Իրանում տեղի ունեցածի, հնարավոր զարգացումների վերաբերյալ վերլուծությունների ու «վերլուծությունների» համատեքստում մեթոդական/տրամաբանական երկու ծուղակի մասին կուզեի գրել։
Առաջինն այն է, երբ որևէ իրադարձության համար ջանք չի խնայվում գտնել մեն-միակ պատճառ՝ կլինի Երուսաղեմում տեղի ունեցած պայթյունը, Ռուսաստանին տրամադրվող դրոնները, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա երկու օր առաջ տեղի ունեցած հարձակումը, թե ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իսրայելում գտնվելու հանգամանքը, որևէ իրադարձություն միայն մեկ պատճառի հետ կապելը շեղում է տրամաբանական վերլուծությունից։
Երկրորդն այն է, երբ առաջին մոտեցումից խուսափելու համար ու իրադարձությունը լայն պատկերում դիտարկելու նպատակով, այդ պատկերն անվերջ ընդլայնվում է՝ մինչև պատկերը լղոզելու մակարդակի։
Վերը թվարակածս բոլոր փաստերի կողքին կարելի է դնել նաև էն հանգամանքը, որ Իրանում ներաքաղաքական լարված իրադրություն է, որ դեռևս անցյալ տարի հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում հայտարարեց, որ խոստանում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի ու այդ նպատակին հասնելու համար չի խորշի որևէ մեթոդից, անգամ ռազմական՝ եթե բոլոր մյուս մեթոդները սպառեն իրենց կենսունակությունը, որ տարածաշրջանում հյուսիս-հարավ արևմուտք-արևելք ծրագրերի մրցակցության թեժ փուլ է ու Իրանում անկայություն ստեղծելով խոցելի է դառնում ծրագրերից հենց հյուսիս-հարավը, որ Իրանում հեղափոխության տարեդարձի օրեր են սկսում, որ Եգիպտոսի նախագահը Հայաստանում է, որ Իրանի՝ կարճ հեռահարությամբ հրթիռների անունը “Երկրաշարժ” է ու երեկ ոչ միայն ռազմական արդյունաբերության համար կարևոր օբյեկտներ են թիրախավորվել, այլև երկրարաշարժ է եղել Իրանում․․․կարճ ասած՝ “սավպաձենիե՞, նի դումայու” թեզի համար անթիվ համար փաստեր կարելի է հիշատակել ու պատկերն անվերջ ընդլայնելով այն ֆոկուսից գցել։
Իսկ երկու ծուղակներից անդին՝ էս պահի դրությամբ քիչ բան կարելի է հաստատ ասել։ Դրանց թվում՝
— Միջազգային մեդիան հաղորդում է Իրանի՝ ռազմարդյունաբերության կարևոր օբյեկտների վրա ԱԹՍներով հարձակման մասին,
— Իրանը պաշտոնապես հաստատել է միայն Սպահանում տեղի ունեցած հարձակումը։ Երկրի խխորքում գտնվող Սպահանի վրա հարձակման մասին պաշտոնական հաղորդագրության տրամաբանությունը հուշում է, որ սլաքներն ուղղվելու են երկրի ներսից գործողություններ իրականացնող կառույցների՝ մասնավորապես “Մոջահեդինե Խալղ” կազմակերպության վրա (ինչ, իհարկե, չի բացառում արտաքին ուժերի ներգրավվածությունը, բայց առնվազն ապահովագրում է արտաքին սահմանների՝ անպաշտպան լինելու մասին թեզի կենսունակ լինելուց)։
— Այսպիսի հարձակումներով հիբրիդային պատերազմը՝ Իրանի դեմ ու Իրանի մասնակցությամբ, տասնամյակների պատմություն ունի, ու որպես կանոն՝ պատասխանը նույնպես հիբրիդային ձևաչափով է եղել։
— Իսրայելի վրեժխնդրության, Ռուսաստանին մատակարարումներից զրկելու, ներքին ավելի մեծ անկայություն ստեղծելու վերաբերյալ թեզերը բոլորն էլ քիչ թե շատ հիմնավորումներ ունեն, բայց թե որքանով կծառայեն իրենց նպատակին, դժվար է դեռ ասել։ Զարգացումների տարբեր սցենարներ կարող են լինել, բնականաբար, բայց լայնամասշտաբ պատերազմի հեռանկարից տարիներ է, ինչ խուսափում են և՛ Իրանի հակառակորդները, և՛ Իրանը։ Փոխված աշխարհաքաղաքական իրադրությունն էլ և կողմ, և դեմ փաստարկներ է ավելացրել այս ռազմավարության համար։
Աննա Դավթյան-Գևորգյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ