Ադրբեջանի խորհրդարանի կայքում սեպտեմբերի 7-ին հրապարակվել է «քաղաքական կուսակցությունների մասին» նոր օրինագիծը, որի լսումները կանցկացվեն սեպտեմբերի 28-ին։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ նախագիծն ուղղված է երկրում քաղաքական գործունեությունը էլ ավելի սահմանափակելուն։
Փաստաթղթի համաձայն, կուսակցություն հիմնադրելու համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 200 հիմնադիր, որոնք բոլորը վերջին 20 տարիներին ապրել են Ադրբեջանում․ նրանք բոլորը պետք է ներկա լինեն կուսակցությունը հիմնադրման հավաքին։
Ադրբեջանում նախագահի թեկնածություն առաջադրելու համար պահանջվում է երկրում ապրել միայն 10 տարի, նշում է Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավարի տեղակալ Սեյմուր Հազին։ Ըստ նրա, նոր օրինագծի 20-ամյա նորմի նպատակը արտերկրում ուսման, գիտական կամ բիզնես գործունեության նպատակով գտնվող մարդկանց քաղաքականությունից հեռու պահելն է։
Նոր օրինագծի համաձայն չի թույլատրվի պետական գրանցում չստացած կուսակցությունների գործունեությունը․ այն ստանալու համար կուսակցությունը պետք է ունենա առնվազն 10 հազար անդամ և բոլոր անդամների ցուցակը պետք է ներկայացվի պետական ռեգիստր։ Բացի այդ, իրար հետևող երկու խորհրդարանական, նախագահական կամ մունիցիպալ ընտրությունների չմասնակցելու դեպքում կուսակցությունը կարող է զրկվել գրանցումից։
Հազիի խոսքերով, պարտադիր պետական գրանցման ներմուծման փաստացի նպատակը Ադրբեջանում միակուսակցական համակարգի հաստատելն է՝ ինչպես Չինաստանում է։
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցութունը նույնպես քննադատել է նոր օրինագիծը։ Կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Մուստաֆա Հաջիբեյլին նշում է, որ, ըստ փաստաթղթի, բոլոր կուսակցությունները կհայտնվեն գործող իշխանության վերահսկողության տակ։ Նա նաև քննադատում է կուսակցության անդամների անունները պետական ռեգիստր փոխանցելու պարտադրանքը՝ պարզաբանելով, որ Ադրբեջանի ներկայիս իրականության մեջ դա կարող է օգտագործվել բնակիչներին քաղաքական հետապնդության ենթարկելու համար։