հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Արվեստագետների բացատրությունը չօգնեց. խոզի գլխով «հրեան» ընդդեմ «Ժողովրդի արդարության»

Արվեստագետների բացատրությունը չօգնեց. խոզի գլխով «հրեան» ընդդեմ «Ժողովրդի արդարության»

Documenta-ն նախ ծածկել, իսկ հետո Կասելի քաղաքապետի հանձնարարությամբ ցուցահանդեսից հեռացրել է ինդոնեզիական Taring Padi կոլեկտիվի «Ժողովրդի արդարություն» (People’s Justice) պաննոն։ Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհուրդը, ավելի ուշ՝ նաև գերմանացի չինովնիկներն ու «մտահոգ» հանրությունը արվեստագետներին մեղադրում էին հակասեմիտականության մեջ։ Taring Padi-ի անդամները հայտարարություն են տարածել և աջակցել 20 տարի առաջ արված մեծանկարի հեռացմանը։

6People’s Justice պաննոն, Կասել, 2022 հունիս

Documenta՝ միջազգային կոլեկտիվ ցուցահանդեսները անցկացվում են հինգ տարին մեկ՝ Գերմանիայի Կասել քաղաքում։ Documenta 15-ի բացումը տեղի է ունեցել հունիսի 18-ին․ ցուցահանդեսը կենտրոնանում էր Գլոբալ Հարավի արվեստի վրա, համադրողները ինդոնեզիական Ruangrupа կոլեկտիվի արվեստագետներն էին։

Germany DocumentaDocumenta 15-ի 32 էքսկոզիցիաներից մեկը

Taring Padi-ի People’s Justice մեծապատկերը ստեղծվել է դեռևս 2002 թվականին, առաջին անգամ ցուցադրվել է Ավստրալիայում։ Այն նեռվել էր նաև Documenta-ի այս տարվա ցուցադրության մեջ։

Պաննոյի ձախ կողմում իսրայելական Մոսադի (հետախուզական գործակալություն), սովետական КГБ-ի, ամերիկյան բանակի, բրիտանական MI6-ի, ինդոնեզիական ստորաբաժանումների զինվորն են, համազգեստավոր ֆաշիստները, կորպորացիաների մարտիկները, որոնք անցնում են կմախքների վրայով։ Մոսադի գործակալներից մեկը խոզի գլուխ ունի։ Խոզի գլխով կոստյումավոր մեծահարուստը սենդվիչ է ուտում, պաստառներից մեկի վրա գրված է՝ «be happy»։ Ազատ տարածությունը լցված է փողի, զենքի, միջուկային մարտագլխիկների, սուպերմարկետի ապրանքների, գործարանների և ինդուստրիալ արվարձանների պատկերներով։ Պերսոնաժներից մեկը հրեական պեյսեր ունի, նրա ցիլինդրի վրա SS-ի (ռազմականացված կազմակերպություն ֆաշիստական Գերմանիայում) նշանն է։ Վերևում կարմիր կոստյումով իշխանավորն է՝ շրջապատված փողի քսակներով, ֆինանսիստներով, չինովնիկներով․․․ Ներքևում գանգ է, որի վրա գրված է «The expansion of multicultural state hegemony» (բազմամշակութային պետական հեգեմոնիայի ընդլայնումը)․․․

3
հատված People’s Justice պաննոյից

Աջ կողմում ժողովուրդն է՝ մարդիկ, որոնք հաց են ուտում, հող են մշակում, հանգստանում, երգում, պարում, սովորում և պայքարում։ Նրանց ձեռքում պաստառներ կան՝ «Resistance culture movement» (Դիմադրության մշակութային շարժում), «Dead you, tirani!!» (Մեռա՛ծ եք, տիրակալներ)։

5հատված People’s Justice պաննոյից

Ամենավերևում ժողովրդի դատաստանն է և ճաղերի հետևում հայտնված կոստյումավոր կենդանիները․․․

4հատված People’s Justice պաննոյից

Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդը համարել է, որ այս գործը հակասեմիտական է։ Նրանց վիրավորել են «հրեաների ծաղրանկարները»՝ Մոսադի գործակալի խոզի գլուխն ու պեյսերով տղամարդու ցիլինդրը։ Մեղադրանքներին ավելի ուշ միացել են նաև Գերմանիայի նախագահը, դաշնային կառավարության և Հեսսեն նահանգի մշակույթի նախարարները։

Documenta 15-ի բացման արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, թե արվեստի ազատության համար «կան սահմաններ», հիշեցրել է Գերմանիայի «ցավոտ պատմության» մասին և պնդել, թե «ճանաչել Իսրայելի պետականությունը նշանակում է ճանաչել ժամանակակից հրեական համայնքի արժանապատվությունն ու անվտանգությունը»։

8հատված People’s Justice պաննոյից

Taring Padi կոլեկտիվը հայտարարություն է տարածել, ներողություն խնդրել, արդարացել, պարզաբանել և տեղեկացրել, որ գործը հեռացվել է ցուցահանդեսից․ 

«<․․․> Մենք սովորել ենք մեր սխալից, և այժմ ճանաչում ենք, որ մեր պատկերը կարող է հատուկ նշանակություն ունենալ Գերմանիայի պատմական համատեքստում <․․․> Որպես արվեստագետների կոլեկտիվ, որը դատապարտում է ռասիզմն իր բոլոր ձևերով, մենք ցնցված ենք և ցավում ենք լրատվամիջոցներում բարձրացված աղմուկի համար, որ մեզ պիտակավորել է որպես հակասեմիտ։ Այս հայտարարության միջոցով մենք ցանկանում ենք վերահաստատել մեր հարգանքը բոլոր մարդկանց նկատմամբ <․․․> և ներկայացնել ապամոնտաժված արվեստի գործի պատմության ու ստեղծման համատեքստը։

8×12 մետրանոց «Ժողովրդի արդարություն» բաները ստեղծվել է մեր կոլեկտիվի շատ անդամների կողմից՝ 2002 թվականին Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում։ Բաները ծնվել է Սուհարտոյի [Ինդոնեզիայի նախկին նախագահ] ռազմական բռնապետության տակ ապրելու տարիների մեր պայքարից՝ բռնությունը, շահագործումն ու գրաքննությունը ամենօրյա իրականություն էին։ Ինչպես մեր բոլոր արվեստի գործերը՝ այս բաները փորձում է բացահայտել ուժային բարդ հարաբերությունները, որոնք կանգնած են այս անարդարությունների հետևում, և հասարակության հիշողության միջից 1965-ի Ինդոնեզիայի ցեղասպանության ջնջումը, որի ժամանակ ավելի քան 500 հազար մարդ է սպանվել։

Սառը պատերազմի տարիներին՝ Կորեայի հակակոմունիստական ու Վիետնամի պատերազմներից հետո, Սուհարտոյի պետական հեղաշրջումը և նրա ռեժիմի հետագա հաստատումը մեծ աջակցություն են ստացել ամբողջ աշխարհից։ Տարբեր արևմտյան դեմոկրատական երկրներ, այդ թվում՝ մեր նախկին գաղութատերը, հավանություն են տվել (հանրայնորեն կամ գաղտնի) ռազմական ռեժիմին, այլ ոչ թե երիտասարդ ժողովրդավարական հանրապետությանը, որը սերտ կապեր էր զարգացրել տարածաշրջանի այլ սոցիալիստ ու կոմունիստ երկրների հետ։ CIA-ը (ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը) և այլ գաղտնի ծառայություններ ենթադրաբար նրանց զինամթերք ու հետախուզություն են մատակարել։ 

«Ժողովրդի արդարություն» պաննոն ներքին ու արտաքին այս ուժերը ներկայացնում է  պատկերազարդ տեսարանում և վիզուալ լեզվի միջոցով փորձում պատկերել բարդ պատմական հանգամանքները, որոնք նույնքան անհանգստացնող են, որքան բռնության իրականությունը։ «Ժողովրդի արդարությունը» նկարվել է գրեթե 20 տարի առաջ և արտահայտում է մեր հիասթափությունը, վրդովմունքն ու զայրույթը՝ որպես քաղաքականացված արվեստի ուսանողների, որոնք կորցրել են ընկերներից շատերին նաև 1998 թվականի հայտնի դիմադրության փողոցային կռիվներում։ Այդ դիմադրությունն ի վերջո հանգեցրեց բռնապետի հրաժարականին: 

Պատկերները, որոնք մենք օգտագործում ենք, երբեք նախատեսված չեն որպես ատելություն՝ ուղղված որոշակի էթնիկ կամ կրոնական խմբին, այլ որպես միլիտարիզմի ու պետական բռնության քննադատություն: Մենք սխալ ձևով ենք պատկերել Իսրայել պետության կառավարությանը և ներողություն ենք խնդրում դրա համար։ Հակասեմիտականությունը տեղ չունի մեր սրտերում ու մտքերում <․․․>»։

Documenta 15-ի և հեղինակների որոշմամբ պաննոն ծածկվել է հսկայական սև կտորով։

Գերմանիայի մշակույթի նախարարը սա բավարար չի համարել։ Նա խոստացել է «հետաքննել» այն որոշումները, որոնց շնորհիվ այս աշխատանքն առհասարակ հայտնվել էր ցուցահանդեսում։ «Պարզապես ծածկելը և Taring Padi կոլեկտիվի հայտարարությունն այս առնչությամբ բացարձակապես անընդունելի են», – հայտարարել է դաշնային նախարարը։ 

Կարճ ժամանակ անց Կասելի քաղաքապետի հրամանով աշխատանքը ամբողջությամբ ապամոնտաժվել է։ «Հսկայական վնաս է հասցվել Կասել քաղաքին, Հեսսեն նահանգին և Documenta-ին, տեղի է ունեցել մի բան, որ երբեք չպետք է տեղի ունենար», – ասել է գերմանացի պաշտոնյան։

2