Հայաստանի Հանրապետությունը մեղավոր է զինծառայող Մարատ Դիմաքսյանի կյանքի իրավունքը խախտելու համար՝ 11 տարի անց վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և պարտավորեցրել 30 հազար եվրոյի փոխհատուցում վճարել զոհվածի հորը։
Մարատ Դիմաքսյանը զորակոչվել է 2010-ին։ Ապրում էր Լոռու մարզի Վահագն գյուղում։ Ծառայել է Լեռնային Ղարաբաղում։
2012-ի փետրվարի 5-ին՝ մարտական հերթափոխի ժամանակ, Դիմաքսյանը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում, ժամեր անց՝ մահացել է արյան կորստից։
Պաշտոնական վարկածը հետևյալն է․ «ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին, որը զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է»:
Ժամեր շարունակ վիրավոր զինծառայողը զրկված է եղել բուժօգնությունից․ նրան նախ զինվորական բեռնատարով են փորձել տեղափոխել հիվանդանոց, ապա շտապօգնության պատշաճ չաշխատող մեքենայով, որում առաջնային օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ սարքավորումներ չեն եղել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 2012 թվականի փետրվարի 9-ին մեղադրանք է առաջադրվել միայն նրա համածառայակից Գ.Ա.-ին՝ այն ժամանակվա Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ որի վերջինս խախտել է հրազենից օգտվելու կանոնները։
Դատավարության ողջ ընթացքում զոհված զինվորի ծնողները ահազանգում էին՝ եթե բուժօգնություն տրամադրվեր, նրան հնարավոր կլիներ փրկել։ Վիրավորումն ի սկզբանե ծանր չի եղել, մահվան պատճառը արյան կորուստն է։
Մինչև հասցրել են հիվանդանոց, 4 ժամ է անցել։ Ո՛չ նախաքննական, ո՛չ քննական փուլերում այս հարցը ուշադրության չի արժանացել:
Զինվորի մահից 11 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է Դիմաքսյանի շահերը ներկայացնող՝ ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանի դիմումը: Հաստատվել է, որ Դիմաքսյանի մահը հետևանք է նրա, որ պետության կողմից զինվորի համար անվտանգ պայմաններ չեն ապահովվել (մասնավորապես՝ պատասխանատու զինվորական մարմինները չեն վերահսկել զենքի և սարքավորումների ճիշտ օգտագործումը)։ Ավելին՝ պետությունը չի կարողացել ապահովել շտապ բժշկական օգնությունը։
Դատարանը վճռել է՝ Հայաստանի հանրապետությունը խախտել է Դիմաքսյանի՝ ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները։