Home / Վերլուծություն / Նույնիսկ մեռելները չպետք է լքեն Ստամբուլը

Նույնիսկ մեռելները չպետք է լքեն Ստամբուլը

Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը (ԳԸՀ) մայիսի 6-ին չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները։ Արդյունքները չեղարկելու և վերաքվեարկություն անցկացնելու խնդրանքով ԳԸՀ էր դիմել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի թեկնածուն մարտի 31-ին կայացած ընտրություններում պարտվել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին: Իմամօղլուն, ով ապրիլի 17-ին արդեն իսկ ստանձնել էր քաղաքապետի պաշտոնը, ԳԸՀ-ի որոշումը հրաժարվել է ընդունել։ Վերաքվեարկությունը նշանակվել է հունիսի 23-ին։

Այս որոշման շարժառիթների, պատճառների ու հետևանքների մասին «Էխո Կովկազա» ռադիոկայանի եթերում Վադիմ Դուբնովը զրուցել է լրագրող Օսման Փաշայևի հետ։

Վադիմ Դուբնով․ Օսման, ինչո՞վ է պայմանավորված Էրդողանի՝ Ստամբուլն, այնուամենայնիվ, չհանձնելու այս անկոտրում վճռականությունը․ քաղաքապետն արդեն, կարծես, հաղթել էր, արդեն անցել էր պաշտոնավարման և միևնույնն է՝ Էրդողանը շարունակում է պայքարել։

Օսման Փաշայև․ Ստամբուլը երկրի ամենամեծ քաղաքն է։ Թեև այն վաղուց արդեն մայրաքաղաք չէ, տնտեսապես շարունակում է մնալ կենտրոն․ Թուրքիայի ՀՆԱ-ի համարյա 40% ստեղծվում է Ստամբուլում, այնտեղ 16 միլիոն բնակչություն կա։ Այսինքն՝ Ստամբուլն ամենակարևոր քաղաքն է, նաև՝ մեկնարկային կետ մեծ ազգային կարիերայի համար․ Էրդողանն ինքը 1994 թ․ հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները, և այդտեղից ծագեց Էրդողանի աստղը թուրքական քաղաքականությունում։

Այստեղ անհրաժեշտ է պարզաբանել․ իշխող կուսակցությունը հիմնվել է 2001 թվականին, սակայն մինչ այդ արդեն պրոիսլամական ուժերը, որոնց կողմից առաջադվել էր Էրդողանը՝ նաև 1994 թվականին, 25 տարի անընդմեջ իշխել են այստեղ։

Ընդդիմադիր Իքրամ Իմամօղլուն ներկայացնում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը հիմնադրվել է 1923 թ․՝ դեռ Աթաթուրքի օրոք, ու 1977 թվականից Ստամբուլում հաղթած չի եղել։ Այսինքն՝ նրանց վերջին հաղթանակը եղել է դեռ 1980 թվականի հեղաշրջումից առաջ։ Իհարկե, ընդդիմության համար դա հաղթանակի զգացողություն է ու արդեն գողացված հաղթանակի զգացողություն է, և այստեղ բավականաչափ կոշտ դիմակայություն է լինելու, դա հայտարարություններից արդեն զգացվում է։

Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը ԳԸՀ տասնմեկ անդամներից յոթին, որոնք քվեարկեցին ընտրությունների արդյունքերի չեղարկման օգտին, անվանեց հրոսակախումբ։

Դա բավականին կոշտ հայտարարություն է․ նա թվարկեց բոլորին՝ անուն առ անուն։ ԳԸՀ-ի նախագահ Սադի Գյուվենը քվեարկել է Ստամբուլում ընտրությունների չեղարկման որոշման դեմ, բայց միևնույնն է՝ այն անցել է հարաբերակցության մեջ․ ԳԸՀ անդամներից յոթը քվեարկել է «կողմ», չորսը՝ «դեմ»։

Կա շարժառիթ ու պատճառ։ Մենք խոսեցինք շարժառիթների մասին, իսկ պատճառը նրանում է, որ իբր տեղական ընտրական հանձնաժողովների մի քանի տանսյակ նախագահներ և անդամներ չեն եղել պետծառայող։ Օրենքի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ լինելու համար անհրաժեշտ է լինել պետծառայողի կարգավիճակում։ Այստեղ այսպիսի մի պահ էլ կա՝ թուրքական ԳԸՀ-ն ունի իբր թե հատուկ դատարանի լիազորություններ․ ԳԸՀ-ի անդամներին կոչուն են հակիմ, այսինքն՝ նրանց կարելի է անվանել դատավոր։ Այս հարցի սահմաններում նրանք ունեն դատավորական լիազորություններ։ Օրինակ՝ երբ երկու տարի առաջ Սահմանադրության փոփոխության և Թուրքիայի՝ նախագահական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ հանրաքվե էր անցկացվում, շուրջ երկուսուկես միլիոն քվեաթերթիկներ չունեին տեղամասային հանձնաժողովի կնիք, և ԳԸՀ-ն, ի վերջո, ընդդիմության բողոքներն անտեսելով, ընդունեց որոշում դրանք վավեր համարելու վերաբերյալ։

ՎԴ․ Այսինքն՝ ֆորմալ տեսանկյունից, մեծ հաշվով, չենք կարո՞ղ ասել, որ թուրքական դատական համակարգի կոորդինատների սահմաններում այդ որոշումը անօրինական է։

ՕՊ․ Նայեք՝ արդեն իսկ կա Եվրախորհրդի զեկուցողի՝ Քեթի Փերիի հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ, ով ասել է, որ դա հարված է ժողովրդավարությանը։ Տեղի ունեցածի գնահատականում նա համերաշխ է, իմ կարծիքով, թուրքական ընդդիմադիր ուժերի հետ: Նրանք, ովքեր հետևում էին այս տեղական ընտրություններին, հիշում են, որ Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետի վկայական չէր տրամադրվում ընտրություններից հետո 17 օր շարունակ․ մեկ հաշվարկ ու վերահաշվարկ էին անում տարբեր շրջաններում, մեկ՝ վերահաշվարկ էին անում որոշ թաղամասերում, մեկ անվավեր քվեաթերթիկների վերահաշվարկ էր գնում, մեկ վերահաշվարկ էին անում շրջանում, որտեղ իբր լրացուցիչ ընտրողներ էին հայտնվել, որոնք չեն եղել նախորդ ընտրությունների ժամանակ, տուն առ տուն էին գնում՝ մարդկանց ընտրացուցակների հետ համեմատելով։ Այսինքն՝ այս խառնաշփոթն ու քաշքշուկը ձգվեց 17 օր՝ վերահաշվարկի միջոցով ընտրությունների արդյունքերը վերանայելու նպարակով, սակայն իշխող կուսակցությանը դա չհաջողվեց, տարբերությունը միևնույնն է ի օգուտ ընդդիմությանն էր։ Ու միայն այդ ժամանակ ընտրությունների արդյունքերը չեղարկելու համար որոշեցին գնալ այս ձևական ճանապարհով։

ՎԴ․ Էրդողանն առաջին անգամ է պարտվում Ստամբուլը։ Բայց ե՞րբ է նա սկսել պարտվել։ 2016թ․ հեղաշրջման փորձի՞ց հետո, Գեզիի այգո՞ւմ․ ե՞րբ է սկսվել այդ անկումը։

ՕՊ․ 2017 թվականի հանրաքվեի ժամանակ․ թեև 51%, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկել է Սահմանադրության փոփոխության օգտին, Ստամբուլում և Անկարայում հանրաքվեի արդյունքները «դեմ» էին, այսինքն՝ հենց այդ ժամանակ է եղել առաջին պարտությունը, առաջին ազդանշանը, որ նրա դիրքերը երկրի ամենախոշոր քաղաքներում թուլանում են։

Այսինքն՝ մինչ այդ, 2002 թվականից, երբ նա իշխանության եկավ, միակ միլիոնանոց քաղաքը, որն ընդդիմադիր էր Էրդողանին, Իզմիրն էր։ Իզմիրի մասին ասում են նաև, որ դա հանրապետականների, աթաթուրքիզմի ամրոցն է։

Ստամբուլն ու Անկարան ամբողջությամբ վերահսկողության տակ էին։ 2017թ․՝ հանրաքվեի ժամանակ, առաջին անգամ Ստամբուլը ցույց տվեց, որ դեմ է։ Բայց, այնուամենայնիվ, 2018 թ․՝ նախագահական ընտրությունների ժամանակ, Ստամբուլում Էրդողանը կրկին հավաքեց զգալիորեն ավելի շատ ձայն, քան նրա մրցակից Մուհարեմ Ինջենը։

Եվ ահա՝ հասանք քաղաքապետի ընտրություններին, ու այսպիսի անսպասելի արդյունք։ Ոչ ոք առանձնապես չէր հավատում, որ կարելի է գտնել մի թեկնածու, ով կկարողանա դիմակայել Էրդողանին։ Պետք է հասկանալ, որ այստեղ առաջադրվել էր ոչ այնքան նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին  նախագա Բինալի Յըլդըրըմ․․․քարոզարշավը հիմնականում վարել է հենց ինքը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա համար Ստամբուլը իրենն է։

ՎԴ․ Որտե՞ղ է համակարգը ճաք տվել։

ՕՊ․ Կարծում եմ, գլխավոր պատճառը, ինչ էլ չասեն, տնտեսական է։ Գործազրկությունը կազմում է 14%, ավելի քան չորս միլիոն գործազուրկ կա, միայն մեկ տարվա ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է 366 հազարով, վերջին կես տարվա ընթացքում միայն լիրայի փոխարժեքը համարյա 20% անկում է ապրել, իսկ երբ հայտարարեցին [քաղաքապետի] ընտրությունների արդյունքերի չեղարկման մասին, լիրան կրկին ընկավ․ փոխարժեքը 5,99 լիրա էր մեկ դոլարի դիմաց, հիմա՝ 6,14 է։ Գործոններն, իրականում, բազմաթիվ են․ կա ֆրանսիական Ipsos գործակալության խորքային հետազոտությունը, որը ցույց է տալիս թուրքական ընտրողների պատկերը 2017 թվականի հանրաքվեի ժամանակ։ Թեպետ հետադիմական ընտրողը մեծ զանգված է կազմում Թուրքիայում, ամեն տարի ավելանում է մոտ կես միլիոն 18-ը լրացած մարդ՝ նոր ընտրողներ։ Եւ առաջին անգամ ընտրողների շրջանակում 2017 թվականին՝ հանրաքվեի ժամանակ, հակառակ համաչափություն էր․ եթե Էրդողանի, նրա սահմանադրական բարեփոխումների և նախագահական կառավարմանն անցնելու օգտին քվեարկել է ընտրողների 51 տոկոսը, երիտասարդների շրջանակում 58 տոկոսը դեմ է քվեարկել։ Այսինքն, այդ 58-60% տոկոսը նոր ընտրողներն են, որոնք քվեարկում են ավելի ազատական և, ասենք, ավելի ժամանակակից արժեքների օգտին, ոչ պահպանողական։ Եւ նրանք տարեց տարի ավելանում են, և հասկանալի է, որ կա վտանգ, որ 2023 թվականին՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Էրդողանի ախոյանների քանակը կարող է էականորեն աճել։ Հիմա արդեն սկսել են գնահատականներ տալ՝ ինչ տեղի կունենա իշխանության և ընդդիմության միջև Ստամբուլի համար աճող այս լարվածության արդյունքում։ Որոշ վերլուծաբաններ գրում են, որ հավանական է, որ ճգնաժամը սրանա այնքան, որ աշնանը, նոյեմբերին լինեն արտահերթ ընտրություններ։ Իսկ այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ 2017 թվականի էրդողանական նոր Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը գնում է արտահերթ ընտրությունների, նախագահը նույնպես՝ նրա հետ միասին, պիտի գնա արտահերթ ընտրությունների։ Այսուհետ Թուրքիայում խորհրդարանն ու նախագահը ընտրվում են միաժամանակ՝ համապետական քվեարկությամբ։

ՎԴ․ Ի՞նչ կառուցվածք ունի Ստամբուլը ընտրական իմաստով։ Ամեն դեպքում, ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, քաղաքը բավականաչափ ճեղքված է․ ինչ էլ չասվի, քաղաքի կեսը Էրդողանն, ամեն դեպքում, վերցրեց։ Ինչպիսի՞ն է Ստամբուլը հիմա։

ՕՊ․ Նույնիսկ կեսը չէ։ Եթե նայենք Ստամբուլի 39 թաղամասներին, դրանք առանձին ադմինիստրատիվ միավորներ են, որոնցից յուրաքանչյուրն ընտրում է իր թաղապետին և ավագանուն․ 39 մունիցիպալիտետներից ընդդիմությունն իրականում հաղթել է 14-ում, իսկ 24-ում հաղթել է Էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ևս մեկում՝ ազգայնականները, որոնք Էրդողանի գործընկերներն են։ Ամեն դեպքում, այսինքն, Էրդողանն ունի Ստամբուլի թաղամասների երկու երրորդը, և Ստամբուլի ավագանում ուժերի հարաբերակցությունը մոտավորապես 175-ը 130-ի վրա է, այսինքն՝ Ավագանու անդամներից 175-ը էրդողանական են։ Ի դեպ, ԳԸՀ ընտրությունների չեղարկման որոշման ևս մեկ տարօրինակության մասին։ Քվեարկության ժամանակ նույն ծրարի մեջ դրվում էր երեք քվեաթերթիկ․ քաղաքապետի օգտին, ավագանու օգտին, նաև՝ կան թաղամասյին ընտրտություններ, որտեղ քվեարկությամբ ընտրվում է ավելի փոքր միավորի, այսինքն՝ թաղապետին ու ավագանուն։ Դա նույնպես ներկայացուցչական մարմին է։ Եվ ահա՝ Գլխավոր Ընտրական հանձնաժողովը ոչ մի գանգատ չունի ոչ քաղաքի Ավագանու ընտրությունների, ոչ թաղամասային ընտրությունների նկատմամբ, խնդիրը միայն քաղաքապետի ընտրության հետ է կապված։ Ինձ նույնպես հետաքրքրում է՝ ինչ է լինելու հիմա։ Եթե ընտրությունների չեղարկման ֆորմալ առիթը կայանում էր նրանում, որ որոշ ընտրական հանձնաժողովների անդամները պետծառայողներ չէին, ապա անհրաժեշտ է նոր ընտրություններ անցկացնել առհասարակ՝ և քաղաքի Ավագանու, և թաղապետերի, սակայն ընտրությունների արդյունքների չեղարկումը վերաբերում է միայն քաղաքապետին։

ՎԴ․ Ո՞ւմ կկարողանա մոբիլիզացնել Էրդողանը հունիսի 23-ին:

ՕՊ․ Այստեղ մի խորամանկություն կա, որը Էրդողանն առաջին անգամ չէ կիրառում․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նախորդ տարիներին՝ և 2007 թվականին, և 2011-ին՝ նշանակել ընտրությունները հունիսի վերջում, հուլիսին։ Բանն այն է, որ ընդդիմության ընտրողը հաճախ, այսպես ասենք, միջին կամ միջինին մոտ դասակարգի ներկայացուցիչ է, այսինքն՝ ամառային արձակուրդների շրջանում երկրից մեկնող ընտրող է, ու դա նույնպես կարող է ազդել, ազդել է ընտրությունների արդյունքների վրա։ Էրդողանի ընրտրողը ավելի պատերնալիստական ընտրող է, որը սովորաբար չգիտի՝ ինչ է նշանակում արձակուրդ, ճամփորդություն։ Դա է պատճառը, որ հիմա այսպիսի կոչեր են անում․ արշավ է մեկնարկել, որ նույնիսկ մեռելները չպետք է լքեն Ստամբուլը։ Դա ֆուտբոլային ուլտրասների կարգախոսն է, և այն հիմա հայտնվել է ինտերնետում։ Կամ, հակառակը, «Պեգասուս» ավիաընկերությունը, որը ոչ ոքին առանձնապես չսատարելով, հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր տոմսեր էին գնել, որոնք հունիսի 23-ին Ստամբուլից բացակայել են ենթադրում, կարող են առանց տուգանքների վերադարձնել կամ փոխարինել դրանք ցանկացած այլ օրվա տոմսերով։

ՎԴ․ Ինչպե՞ս է քվեարկում Փամուքի գովերգած արվարձանների Ստամբուլը, որը աճել է վերջին տասնամյակներում ամբողջ Թուրքիայից այստեղ վերաբնակեցվողների հաշվին։

ՕՊ․ Նա նույնպես տարբեր է։ Իրականում, Թրակիայի Ստամբուլը, իհարկե, էրդողանական ընտրող չէ։ Կենտրոնական Ստամբուլը՝ Անատոլիան, հաճախ էրդողանական է եղել, բայց, կրկին, ես այս հարցին չէի մոտենա Օրհան Փամուքի չափանիշներով, այլ, ամեն դեպքում, կփորձեի հիմնվել սոցիոլոգիական տվյալների վրա, որոնց ցույց են տալիս, որ երիտասարդ Ստամբուլը քվեարկում է Էրդողանի դեմ։

ՎԴ․ Որքա՞ն ուժեղ է Էրդողանի վարչական ռեսուրսը և որքանո՞վ նա կկարողանա այն օգտագործել։

ՕՊ․ Կուսակցությունները Թուրքիայում իսկական են, կուսակցական ենթակառուցվածնքերը՝ ճյուղավորված անգամ այն կուսակցությունների պարագոյւմ, որոնք շատ ավելի ցածր արդյունք են ցույց տվել. օրինակ, Էքրեմ Իմամօղլուն, ով հաղթեց Ստամբուլի ընտրություններում, և նրա մրցակիցները իշխող կուսակցությունից հավաքել են յուրաքանչյուրը մոտ 4 միլիոն քվե, իսկ Իսլամական երազանք կուսակցության թեկանծուն, ով երրորդ տեղն էր զբաղեցրել, ստացել էր հարյուր հազար ձայն, բայց միևնույնն է՝ Իսլամական երազանք կուսակցությունն ունի իր ընտրական շտաբերը քաղաքի բոլոր թաղամասերում։ Նույնը կարելի է ասել գրեթե բոլոր կուսակցությունների մասին, այսինքն՝ կուսակցությունների առաջին տասնյակի մասին, որոնց թեկնածուներն այս ընտրություններին հավաքել են հինգից տաս հազար ձայներ։ Եվ հիմա մեծ նշանակություն ունի, թե ինչպես են իրենք իրենց դրսևորելու ընտրարշավի ժամանակ․ ձախական կուսակցություններից շատերն արդեն հայտարարել են, որ հունիսի 23-ին թեկնածուներ չեն առաջադրի։ Փաստացի, դա աջակցություն է ընդդիմությանը։

ՎԴ․ Այսինքն՝ վարչական ռեսուրսը այնպիսի բա՞ն չէ, որի մասին մենք այժմ կարող ենք խոսել իբրև որոշիչ ուժ։

ՕՊ․ Բարդ է ասել։ Մի փոքր ավելի վաղ ես պատմում էի ոստիկանության մասնակցությամբ իրականացված ճնշման մասին, երբ գնում էին տուն առ տուն և համեմատում ընրացուցակները։ Փաստացի, դա ոստիկանության օգտագործում էր՝ իհարկե, վարչական ռեսուրս է։ Այն, որ գրեթե բոլոր մեդիաները հիմա վերահսկվում են իշխանության կողմից, հատկապես թվային մամուլը, հավանաբար, դա նույնպես վարչական ռեսուրս է։ Այն, որ փաստացի իշխանության ճնշման ներքո ԳԸՀ-ն ընդունեց այդ որոշումը, դա էլ է վարչական ռեսուրս։ Բայց Ստամբուլում միտում՝ նորացման կամ այլ քաղաքական ուժ ակնկալելու, և թե ինչպես են «կոտրատելու» ընտրողին, ես չգիտեմ։

Tekali Taxi