Home / Ազգային ժողով / Գումար՝ դատվելու փոխարեն. հայոց բանակը չի ձգում

Գումար՝ դատվելու փոխարեն. հայոց բանակը չի ձգում

Պարտադիր զինծառայություն չանցած և 27 տարին լրացած մոտ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը առաջարկում է հրաժարվել հայրենադարձվող տղամարդկանց դատելու քաղաքականությունից և հնարավորություն տալ նրանց գումարի դիմաց խուսափել քրեական պատասխանատվությունից։

Մինչև 2020 թվականը հենց այդպես էր՝ տղաները, որոնք մանկահասակ կամ չափահաս տարիքում լքել էին Հայաստանը և խուսափել պարտադիր զինծառայությունից, 27 տարին (սպայական կազմի համար՝ 35 տարին) լրանալուց հետո հնարավորություն ունեին վերադառնալ, 3․6 միլիոն դրամի տուրք վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Օրենքը ընդունվել էր 2004 թվականին։ 2020-ի պատերազմի նախաշեմին այն փոխվել էր՝ որոշվել էր, որ զորակոչից խուսափելու համար Հայաստանը լքած բոլոր տղամարդիկ հայերիք վերադառնալուն պես պետք է դատվեն։ 2021 թվականին նրանց նկատմամբ համաներում էր հայտարարվել։ Հետագայում հարուցվել էին նոր քրեական գործեր։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի տվյալներով՝ քրեական հետապնդման տակ գտնվող անձանց մեծ մասը Հայաստանից հեռացել է մինչև 18 տարի լրանալը։ «Զինապարտ են համարվում 18 տարեկանից մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Գործող կարգավորումներով՝ 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով», – նշել է Սարգսյանը:

Արդեն շրջանառության մեջ դրված նոր օրինագծով զինապարտության տարիքը լրացած անձանց 5 տարբերակ է առաջարկվում։ Մի կողմից՝ բարձրացվում է բանակում ծառայելու տարիքային շեմը, մյուս կողմից՝ եռակապտկվում է պետությանը վճարվող գումարի չափը:

Զինծառայությունից խուսափած (հետախուզման մեջ գտնվող) 27-ից 37 տարեկան քաղաքացիները, ըստ օրենքի նոր նախագծի,

— կարող են պարզապես վերադառնալ և 2 տարի ծառայել հայկական բանակում,
— մեկ տարի ծառայելու դեպքում պետք է պետական բյուջե վճարեն ավելի քան 2 միլիոն դրամ,
— կես տարի ծառայելու դեպքում՝ 5 միլիոն դրամ,
— 1 ամից ծառայելու դեպքում՝ 10 միլիոն դրամ։

Նրանք, ովքեր ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, կարող են պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ՝ շուրջ 40 հազար դոլար, և ազատվել քրեական հետապնդումից։ Մինչև 2020 թվականը այս թիվը ընդամենը 3․6 միլիոն դրամ էր կազմում։

Թե արտասահմանում գտնվող քանի հայաստանցի կկարողանա այսչափ գումար վճարել՝ Հայաստան վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու համար, պարզ չէ։ Օրենքի հեղինակ Հայկ Սարգսյանը ենթադրում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում այս տարբերակից կօգտվի 500-ից 1000 քաղաքացի։

«Մենք հնարավորություն ենք տալիս դատապարտվելու փոխարեն վճարել և չծառայել։ Մի կողմից՝ եթե նրանք բոլորը հայտնաբերվեն կամ ներկայանան, մենք կունենանք 5000 դատապարտյալ, իսկ եթե օրենքը ընդունվի և նրանք բոլորը ներկայանան՝ կունենանք այդ քանակությամբ ավելի զինծառայող կամ հավասարացված գումարներ: Մենք պետք է ընտրություն կատարենք՝ ուզում ենք այդ քաղաքացիները դատապարտվեն կամ վաղեմության հիմքով [մոտ տասը տարի է] նրանց քրեական գործը կառճվի, թե՞ ուզում ենք, որ գան ծառայեն։ Սա է մեր ընտրությունը, որը պետք է անենք», – հայտարարել է Սարգսյանը:

Օրինագիծն առաջիկայում պետք է քննարկվի կառավարությունում, որից հետո այն կուղարկվի խորհրդարան։

առաջ թվերը պետական գաղտնիք էին համարվում

Բանակում ծառայողների թիվը, ըստ նրա, տարեց տարի նվազում է, վերջին 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է․ «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դարձել է 24 հազար»:

Զորակոչի ենթակա Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին չեն ծառայում բանակում. «2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի: Այս նույն ժամանակահատվածում չծառայելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ու դատապարտվել ընդամենը 143 քաղաքացի»:

Սա առաջին անգամն է, երբ պաշտոնական մակարդակով նման վիճակագրություն է հրապարակվում։

Զինծառայողների թվի կրճատման պատճառները տարբեր են։ Դրանցից մեկը արտագաղթն է՝ ծնողները մինչև 18 տարեկանը լրանալը իրենց տղաներին տանում են արտերկիր, որ պաշտպանեն բանակից։