Արգենտինայի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին ոստիկան Մարիո Սանդովալին, որը 40 տարի առաջ՝ ռազմական խունտայի օրոք (1976-1983), ծառայել է երկրի ամենահայտնի կտտանքարաններից մեկում։
Վճռի համաձայն, 69-ամյա Սանդովալը առևանգել և խոշտանգումների է ենթարկել ձախ ակտիվիստ, ուսանող Էռնան Աբրիատային, որը 1976 թվականից ի վեր անհայտ կորած է համարվում։
Խունտայի անկումից հետո նա տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ երկար տարիներ դասախոս է աշխատել Սորբոնի համալսարանի ինստիտուտներից մեկում։ 2019 թվականին Փարիզը նրան արտահանձնել է Բուենոս Այրեսին։
Նախկին ոստիկանը մեղադրվում էր ձախ շարժման հարյուրավոր ակտիվիստների առևանգումների և դաժան խոշտանգումների մեջ։ Դատարանը, սակայն, ուսումնասիրել է անհայտ կորածներից միայն մեկի՝ ճարտարապետական ինստիտուտի ուսանող Էռնան Աբրիատայի գործը․ 1976 թվականին ոստիկանները նրան փախցրել էին իր բնակարանից և տարել Արգենտինայի ամենամեծ գաղտնի բանտը, որը գտնվում էր երկրի ռազմածովային ուժերին պատկանող «Մեխանիկների դպրոցում» (ESMA)։ Աբրիատայի մասին այլևս ոչինչ հայտնի չէ․ վերջին 46 տարիների ընթացքում նա անհայտ կորած է համարվում։
Էռնան Աբրիատայի մայրը՝ Բեատրիս Կանտարինի դե Աբրիատան, Սանդովալի արտահանձնման պահանջով պիկետին/ AFP
Համարվում է, որ այս բանտի միջով անցել են ավելի քան 5 հազար արգենտինացիներ, մեծ մասը՝ երիտասարդական շարժումների մասնակիցներ կամ ռազմական խունտայի ընդդիմախոսներ։ Նրանցից մոտ հարյուրն է ողջ մնացել։
Բանտարկյալներին այստեղ հարցաքննում և խոշտանգում էին։ Նրանցից շատերին վերջում թմրադեղեր են տվել և օդանավերից նետել օվկիանոս։
Վերապրածները պատմում են, որ Մարիո Սանդովալը ESMA-ի բանտի ամենադաժան դահիճներից էր։ Նախկին բանտարկյալների խոսքով, նա սիրում էր մարդկանց կապել մահճակալների մետաղական ճաղերին և տանջել անասունների համար նախատեսված էլեկտրաշոկերով։
Ռազմական դիկտատուրայի անկումից երկու տարի հետո Սանդովալը փախել է Ֆրանսիա։ Աշխատել է որպես պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքացիություն է ստացել։ 6 տարի շարունակ որպես հրավիրյալ բանախոս դասավանդել է Սորբոնի համալսարանին կից Լատինական Ամերիկայի երկրների ինստիտուտում։
2008 թվականին հայտնի է դարձել, որ դասախոս Սանդովալը նախկին ոստիկան է, որը հայրենիքում կասկածվում է հարյուրավոր ակտիվիստներին առևանգելու և տանջամահ անելու մեջ։
Երկարատև դատավարությունից հետո Ֆրանսիայի Գերագույն վարչական դատարանը վճռել է, որ Սանդովալը կարող է արտահանձնվել Արգենտինա, քանի որ նրան մեղսագրվող հանցագործությունները կատարվել են ֆրանսիական քաղաքացիություն ստանալուց առաջ։
Դասախոս-դահիճի նկատմամբ դատավարությունը Բուենոս Այրեսում սկսվել է այս տարվա սեպտեմբերին։ Սանդովալը մինչև վերջ պնդել է, թե կապ չունի Էռնան Աբրիատայի առևանգման և անհետացման հետ։ Դատավճիռն ընդունել է առանց մեկնաբանությունների։
Ինչ վերաբերում է 46 տարի առաջ անհետացած 24-ամյա երիտասարդին, դատարանը նրա ճակատագրին առնչվող նոր փաստեր չի հայտնաբերվել։
Աբրիատան մեկն է 30 հազար արգենտինացիներից, որոնք անհետ կորել են խունտայի տարիներին։
6 տարի առաջ ESMA-ի նախկին բանտի (այժմ՝ հուշահամալիր) խցերից մեկի պատին գրություն է հայտնաբերվել՝ “Mónica te amo” (Մոնիկա, ես քեզ սիրում եմ), որը, հավանաբար, հասցեագրված էր Էռնան Աբրիատայի կնոջը՝ Մոնիկա Դիթմարին։ Գրության տակ սկզբնատառեր են՝ Է․Ա․։
Մոնիկա Դիթերը՝ Ամբրիատայի կինը, մասնակցել է նաև Սանդովալի դատավարությանը/ Gustavo Amarelle