Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ձայների գրեթե տասը տոկոս առավելությամբ հաղթեց հունիսի 23-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
Նախնական արդյունքների համաձայն՝ Իմամօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 54.03 տոկոսը, իսկ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմի օգտին՝ 45.09 տոկոսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է ընդդիմությանը հաղթանակի առթիվ։ Ավելի վաղ նա նշել էր, որ կուսակցությունը, որը կհաղթի Ստամբուլում, կհաղթի ողջ երկրով մեկ։
Հիշեցնենք, որ սա վերջին կես տարվա ընթացքում ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուի երկրորդ հաղթանակն է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Քաղաքապետի առաջին ընտրությունները կայացան մարտի 31-ին։ Մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին, Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը (ԳԸՀ) չեղարկեց ընտրությունների արդյունքերը և վերաքվեարկություն նշանակեց։ Իմամօղլուն, ով այդ պահին արդեն ստանձնել էր քաղաքապետի պաշտոնը,ԳԸՀ-ի այս որոշումը գնահատեց որպես քաղաքական պատվերի կատարում։ Ավելի մանրամասն՝ այստեղ։