Home / Առողջապահություն / Կառավարությունից պահանջում են լուծել զինվորների պաշտպանության հարցը կամ հեռանալ

Կառավարությունից պահանջում են լուծել զինվորների պաշտպանության հարցը կամ հեռանալ

Եթե մեկ տարուց ավել գործարկվող գործիքակազմը չի աշխատում, և մենք շարունակաբար տարածքային խնդիրներ և մարդկային կորուստներ ենք ունենում, նշանակում է՝ մենք պետք է այլ գործիքակազմի օգնությանը դիմենք։ Այս մասին հունվարի 13-ին կառավարության շենքի դիմաց անցկացված բողոքի ցույցի ընթացքում հայտարարել է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Մասնակիցները ՀԱՊԿ-ին ու ռուսական խաղաղապահներին այլընտրանքներ են պահանջում։

«Դադարեցրե՛ք երեխեքի սպանդը», «ՀԱՊԿ-ը միայն Ղազախստանի համա՞ր ա», «Լուծե՛ք մեր պաշտպանության հարցը կամ հեռացե՛ք» պաստառներով մի խումբ կանայք եկել են իշխանություններին ներկայացնելու, իրենց խոսքով, արդեն իսկ հասունացած հանրային պահանջը։ Ակցիայի պատճառ է հանդիսացել վերջին օրերին արձանագրված սահմանային լարվածության հետևանքով նորակոչիկների մահվան և վիրավորումների դեպքերը։

«ՄԵնք մի քանի հազար զոհ ունեցանք պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո պարբերաբար ունենալ նոր զոհեր չափից դուրս մեծ «շքեղություն է», – նկատել է իրավապաշտպանը։ Որպես այլընտրանք նա միջազգային դիտորդական խմբերի հիշատակեց․ «Այլ բնույթի խաղաղապահ, ոչ ռուսական, որովհետև չի՛ աշխատում, ուղղակի չի՛ աշխատում․․․»։

«Պետությունը պարտավոր է ապահովել զինծառայողների անվտանգությունը»,- իր հերթին, ասել է ցույցի կազմակերպիչ Իզաբելլա Սարգսյանը։

«Մեզ համար կարևոր է, որ կառավարությունը տեսնի՝ այս ձայնը կա, մարդ պատրաստ է նաև դուրս գալ փողոց մեր երեխաների, մեր եղբայրների, մեր ծնողների կյանքի, առողջության համար։

Այսպես չի կարող շարունակվել»։