Մարտի 8-ին Երևանի քրդական համայնքում հիշում էին քուրդ կանանց պայքարը, անուններ բարձրաձայնում, վանկարկում «Jin, Jîyan, Azadî» («Կին, կյանք, ազատություն»), դրոշներ ծածանում։
«Ամեն տարի այստեղ մեծ շուքով է նշվել քուրդ կանանց մարտի 8-ը, բայց այս տարի փոքրիկ նրբություններ կային՝ երկրաշարժ տեղի ունեցավ, գերակշռող հատվածը զոհերի քուրդ ժողովրդից էր», – Epress.am-ի հետ զրույցում պատմում է Քրդական պաշտոնաթերթի պատասխանատու խմբագիր Լիաննա Մհոյանը։
Լիաննայի խոսքերով՝ ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ Հայաստանում քուրդ կանայք ունեն խնդիրներ․ կարծրատիպեր, գենդերային խտրականություն և այլն։
«Ցավոք սրտի, մենք Հայաստանում չենք հասել էն արդյունքի, որ կինն ինքնուրույն իր որոշումները կայացնի», – ընդգծում է Լիաննան։
Միջոցառմանը ուզում էին միանալ նաև երկու անարխիստ ներկայացող ռուսաստանցիներ։ Նրանցից մեկը առանց թույլտվություն հարցնելու սև-կարմիր դրոշով կանգնեց կանանց կողքին։ Իսկ ընկերը նկարում էր նրան հեռախոսով։
Քիչ հետո ռուսաստանցի անարխիստը որոշեց ելույթ ունենալ․ «Как анархисты из СНГ, из России, из Франции и США поддерживаем борьбу курдского народа» («Որպես ԱՊՀ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի անարխիստներ սատարում ենք քուրդ ժողովրդի պայքարը»)։
Քուրդ կանանցից մեկը հորդորեց նրանց կանգնել ու նայել՝ խանգարելու փոխարեն․ «Посмотрите, вы же пришли сюда посмотреть, тогда подождите»:
Այսօր պայքարի, կանանց հեղափոխության օրն է, որ պետք է լինենք տղամարդկանց հետ հավասար՝ հայտարարեց կանանցից մեկը լրագրողի հետ զրույցում։
«Ես ամբողջ աշխարհի կանանց ազատություն, երջանկություն և հաջողություն եմ մաղթում, թող իրենց կամքի տերը նրանք լինեն, թող չկոտրվեն և իրենց աշխատանքը առաջ տանեն», – ընդգծեց նա։