Home / Ազգային ժողով / Էրդողանը կտրել է քրդական կուսակցության ֆինանսավորումը

Էրդողանը կտրել է քրդական կուսակցության ֆինանսավորումը

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) պետական ֆինանսական օգնություն այս տարի չի ստանա մինչև սահմանադրական դատարանը կուսակցության նկատմամբ հարուցված գործի վերաբերյալ վերջնական որոշում չկայացնի, հայտարարել է Թուրքիայի գերագույն դատարանը։ Ըստ HDP-ի՝ 2023-ի նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցության թիրախավորումը կապված է Էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը լինելու հետ։

2021-ի մարտին Թուրքիայի դատախազությունը գործ էր հարուցել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակության» դեմ՝ պահանջելով արգելել կուսակցության գործունեությունը՝ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK-ի) հետ կապեր ունենալու պատճառաբանությամբ։ 

Դեկտեմբերի 19-ին դատախազությունը պահանջել էր, որ մինչև կուսակցության դեմ հարուցված գործի լսումների ավարտը արգելափակվեն HDP-ի հաշվեհամարները, որտեղ պահվում են պետական ֆինանսավորման գումարները։ Դատախազը հայտարարել էր, որ «HDP-ի ստացած պետական ֆինանսավորման միջոցները ծառայում են PKK զինված խմբավորման նպատակներին»։ Գերագույն դատարանը բավարարել էր նրա պահանջը։

Դատարանի այս որոշման պատճառով Թուրքիայի երկրորդ ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը, որի մեծամասնությունը քրդեր են, հունիսի նախագահական ընտրություններին ընդառաջ զրկվում է ֆինանսավորման հիմնական աղբյուրից և կուսակցության հաշվեհամարները սառեցվում են։

«Այս որոշումը, որը կայացվել է դեռևս ընթացքի մեջ գտնվող գործին զուգահեռ, ցույց է տալիս քաղաքական ատելության աստիճանը և այն, թե որքան ճնշում է գործադրվում դատական մարմինների վրա», – լրագրողների հետ զրույցում ասել է HDP-ի խոսնակ Էբրու Գունայը։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով՝ HDP-ն հանդիսանում է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքական թևը, սակայն HDP-ն ժխտում է PKK-ի հետ կապը։ 

HDP-ի ապագան կարող է մեծ ազդեցություն ունենալ կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների վրա՝ լինելով արդեն երկու տասնամյակ կառավարող Էրդողանի ամենախոշոր մրցակիցներից մեկը։ 

Նախագահական ընտրությունների համար 7%-ից ավելի ձայն ստացող կուսակցություններին ֆինանսական աջակցություն է հատկացվում պետական միջոցներից։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ HDP-ն այս տարվա համար պետական միջոցներից պետք է ստանար 539 միլիոն լիրա (մոտ 11,3 միլիարդ դրամ):

Հունվարի 10-ին Թուրքիայի սահմանադրական դատարանում նախատեսվում են մեղադրող կողմի լսումները՝ HDP-ի գործունեությունը դադարեցնելու պահանջի մասին։ Մեղադրող կողմի պահանջը բավարարելու դեպքում, սահմանադրական դատարանը կարող է որոշել ինչպես ցրել կուսակցությունը, այնպես էլ արգելել կուսակցության որոշ անդամների գործունեությունը։ 

Վերջերս՝ դեկտեմբերի 14-ին, երկուսուկես տարվա ազատազրկման և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքի էր դատապարտվել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ պետական պաշտոնյաների հասցեին վիրավորանք հնչեցնելու մեղադրանքով։ 2019 թվականի իր հետընտրական ելույթներից մեկում Ստամբուլի նորընտիր քաղաքապետը տխմար էր անվանել Գերագույն ընտրական հանձնաժողովի չինովնիկներին։ 

Այս որոշումից հետո Ստամբուլում ցույցեր էին սկսվել․ մասնակիցները պնդում էին, որ դատարանի որոշման նպատակը Էրդողանի հակառակորդներից մեկին չեզոքացնելն էր։ 

HDP-ն Թուրքայի ընդդիմադիր միության հիմնական անդամներից չէ, սակայն 2019-ին HDP-ի աջակիցները քվեարկեցին ընդդիմության օգտին՝ Ստամբուլում, Անկարայում և այլ խոշոր թուրքական քաղաքներում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներին հաղթելու համար։ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ HDP-ն ստացել էր ձայների 11,7%-ը։