Իսրայելը շարունակում է ոչնչացնել պաղեստինյան Գազայի հատվածը։ Խիտ բնակեցված շրջանի հոծախումբ հրետակոծություններն ու ցամաքային մարտերը ներկայացվում են որպես «հակաահաբեկչական գործողություն ընդդեմ ՀԱՄԱՍ-ի»։
Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ պաշարված հատվածում ավելի քան 25 հազար պաղեստինցի է զոհվել, ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհերի մոտ 70 տոկոսը կանայք և երեխաներն են։ Վիրավորների թիվը անցել է 62 հազարը։ Կան բազմաթիվ անհետ կորածներ։ Անցած գիշեր և այսօր առավոտյան իսրայելական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, թիրախավորել է հարավում գտնվող Խան-Յունիս բնակավայրը․ պաշտոնական տվյալների համաձայն, առնվազն 50 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել։ «Շատերը շարունակում են մնալ փլատակների, իսրայելական հարձակման պատճառով բժիշկներն ի վիճակի չեն մոտենալ նրանց», – նշել է Գազայի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Գիդրան։
Հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելը հաղորդել է մոտ 1400 զոհերի մասին (Գազայի դեմ ցամաքային օպերացիայի մեկնարկից հետո իսրայելական բանակը 193 զոհ է ունեցել և 1203 վիրավոր)։ Երկու հարյուրից ավել իսրայելցիներ գերեվարվել են պաղեստինցի զինյալների կողմից․ նրանց մի մասը արդեն փոխանակվել է պատանդառված պաղեստինցի «բանտարկյալների» (բոլորը կանայք և երեխաներ են) հետ։
Գազայի մի զգալի մասը այս ընթացքում վերածվել է ավերակների։ Իսրայելը ոչնչացնում է բնակելի թաղամասերը, հիվանդանոցները, փախստականների ճամբարները, համալսարանները։ Մարդիկ փախչելու տեղ չունեն՝ բոլոր սահմանները փակ են։
Զուգահեռաբար շարունակվում է նաև պաղեստինյան Արևմտյան ափի օկուպացիան և էթնիկ զտումը՝ հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական բանակն այնտեղ առնվազն 350 մարդ է սպանել, պաղեստինյան գյուղերի վրա իսրայելցի վերաբնակների հարձակումներին աջակցել են օկուպացիոն ուժերը։
IPC դասակարգչի համաձայն, Գազայի բնակիչներից մոտ 378 հազարը «պարենային անվտանգության աղետալի մակարդակում» են, այսինքն՝ ապրում են սովամահ լինելու եզրին։ Եվս 939 հազար պաղեստինցիներ, ըստ նույն դասակարգչի, «արտակարգ իրավիճակում են»՝ սովի եզրին։ Գազայի բնակչության մնացած մասը թերսնված է և ապրում է սովի վտանգի մեջ։ Պարենային դեֆիցիտին գումարվում է ջրի պակասը՝ Իսրայելից էկող 3 ջրատարներից 2-ը փակ են, 1-ը՝ վթարված։
Ապաստարանների գերծանրաբեռնվածության պատճառով Գազայում համաճարակ է սպասվում՝ հեպատիտ A-ով վարակվածության ցուցանիշները, ըստ տեղական ԱՆ-ի, անցել են 8 հազարը և շարունակում են աճել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գազայի 36 հիվանդանոցներից միայն 15-ն են մասնակի գործում։
Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այսուհետ խոսելու ոչ թե Գազայի հատվածում խաղաղ կարգավորման գործընթացի, այլ միայն պաղեստինյան պետության վերականգնման մասին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մշտապես ընդդիմացել է պաղեստինյան պետության գաղափարին (և հրապարակավ հպարտանում է, որ ժամանակին կանխել է դրա ստեղծումը)։ Հունվարի 18-ի ասուլիսին նա վերահաստատել է՝ դեմ է արևմտյան դաշնակիցների առաջարկած «երկու պետություն հայեցակարգին», համարում է, որ պաղեստինյան ինքնիշխանությունը (նույնիսկ 1967 թվականի սահմաններում) հակասում է Իսրայելի անվտանգությանը և ազգային շահերին, ուստի պատերազմը շարունակվելու է, պետք լինի՝ ևս մի քանի ամիս, մինչև Իսրայլի «լիակատար հաղթանակը»։ Լիակատար հաղթանակի տակ Նեթանյահուն հասկանում է իսրայելցի պատանդների վերադարձը և «ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը»։ Թե ինչ է սա նշանակում՝ մինչև վերջ պարզ չէ․ չնայած Իսրայելն ու նրա արևմտյան դաշնակիցները ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական խմբավորում են համարում, խոսքը Գազայի հատվածի դե յուրե և դե ֆակտո իշխանության մասին է։
Հունվարի 11-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Իսրայելի դեմ դատական լսումները։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը պնդում է, որ Իսրայելը պաղեստինցիների դեմ համակարգված ցեղասպանություն է իրականացնում․ փաստաբանները վկայակոչում են ՑԱԽԱԼ-ի պատերազմական հանցագործությունները և իսրայելցի պաշտոնյաների դեհումանիզացնող հայտարարությունները։ Իսրայելը այս մեղադրանքները կտրականապես հերքում է, պնդում, թե «անում է հնարավորը, որպեսզի ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը չազդի խաղաղ բնակչության վրա»։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատրերազմի հետ համեմատությունները Իսրայելի փաստաբանները «անհեթեթություն են» որակում։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Միջազգային դատարանից պահանջում հրատապ միջոց կիրառել՝ Գազայի պաղեստինցիներին պաշտպանելու համար։ Ակնկալվում է, որ Նիդեռլանդներում գործող դատարանը այս ամսվա վերջին կհրապարակի որոշումը՝ հրատապ միջոց կիրառելու հարցով, թեև բուն՝ ցեղասպանության մեղադրանքների վերաբերյալ որոշման համար, ըստ իրավաբանների, տարիներ կարող են պահանջվել։
տե՛ս
Հին ազգի նոր պետությունը
Պատկերացնել կյանքը Պաղեստինում՝ առանց Համասին արդարացնելու
ՀԱՄԱՍ-ի հենքն ու հիմքը
Սպանում են հիվանդանոցներում, դպրոցներում. պաղեստինցիները փախնելու տեղ չունեն
․․․