Home / Եկեղեցի / Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի

Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի

«Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի։ Որովհետև ինձ հետ որպես քաղաքացի հաշվի չեն նստում, իմ իրավունքները ոտնահարվում են, ինձ զրպարտում և նվաստացնում են։ Մեզ լրտեսի պիտակ են կպցրել, անվանում են հայրենիքի դավաճան։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչում են մեզ մեղադրում», – Meydan TV-ին ասել է հավատացյալ մահմեդական Ռենա Ալիևան։

2023-ի տարեսկզբից՝ ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին, Ադրբեջանում զանգվածաբար ձերբակալում են հավատացյալներին։

Նրանց մեղադրում են Իրանի օգտին լրտեսության և միաժամանակ թմրանյութերի շրջանառության մեջ։ Հարազատները ահազանգում են՝ ձերբակալվածներին խոշտանգում են ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար։

Ռենա Ալիևայի ամուսինը ապրիլին ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, հետագայում իշխանական մամուլը Ռուսլան Ալիևին ներկայացրել է որպես Իրանի գործակալ։

Ռուսլանին ուժով ստիպել են խոստովանել, թե լրտեսությամբ է զբաղվել։ Կինը պնդում է, որ նա ձերբակալվել է իր կրոնական համոզմունքների համար։

«Սա՛ է նրանց քաղաքականությունը։ Եթե ՆԳՆ-ն այս մարդկանց լրտես է համարում, ի՞նչ կապ ունեն դրա հետ թմրանյութերը։ Չէ՞ որ նրանց իբր թմրանյութերի համար էին ձերբակալել։

Ի վերջո, լրտեսը պետք է անձնագիր ունենա, լեզուներ իմանա, գոնե կրթություն ունենա։ Իմ ամուսինը հասարակ, անկիրթ մարդ է։ Ասում են, թե նա հայրենիքի դավաճան է։ Այդ ի՞նչ դավաճանություն է նա արել։ Ո՛չ պաշտոն ունի, ո՛չ պետական աշխատանք, որտեղի՞ց նրան ինչ-որ հատուկ տեղեկատվություն, որը նա մի հատ էլ կարող էր ինչ-որ մեկին փոխանցել», – ասել է Ալիևան։

«դե ուրեմն թող դատ էլ չանեն»

Մայիսի 16-ին Ադրբեջանի ուժային կառույցները համատեղ հաղորդագրություն էին տարածել, որում նշվում էր՝ իրանական ծառայությունների հետ համագործակցած Ռուֆուլլա Ախունզադեն և նրա որդին՝ Ալմուրսալ Ախունզադեն, Ադրբեջանում «Քերիմ» կրոնապետություն հաստատելու նպատակով զինված ապստամբություն կազմակերպելու և պաշտոնատար անձանց նկատմամբ մահափորձեր անելու գաղտնի ծրագիր են մշակել։

Հաղորդագրության համաձայն, այդ ծրագրի մաս է կազմել WhatsApp-ում և Telegram-ում գաղտնի խմբերի ստեղծումը։ Ռուսլան Ալիևը ձերբակալվել է որպես այդ խմբերից մեկի («Qisas 313»` «Վրեժ 313») անդամ։

Ռենա Ալիևան պնդում է, որ իր ամուսինը դաշնամուրներ է վերանորոգում։ Սոցցանցային այդ խմբին նա սկսել է հետևել, զուտ քանի որ դեմ էր հավատացյալների զանգվածային ձերբակալություններին։ Ո՛չ Ռուֆուլլա Ախունզադեին, ոչ էլ նրա որդուն Ռուսլանը անձամբ չի ճանաչել․ «Դեռ դատ չի եղել, բայց ՆԳՆ-ն արդեն իսկ նրան գործակալ է որակում։ Դե ուրեմն թող դատ էլ չանեն»։

Անկախ իրավապաշտպանների տվյալներով, այս պահի դրությամբ Ադրբեջանում 500 հավատացյալ է ձերբակալված։

տե՛ս Ադրբեջանում քաղբանտարկյալների կտրուկ աճ է գրանցվել․ ովքեր են նրանք

Նրանցից 34-ը 2015 թվականին Ադրբեջանում հիմնադրված «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ են։ Ձերբակալված են նաև շարժման առաջնորդ Թալեհ Բահիրզադեին և նրա տեղակալ Աբբաս Հուսեյնովին։

Շարժման  խորհրդի անդամ Աղա-Ալի Յաղյաևը ձերբակալությունները կապում է ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման հետ և համարում, որ սա նպատակադրված ճնշում է հենց շիա մահմեդականների նկատմամբ․

«Հարյուրավոր հավատավորներ մեղադրվում են լրիվ դատարկ տեղը, մենք և մեր ընտանիքները տարիներով զգում են այդ մեղադրանքների դառնությունը ու ծանրությունը»:

խոտովանել է, որ չբռնաբարեն

Անցյալ տարվա դեկտեմբերին թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով ձերբակալված Միրտոֆիկ Հուսեյնովն էլ է «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամ։

Նրա հայրը՝ Միրջալալ Հուսեյնովը, պատմում է, որ որդու ձերբակալությունից առաջ զանգ է ստացել անծանոթ համարից․

«Հարցրեցին՝ դո՞ւ ես Միրտոֆիկի հայրը։ Ասեցի, որ հա։ Քո որդին շիա՞ է։ Հա։ Նա նամազ է անո՞ւմ։ Հա։ Այս հարցերը ինձ կասկածելի թվացին, հետո որդիս անհետացավ, հետո իմացա, որ նա ձերբակալված է»։

Միրջալալ Հուսեյնովը պնդում է, որ ձերբակալելիս որդուն բռնության են ենթարկել, արդեն բաժնում սպառնացել են բռնաբարությամբ և այդկերպ խոստովանական ցուցմունք կորզել․

«Երբ որ տեսակցեցի տղայիս, նա շատ վատ վիճակում էր։ Հարցրեցի՝ ի՞նչ է եղել։ Սկզբից ամաչում էր պատմել, հետո ասեց՝ սպառնացել են, որ կբռնաբարեն մահակով, շշով։ Հենց այդ պատճառով է նա ստիպված եղել ստորագրել խոստովանականը»։

Meydan Tv-ի հետ զրույցում Ադրբեջանի ՆԳՆ խոսնակ Էլշադ Հաջիևը հերքել է մեղադրանքները և հայտարարել, թե դրանք «պաշտպանական բնույթ են կրում»։

«Եթե իմ որդու արյան մեջ ոչ թե թմրանյութ, այլ նույնիսկ նիկոտին հայտնաբերվի, ես նրան չեմ պաշտպանի։ Բայց ինչի՞ են իրենք այսպես վարվում։ Մենք ի՞նչ ենք արել այս պետությանը։ Երկրում ջունգլիների օրենքներ են գործում։ Այստեղ սահմանադրական իրավունքների մասին խոսք անգամ լինել չի կարող։ ․․․Մենք լրիվ մենակ ենք մնացել, մեզ ոչ ոք չի պաշտպանում», – ասել է Հուսեյնովը։

թմրալրտեսներ

«Հավատացյալներին աջուձախ մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ, մեկուսացնում են զուտ այն պատճառով, որ նրանք սոցցանցերում Իրանի քաղաքական, ռազմական, մշակութային կամ կրոնական գործիչների լուսանկարներ են կիսել կամ որովհետև համաձայն չեն կառավարության քաղաքականության հետ։ Ցավոք սրտի, երբ երկու պետությունների հարաբերությունները վատթարանում են, տուժում են անմեղ մարդիկ։

․․․Ադրբեջանի պաշտոնական և կառավարամետ լրատվամիջոցները իրանական լրտես են հռչակում մարդկանց, որոնց թմրանյութերի վաճառք է մեղսագրվում։ Հարց է առաջանում՝ եթե այդ մարդիկ լրտես են, ցույց տվե՛ք դա, ապացուցե՛ք, իսկ եթե թմրավաճառ են, ի՞նչ կապ ունի դրա հետ լրտեսությունը», – նշել է հավատացյալների ձերբակալությունները մշտադիտարկող Ռուֆատ Սաֆարովը։

Սա հավատացյալների նկատմամբ զանգվածային ռեպրեսիաների առաջին դեպքը չէ Ադրբեջանում։ Մինչ այս եղել են նաև «Նարդարանի» և «Գյանջայի» օպերացիաները։

Նարդարան

2015 թվականի նոյեմբերի 26-ին ադրբեջանցի ուժայինները ներխուժել են Բաքվին հարակից Նարդարան գյուղ՝ բնակեցված մեծամասամբ հավատավոր մահմեդականներով։

Վկաները պատմել են, որ նամազի ժամանակ դիմակավորված անձինք ներխուժել են «Մուսուլմանական միասնության» ղեկավար Հաջի Տալեհ Բահիրզադեի տուն։ Սկսել են կրակել։ Օպերացիայի ժամանակ զոհվել է գյուղաիներից 4-ն ու ոստիկաններից 2-ը։ Ավելի քան 60 մարդ ձերբակալվել է։

Ուժային կառույցները հայտարարել են, թե Բահիրզադեի բնակարանից զենք-զինամթերք են առգրավել։ Ապացույցներ, օպերատիվ կադրեր չեն ներկայացվել։ Գյուղացիները այս տեղեկությունները հերքել են։ Ձերբակալվածների մեծ մասը հայտարարել է, որ ինքնախոստովանական ցուցմունքները ստորագրել է խոշտանգումների ներքո։

«Նարդարանի գործով» անցնող մարդիկ ենթարկվել են երկարատև և դաժան կտտանքների՝ ահազանգել է փաստաբան Ֆազիլ Նամազլին։ Դաժան ձերբակալությունները նա բացատրել է համայնքի ընդդիմադիր դիրքորոշմամբ։

Բահիրզադեին և «Նարդարանի գործով» անցնող մարդկանց միջազգային կառույցները քաղբանտարկյալ են որակել։

Գյանջա

2018-ի հուլիսի 3-ին կասկածելի հանգամանքներում զինված հարձակման է ենթարկվել Գյանջայի նախկին քաղաքապետ Էլմիր Վելիևը և ոստիկանության սերժանտներից մեկը։

«Մահափորձի» համար մեղադրանք է առաջադրվել Գյանջայի բնակիչ Յունիս Սաֆարովին։ Իրավապահները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն։ Հայտարարվել է, թե «ահաբեկիչները» Ադրբեջանում փորձում են իսլամական պետություն հիմնել։

տե՛ս Գյանջայի սպանությունները՝ իշխանությունների սադրանք

Մեկ շաբաթ անց՝ հուլիսի 10-ին, հաղորդվել է 70 հոգու ձերբակալության մասին․ արմատական կրոնական խմբավորման 150-200 անդամները, ըստ նրա, փորձել են Գյանջայում բողոքի ցույց անել։

Ձերբակալվածների հարազատները ահազանգել են խոշտանգումների մասին։ Մեղադրանքը նրանք շինծու են որակել։ «Գյանջայի» դեպքերը հետաքննած իրավապաշտպան Օղտայ Գյուլալիևը ձերբակալությունները որակել է «քաղաքական»։ «Գյանջայի գործում» իրավապաշտպանները բազմաթիվ լուրջ խախտումներ են գտել։

տե՛ս Ադրբեջանում սպանում են Գյանջայի գործով կասկածվողներին

հավատացյալ ադրբեջանցի = իրանական լտես

Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են անցյալ տարի։

Աշնանը Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են, թե զինված ցանց են բացահայտել, որի անդամները հավաքագրվել են իրանական հատուկ ծառայությունների կողմից։ Օրեր անց Իրանի տեղեկատվության և հետախուզման նախարարությունը հաղորդել է, թե Շահ Չերաղ մզկիթում ահաբեկչական գրոհը համակարգել է Ադրբեջանի քաղաքացին։

տե՛ս Բաքուն ու Թեհրանը շարունակում են բացահայտել միմյանց «ահաբեկիչներին»

Ավելի ուշ կողմերը միմյանց դեսպաններին կանչել են արտգործնախարարություններ և փոխադարձաբար բողոքի նոտաներ հղել։ 2022-ի հոկտեմբերին Իրանը հյուպատոսություն է բացել Հայաստանի Սյունիքի մարզում և զորավարժություններ սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ Նոյեմբերին պատասխան զորավարժություններ է կազմակերպել նաև Ադրբեջանը։

տե՛ս Երեխաներն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Դիվանագիտական, ռազմական և ոստիկանական այս միջոցառումների ֆոնին ադրբեջանական մամուլը հիշել է Իրանի թյուրքախոս նահանգների բնակչության ճնշվածության մասին, Իրանը՝ մեղադրել Բաքվին իր սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու մեջ։ Թեհրանից կտրուկ ընդդիմացել են նաև «Զանգեզուրյան միջանցքի» ադրբեջանական պահանջներին։

տե՛ս Իրանի հետ վեճը հասավ «Հարավային Ադրբեջան»

Իրավիճակը կտրուկ սրվել է 2023-ի հունվարին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո։ Բաքուն կասեցրել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները և անցել շիա մահմեդականների զանգվածային ձերբակալությունների։

տե՛ս Թեհրան-Բաքու առճակատումը թեժանում է. կալանավորումներ, հուղարկավորություն

Դեսպանատան վրա հարձակումը հունվարի 27-ին է եղել։ Սրանից հետո Ադրբեջանի ՆԳՆ-ն հաղորդել է ավելի քան 45 «իրանական լրտեսների» (շիա մահմեդականների) ձերբակալության մասին։ Օպերացիայից այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Ձերբակալվածների հարազատները պնդում են, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ոչ թե լրտեսության, այլ թմրանյութերի շրջանառության հոդվածով։

Փետրվարի 1-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն հաղորդել է ևս մեկ հատուկ օպերացիայի մասին, որի ընթացքում 39 մարդ է ձերբակալվել։ Նրանց մեղադրել են կրոնական քողի տակ դիվերսիա կազմակերպելու մեջ։ Թե ովքեր են այս մարդիկ և ինչ հոդվածներով են մեղադրվում՝ չի հաղորդվել։

Մարտի 12-ին Ադրբեջանի ուժային կառույցները ազդարարել են հավատավորների նկատմամբ հերթական հատուկ օպերացիայի մասին։ Ձերբակալել են ևս 32 հոգու, մեղադրանքները՝ լրտեսություն, թմրանյութերի շրջանառություն։ Մանրամասներ չեն հաղորդվել։

Ձերբակալված հավատացյալների հարազատները պնդում են, որ շարունակելու են պայքարել նրանց ազատ արձակման համար։ Իրավապաշտպանները շիա-մահմեդականների դեմ ներքաղաքական պայքարը աշխարհաքաղաքական առևտրի մաս են համարում։