Պաղեստինցի տղամարդը, ով երեկ կրակ էր բացել Թել Ավիվի բարերից մեկում, սպանվել է Իսրայելի ոստիկանության կողմից, հայտնում են երկրի իշխանությունները:
Հինգշաբթի օրը պաղեստինցի մի տղամարդ մտել էր Թել Ավիվի մարդաշատ փողոցներից մեկում գտնվող փաբ և անկանոն կրակել՝ սպանելով երկու հոգու և ծանր վիրավորելով ևս 10-ին:
Ընդհանուր առմամբ, Իսրայելում վերջին երկու շաբաթվա ընթացքում 11 մարդ է զոհվել՝ իսրայելցի արաբների և պաղեստինցիների չորս փողոցային հարձակումների հետևանքով։
Մարտի 29-ին Թել Ավիվի մերձակայքում գտնվող Բնեյ Բրակ քաղաքում 5 մարդ է զոհվել Հորդանան գետի Արևմտյան ափից պաղեստինցու կրակոցից։ Տղամարդը սպանվել է ոստիկանների կողմից։
Մարտի 27-ին, երկու տղամարդ Հադերա քաղաքում կրակել և սպանել են երկու 19-ամյա ոստիկանների։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը (արգելված մի շարք երկրներում):
Մարտի 22-ին, Բեեր Շևա քաղաքում տղամարդը դանակով հարձակվել էր մարդկանց վրա առևտրի կենտրոնի մոտ՝ սպանելով երեքին և մեքենայի տակ գցելով հեծանվորդին, ով նույնպես մահացել էր։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը պատիժ է կրել իսրայելական բանտում և ծրագրել է միանալ Սիրիայում «Իսլամական պետությանը»:
Իսրայելի և՛ ներկայիս, և՛ նախկին վարչապետները խոսում են «ահաբեկչության նոր ալիքի» մասին, որը երկար ժամանակ չկար։
Ինչո՞վ են պայմանավորված հարձակումները
Իսրայելը օկուպացրել է Արևելյան Երուսաղեմ և (Հորդանան գետի) Արևմտյան ափը 1967 թվականին՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում։ Արևմտյան ափը անեքսիայի չի ենթարկվել և մինչ օրս տարածքի 80%-ը գտնվում է իսրայելական բանակի ռազմական ադմինիստրացիայի վերահսկողության տակ։ 20%֊ը վերահսկվում է 1994 թվականին ստեղծված Պաղեստինի ինքնավարության (ՊԻ) կողմից։ Արևմտյան ափից դուրս գալը մեծ հաշվով գրեթե անհնար է՝ խնդրանքների 99%-ը մերժվում են։ Այդ տարածքում ապրում է 2֊2.5 մլն պաղեստինցի և մոտ 350 հազար իսրայելցի (վերաբնակներ) կամ, ինչպես պաղեստինցիներն են կոչում, գաղութաբնակներ։
Իսկ Գազայի հատվածը, որ ղեկավարվում է «ՀԱՄԱՍ» զինյալ խմբավորման կողմից, տարիներ շարունակ գտնվում է օդային, ցամաքային և ջրային շրջափակման մեջ։
Պաղեստինցիների միլիոնավոր բնակչությունը բաղկացած է հիմնականում գյուղացիներից և ֆերմերներից։ Մարդկանց ամեն օր ներս են թողնում զուտ աշխատանքի համար՝ երեկոյան իրենց գետոն վերադառնալու պարտավորությամբ։ Վերաբնակները (իսրայելցիները) պարբերաբար այրում են պաղեստինցիների այգիները, գիշերները մորթում են կենդանիներին, կրակում և ծեծում պաղեստինցիներին, որպեսզի նրանց կյանքը դարձնեն անհնար և ստիպեն լքել Արևմտյան ափը (օրինակ, Հորդանան փախչեն)։
Արևմտյան ափի օկուպացիան ու դրանից բխող աղքատությունը, շահագործումը, ազգային և սոցիալական խտրականությունն է հրահրում փողոցային բախումները:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին կարող եք կարդալ այստեղ։