Պաղեստինցի 51-ամյա լրագրողուհի՝ Շիրին Աբու Ակլեի դեմքին կրակել են պաղեստինյան Ջենին քաղաքում՝ իսրայելական արշավը լուսաբանելու ժամանակ։ Al Jazeera֊ն լրագրողի դիտավորյալ սպանության մեջ իսրայելցի զինվորականներին է մեղադրում։ Իսրայելը չի ընդունում իր մեղավորությունը՝ պնդելով, թե լրագրողի վրա կարող էին կրակել զինված պաղեստինցիները։
Մայիսի 11֊ին լրագրողը մեկնել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինի փախստականների ճամբար․ Իսրայելի զինվորական և անվտանգության ուժերը այնտեղ արշավ էին պլանավորել՝ «հնարավոր ահաբեկչությունը կանխելու» նպատակով։ Արշավը լուսաբանելու ընթացքում զինվորականները կրակել են լրագրողուհու գլխին․ Աբու Ակլեին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա մահացել է։
Դեպքի վայրում գտնվող Աբու Ակլեի գործընկերները հայտնել են, որ լրագրողը սաղավարտով և «ՄԱՄՈՒԼ» մակագրությամբ զրահաբաճկոնով էր, և որ լրագրողների վրա կրակել են իսրայելական կողմից․ նրանց խոսքով, դեպքի ժամանակ պաղեստինական զինված ուժերի կողմից որևէ դիմադրություն չկար։
«Մենք պատրաստվում էինք Իսրայելի զորքի ռազմական օպերացիան նկարահանել, երբ հանկարծ մեր վրա սկսեցին կրակել՝ առանց հեռանալ կամ նկարահանումը դադարեցնել պահանջելու։ Առաջին կրակոցը ինձ կպավ, իսկ երկրորդը Շիրինին։ Գործողության վայրում պաղեստինցի զինվորականների կողմից առհասարակ դիմադրություն չկար», – պատմում է Al Jazeera֊ի թղթակից Ալի Սամուդին, որին նույնպես հիվանդանոց էին տարել։ Այժմ նրա առողջական վիճակը կայուն է։
Իր թղթակցի սպանության մասին հայտնելու նպատակով Al Jazeera-ն դադարեցրել է եթերը․ գործակալությունը կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել իսրայելական զինվորականներին լրագրողի դիտավորյալ սպանության համար։
Շիրին Աբու Ակլեի մահը վկայում է մեդիա աշխատողների (մասնավորապես, պաղեստինցի) նկատմամբ իսրայելական հարձակումների բարձր հաճախության և դրանց անպատիժ մնալու մասին, գրում է Al Jazeera-ն։
Նախօրեին Լրագրողների միջազգային ֆեդերացիան, Պաղեստինցի լրագրողների սինդիկատը և Պաղեստինցիների նկատմամբ արդարության միջազգային կենտրոնը Միջազգային քրեական դատարան պաշտոնական բողոք են ներկայացրել՝ պաղեստինցի լրագրողներին կանոնավոր կերպով թիրախավորելու վերաբերյալ։
Իսրայելի պաշտպանության բանակը կտրականապես հերքում է իր կողմից լրագրողների կանխամտածված թիրախավորումը։ Զինվորականները պնդում են, որ Ջենինի օպերացիայի ժամանակ կրակ էին բացել ի պատասխան լայնամասշտաբ ռմբակոծման։ Իսրայելը առաջարկել է նաև դեպքի համակցված հետաքննություն սկսել՝ Պաղեստինի հետ միասին, սակայն պաղեստինյան իշխանությունները մերժել են առաջարկը։
Իսրայելում և Պաղեստինում Human Rights Watch-ի տնօրեն Օմար Շակիրը Al Jazeera-ին տեղեկացրել է, որ կազմակերպությունը ուսումնասիրում է Աբու Ակլեի սպանության հանգամանքները․ Իսրայելի հետաքննությունները նա արդարացման մեխանիզմներ է անվանել («whitewashed mechanisms»)։
51֊ամյա Շիրին Աբու Ակլեն Al Jazeera-ի առաջին թղթակիցներից էր․ նա լրատվամիջոցին էր միացել 1997 թվականին և հայտնիություն ձեռք բերել երեք տարի անց՝ Ալ֊Ակսայի ապստամբությունը («պաղեստինյան երկրորդ ինտիֆադա») լուսաբանելու արդյունքում։ Հեռուստալրագրողը, ի թիվս այլի, լուսաբանել է 2008, 2009, 2012, 2014 և 2021 թվականների Գազայի հատվածի պատերազմները և 2006 թվականին տեղի ունեցած Երկրորդ լիբանանյան պատերազմը: