Home / Դատարան / Մարտի 1-ի գործով արդարացվեցին վարչապետը, դիվանագետը և երկրապահը

Մարտի 1-ի գործով արդարացվեցին վարչապետը, դիվանագետը և երկրապահը

Վճռաբեկ դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երկրապահի ղեկավար Սասուն Միքայելյանի, սկանդինավյան 5 երկրներում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի դատավճիռները․ Փաշինյանը, Միքայելյանն ու Արզումանյանն արդարացվել են։

Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրադատարանը դեռևս հունվարին վճռել էր՝ 2008-ի ընտրություններին հաջորդած դեպքերի ընթացքում Հայաստանը խախտել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խոսքի և հավաքների ազատության իրավունքը։

Դիմումները ՄԻԵԴ են ներկայացվել 2010 և 2011 թվականներին: Վճիռը հրապարակվել է արդեն Փաշինյանի կառավարության օրոք․ վարչապետ դառնալուց հետո նա հրաժարվել է իրեն պատճառված բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջից:

Արդեն փետրվարին Հայաստանի գլխավոր դատախազը դիմել էր վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով դատավճիռը և արդարացնել նրան։

Հիշեցնենք՝  մարտի 1-յան սպանդից հետո ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» և «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» հոդվածներով: 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը ավելի քան մեկ տարի հետախուզման մեջ էր, իրավապահ մարմիններին ներկայացել և բանտարկվել է 2009-ի հոկտեմբերին։ 2010-ի հունվարին համաներմամբ ազատ էր արձակվել:

Միքայելյան

Դեռևս 2021-ի սեպտեմբերին Եվրադատարանը ճանաչել էր նաև ազատամարտիկ, այն ժամանակ ընդդիմադիր Սասուն Միքայելյանի իրավունքների խախտումը  և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել Միքայելյանին փոխհատուցել մոտ 13 հազար եվրո։

Սասուն Միքայելյանը, որին ձերբակալել և մեղադրել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու/կրելու մեջ, 3 տարուց ավել անցկացևել է անազատության մեջ․ 2011 թվականին համաներմամբ ազատ արձակվեց։

Արզումանյան

Եվրադատարանն ավելի վաղ ճանաչել էր նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի իրավունքների խախտումը և պարտավորեցրել Հայաստանին Արզումանյանին վճարել շուրջ 12 հազար եվրո։

Մարտի 1-ից հետո ընդդիմադիր դիվանագետը «զանգվածային անկարգությունների կազմակերպելու» համար դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 1 տարի կալանքի տակ մնալուց հետո՝ համաներմամբ ազատ արձակվել։

2008-ի փետրվարին Երևանում մեկնարկած հետընտրական հավաքները ավարտվեցին կրակոցներով և զանգվածային բռնություններով։ Ընտրությունների կեղծման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ կիրառված հրազենից զոհվեցին Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Համլետ Թադևոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը:

10 զոհերի, հարյուրավոր վիրավորների և ապօրինի բանտարվածների համար բարձրաստիճամ պաշտոնյաներից ոչ ոք մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։