Home / Հայաստան / «Եթե ես չգնամ…». մարդկային ճակատագրեր. Տիգրան Խաչատրյանը զոհվել է մարտի 1-ին

«Եթե ես չգնամ…». մարդկային ճակատագրեր. Տիգրան Խաչատրյանը զոհվել է մարտի 1-ին

Տիգրան Խաչատրյանը մահացել է 2008 թվականի մարտի 1-ին: Նրա մասին Epress.am-ի հետ զրույցում պատմում է Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:

«Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1985թ. հունվարի 30-ին Երևանում: Սովորել է թիվ 114 միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Գյուղակադեմիայի Տրանսպորտի և տրանսպորտի կառավարման ֆակուլտետի հեռակա բաժին, ուսումը շարունակել է հայկական բանակում ծառայելուց հետո: Ստեղծել էր իր սեփական բիզնեսը, աշխատեցնում էր «Կրիստալ» տաքսի ծառայությունը:

Շատ ազնիվ էր, ընկերասեր, հայրենասեր: Բնավորությամբ շատ համարձակ էր և ոչ մի բանից չէր վախենում: Տիգրանը մինչև 2008թ. ընտրությունները համակրում էր Արթուր Բաղդասարյանին և նրա նախընտրական երկու հանդիպմանը մասնկացելուց հետո շատ հուզված էր: Բայց ես ցավում եմ, որ Արթուր Բաղդասարյանը իր ստերի համար պատասխանատվության չի ենթարկվել: Այն օրը, երբ իմ տղան իմացավ, որ Արթուր Բաղդասարյանը կեղծ ընդդիմություն է խաղում և տեսավ, թե ինչպես է Սերժ Սարգսյանի հետ շամպայն խմում, նա շատ էր բարկացել և հիասթափվել: Սակայն նա մի քանի անգամ մասնակցել էր նաև Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին: Մարտի 1-ին, երբ Տիգրանն իմացավ, որ ազատության հրապարակի հանրահաավքը ցրել են, շատ զայրացավ և ասաց, որ գնալու է միտինգի: Մենք անհանգստացանք, որ ժողովրդին ջարդել են, իսկ մեր տղան ցանկանում է գնալ այնտեղ: Հայրն ասեց՝ մի գնա, վտանգավոր է, կգնաս մի փորձանք կբերես գլխիդ, նա չլսեց ու գնաց: Նա գնալուց առաջ ասաց. «Եթե ես չգնամ, մյուսը չգնա, ո՞վ է գնալու»: Տիգրանը մարտի մեկի երեկոյան միտինգի է գնացել ժամը 18.30-ին: Ես տուն մտա ժամը 21.30-ին և տեսա, որ նա տանը չի, զանգահարեցի հեռախոսը չէր պատասխանում, այդ ընթացքում անընդհատ նրան էի զանգում: Այդ օրը գիշերը, ժամը երկուսի կողմերը հայրը գնացել էր Մյասնիկյանի արձանի  տարածք, ման էր եկել նրան, բայց չէր գտել և տուն վերադանալիս մտել էր դիահերձարան և այնտեղ իմացել, որ իր որդին ևս այդ օրվա զոհերից մեկն է»: