Լուիս Էնրիկե Ռամիրես Ռամոսը 2022 թվականին Մեքսիկայում սպանված 9֊րդ լրագրողն է․ այս տարի երկրում մեդիա աշխատանքը ակնհայտորեն մահացու է դարձել։
Լրագրողին գտել են մայիսի 5-ին Սինալոա նահանգի հյուսիսում՝ մի հողային ճանապարհի վրա, պլաստիկի մեջ փաթաթված: Դատախազների խոսքով՝ մահվան պատճառը գլխի բազմաթիվ հրազենային վիրավորումներն են: Ռամիրեսը ոստիկանությանը որևէ սպառնալիքի մասին չի զեկուցել։ Լրագրողի անհետանալու մասին նույնպես չի զեկուցվել մինչև նրա դին հայտնաբերելը։
Սպանության դրդապատճառները դեռևս չեն պարզվել, սակայն հայտնի է, որ Սինալոայի նահանգը գտնվում է տխրահռչակ նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի «Սինալոա» կարտելական խմբավորման վերահսկողության տակ։ Մեքսիկական նահանգներում լրագրողները հաճախ են թիրախավորվում՝ թմրանյութերի կարտելների գործունեությունը կամ տեղի քաղաքական գործիչների և ոստիկանության հետ դրանց կապերը լուսաբանելու պատճառով։
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հաստատում է, որ սա երկրում լրագրողի սպանության 9-րդ դեպքն է. պատերազմական գոտիներից դուրս Մեքսիկան մեդիա աշխատակիցների համար ամենավտանգավոր երկիրն է համարվում:
Լրատվական գործակալությունները պնդում են, որ երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի լրագրողների մասին արված շարունակական քննադատությունները տարբեր բռնությունների նկատմամբ մեդիա աշխատողներին ավելի խոցելի են դարձրել։
Փետրվարին Ամերիկյան մամուլի ասոցացիան նախագահին կոչ է արել շտապ դադարեցնել մամուլի նկատմամբ վիրավորանքներն ու հարձակումները, քանի որ դրանք՝ հնչելով իշխանության վերին օղակների կողմից, ընկալվում են որպես մեդիա աշխատողների նկատմամբ իրականացվող բռնության խրախուսում։