Home / Առողջապահություն / Զորակոչիկը ճիշտ էր, որ բանակ չգնաց

Զորակոչիկը ճիշտ էր, որ բանակ չգնաց

Կենտրոնական բժշկական հանձանաժողը ևս մեկ զորակոչիկի իրավունքներն է խախտել․ հերթական անգամ զորակոչիկի ոչ բոլոր առողջական խնդիրներն են արձանագրվել, որի հիման վրա զինծառայությանը պիտանի է ճանաչվել, մինչդեռ՝ բոլոր խնդիրներն արձանագրելու դեպքում պիտանիության վերաբերյալ որոշում չէր կայացվի։

Ն․Ս․-ն 2018թ․ ամառային զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով  պիտանի զինծառայության համար, սակայն հրաժարվել է զինծառայության մեկնելուց, քանի որ նրան տրված բժշկական փաստաթղթերի տվյալները ամբողջովին և օբյեկտիվորեն չեն նկարագրել իր իրական առողջական վիճակը։ Արդյունքում զորակոչից խուսափելու հիմքով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն՝ Ն․Ս․-ի իրավունքների պաշտպանությունը ստանձնած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանի միջնորդությամբ։

Դեռևս 2018-ի ամառը Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկին փորձաքննել է առողջական խնդիրներից միայն մեկով, մինչդեռ պարտավոր էր իրականացնել առողջական վիճակի լրիվ և օբյեկտիվ փորձաքննություն՝ բոլոր առողջական խնդիրների հիմքով։ Հենց այս պատճառաբանությամբ էլ Ն․ Ս․-ն ստիպված է եղել չներկայանալ զորակոչին։ Հակառակ դեպքում նա առողջական խնդիրներով հանդերձ կզորակոչվեր, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ։

Ն․ Ս․-ն իր իրավունքները պաշտպանելու համար դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որից հետո էլ կազմակերպության փաստաբանը ստանձնել էր նրա իրավունքների պաշտպանությունը դատարանում և միջնորդել դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել։ 2022-ի նոյեմբերին փորձաքննությունն ավարտվել է։ Փորձագետներն արձանագրել են, որ Ն․Ս․-ն ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնցով զորակոչիկներին առողջական վիճակի պատճառով տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ դինամիկ հսկողության նպատակով։ Ինչպես տեսնում ենք, Ն․Ս․-ն ոչ թե խուսափել է զորակոչից, այլ ստիպված է եղել այդ ճանապարհով պաշտպանել իր իրավունքները։ Փաստորեն հերթական անգամ ԿԲՀ-ն զորակոչիկին փորձաքննել է միայն մեկ առողջական խնդրով՝ անտեսելով մյուս՝ ավելի լուրջ խնդիրները, և արդյունքում զինծառայությանը պիտանի ճանաչել։

Նշենք, որ 2019-2021 թ-ի ձմեռային և ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱՎ դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 81 հոգու (52%) և զինվորական հաշվառման ենթակա անձանցից 8-ի (52%) խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննությանն ու փորձաքննության իրականացմանը։

ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում Զինված ուժերում մահվան դեպքերի 20-25 %-ը առողջական խնդիրների հետևանքով է։ Պատճառներից մեկն առողջական խնդիրներով անձանց զորակոչելն է։ Զորակոչի ենթակա անձինք չեն ենթարկվում առողջական վիճակի լրիվ և օբյեկտիվ հետազոտման, այնուհետև՝  իրավաչափ բժշկական փորձաքննության։