Ստամբուլում արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են։
Դեկտեմբերի 14-ին թուրքական դատարանը վճռել է՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պետական պաշտոնյաների հասցեին վիրավորանքներ է հնչեցրել։ Նա դատապարտվել է երկուսուկես տարվա (հավանական է, որ պայմանական) ազատազրկման և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքի։
Իմամօղլուի աջակիցները պնդում են, որ դատարանի անհեթեթ որոշումը նպատակ ունի գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ չեզոքացնել Ռեջեփ Էրդողանի առանցքային հակառակորդներից մեկին։
«վիրավորել է» կեղծարարներին
Թուրքական դատարանը հանցագործություն է համարել այն, որ 2019 թվականի իր հետընտրական ելույթներից մեկում Ստամբուլի նորընտիր քաղաքապետը տխմար էր անվանել Գերագույն ընտրական հանձնաժողովի չինովնիկներին։
Բանն այն է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի թեկնածուն Ստամբուլի ընտրություններում պարտվել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին, դիմել էր ընտրական հանձնաժողով՝ քվեարկության արդյունքները չեղարկելու խնդրանքով: Չնայած էական խախտումներ ընտրությունների ընթացքում չէին արձանագրվել, ԳԸՀ-ը բավարարել էր դիմումը։ Իմամօղլուն, որն արդեն ստանձնել էր Թուրքիայի խոշորագույն քաղաքի ղեկավարի պաշտոնը, հրաժարվել էր ընդունել այս որոշումը։
տե՛ս Նույնիսկ մեռելները չպետք է լքեն Ստամբուլը
Նոր ընտրություններ էին նշանակվել։ Ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն կրկին հաղթել էր՝ ընդ որում, ավելի մեծ առավելությամբ։ Վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ Էրդողանի կուսակցությունը կորցրել էր Ստամբուլը․ առ այսօր սա ընդդիմության ամենախոշոր հաղթանակը և իշխանության ամենամեծ պարտությունն է համարվում։
Դատարանի որոշումը հիմնվում է քաղաքապետի խոսքերի վրա, որոնք նա հնչեցրել է 2019 թվականի իր չեղարկված հաղթանակից հետո։
Իմամօղլուն պնդում է, որ պաշտոնյաներին անվանել է «տխմար»՝ հղվելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, որը իր նկատմամբ ճիշտ նույն մակդիրն էր կիրառել։ Սոյլուն համանման պատժի չի արժանացել։
լիբերալ, աշխարհիկ, քեմալական, պրո-եվրոպական
Եթե վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ թողնի, նախագահական գալիք ընտրություններին մասնակցելու հնարավորությունից Ստամբուլի գործող քաղաքապետը ինքնըստինքնյան կզրկվի։
Էքրեմ Իմամօղլուն ներկայացնում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր ուժը։ Կուսակցությունը հիմնվել է Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Ներկայանում է որպես լիբերալ, աշխարհիկ, քեմալական, սոցիալ-ժողովրդավարական, պրո-եվրոպական։
Վերջին հարցումների համաձայն՝ Իմամօղլուն եզակի ընդդիմադիրներից է, որը 2023-ի ամռանը նախատեսված նախագահական ընտրություններին տեսականորեն կարող է հաղթել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Հավակնում է լինել ընդդիմության (6 կուսակցությունների) միասնական թեկնածուն։
Թուրքական մամուլը հիշեցնում է՝ ավելի վաղ համանման վճիռ էր կայացվել նաև Ստամբուլի քաղաքապետի համակուսակից Ջանան Քաֆթանջըօղլուի նկատմամբ․ նրան մեղադրել էին Թուրքիայի Հանրապետությանը և նախագահ Էրդողանին վիրավորելու մեջ և զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից: Հունվարին տեղի է ունենալու նաև ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) փակելու պահանջով դատավարությունը:
«ազգի հոգին վառվում է»
Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Իմամօղլուն տեսաուղերձով դիմել է իր աջակիցներին։ Վճիռը նա անլուրջ է որակել և կոչ է արել դուրս գալ պայքարի։
«Այսօր ազգի հոգին վառվում է», – հայտարարել է քաղաքապետը և հանրահավաք հրավիրել Սարաչխանի հրապարակում։
Քաղաքապետի կոչին հետևելով՝ Սարաչխանում դեկտեմբերի 14-ին և 15-ին չորսից մինչև տասը հազար մարդ է հավաքվել։ Հանրահավաքներին մասնակցել են նաև 6 ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները։ Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ էին վանկարկում։ Ելույթներում պարբերաբար շեշտվում էր՝ դատավճիռը քաղաքական աստառ ունի։
Բողոքի ցույցերը Ստամբուլում շարունակվելու են․ հիմնական պահանջն է՝ չեղարկել դատարանի որոշումը։ Որոշումը և դրան հաջորդած ընդդիմադիր արշավը թուրքական մամուլը դիտարկում է ամառային ընտրությունների համատեքստում․ շեշտվում է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով Էրդողանի դիրքերը որոշակիորեն թուլացել են։