Ադրբեջանը քննադատել է Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանին «կյանք տալու» համար: Թուրքական Hürriyet Daily News-ին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Իրանը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում 30 համաձայնագիր ունի, ինչպես նաև հարևան երկրին է մատակարարում գազ և բենզին, նոր ճանապարհներ է ստեղծում:
«Այն փաստը, որ Հայաստանն այդքան համառ է ղարաբաղյան հակամարտության բանակցություններում, բացատրելի է հենց նրանով, որ նրանք օգնություն են ստանում Իրանից և Ռուսատսանից: Իրանը Հայաստանին կյանք է տալիս», – հայտարարել է Ազիմովը:
Ադրբեջանի և Իրանի փոխհարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ պաշտոնական Թեհրանը մեղադրել է Բաքվին Իսրայելի հետ մերձենալու համար: Իրանական կողմի կարծիքով՝ այդ մերձեցումն ուղղված է իր դեմ:
«Մեր փոխհարաբերությունները Իսրայելի հետ երկկողմանի համաձայնությամբ են իրականացվում, և Իրանը չպետք է անհանգստանա այդ առիթով», – անդրադառնալով Թեհրանի մտահոգություններին՝ ասել է Ազիմովը:
Նա նշել, է, որ Ադրբեջանը նույն հետաքրքրություններն ունի, ինչ Իսրայելը և երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ ոչ մի խնդիր չկա, թեև որպես մահմեդական երկիր Ադրբեջանը կողմնակից է Պաղեստինի ինքնավար պետության հաստատմանը:
Ադրբեջանի փոխարտգործնախարարը նաև կոչ է արել Իրանին չհամագործակցել Հայաստանի հետ, ինչպես դա անում է Թուրքիան՝ «մինչև Ադրբեջանի հողերի օկուպացիան չավարտվի»: