ գագաթնաժողովի չեղարկման մասին։ Մինչ այդ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել է նաև պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը։
Բայդենից և Աբասից բացի՝ բանակցություններին հինգշաբթի օրը պետք է մասնակցեին նաև Եգիպտոսի նախագահը և Հորդանանի թագավորը։
BBC-ին՝ հղվելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Բարբարա Փլեթ-Աշերին, գրել էր՝ հիվանդանոցում տեղի ունեցածը Ամերիկայի նախագահի համար հնարավոր սցենարներից վատագույնն էր։
հարված դպրոցին
Նույն օրը ավելի վաղ իսրայելական բանակը ավիահարված էր հասցրել Գազայում գտնվող՝ փախստականների Ամ Մահազի ճամբարի դպրոցի վրա։ ՄԱԿ-ի տվյալներով, այնտեղ առնվազն 6 մարդ զոհվել էր, տասնյակները՝ վիրավորվել։ Ենթադրվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կաճի։
«Սա զայրացուցիչ դեպք է, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քամահրական վերաբերմունքը խաղաղ բնակիչների կյանքերի նկատմամբ», – հայտարարել է ՄԱԿ-ի մերձարևելյան գործակալությունը, որը աջակցում է պաղեստինացի փախստականներին։
Ըստ նույն կազմակերպության, Իսրայելական բանակի կողմից թիրախավորված դպրոցում առնվազն 4 հազար մարդ կար պատսպարված․ «Այդ մարդիկ գնալու այլ տեղ չունեին և հիմա էլ չունեն»։
տե՛ս
Պատկերացնել կյանքը Պաղեստինում՝ առանց Համասին արդարացնելու