Ինչպե՞ս է Ադրբեջանը հարմարվում հաղթողի դերին, ի՞նչն է արդիականացվում էյֆորիայի հանգելուն զուգընթաց և ինչպիսի՞ն են երկրի ներքաղաքական գործընթացներն ու հակամարտության գոտու ապագան․ «Էխո Կավկազան» զրուցել է Ադրբեջանի ընդդիմադիր «ՌեԱլ» կուսակցության գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի հետ։ Հարցազրույցի կրճատ թարգմանությունը՝ ստորև․
― Ինչպե՞ս կգնահատեք հաղթանակից հետո առաջին երկու շաբաթների զգացողությունները, ինչպե՞ս է փոխվում մթնոլորտը։
Նաթիգ Ջաֆարլի – 44-օրյա պատերազմի հաջող ավարտն, իհարկե, դրական է անդրադարձել հասարակության վրա։ Կար դիրքավորումների միասնականություն, ընդդիմությունն աջակցում էր ռազմական գործողություններին, քանի որ 26 տարվա բանակցությունները ոչնչի չէին հանգեցրել։ Ժամանակի հետ, իհարկե, հարցեր են առաջանում․ ԼՂ ապագայի ինչպիսի՞ տարբերակներ են քննարկվելու բանակցությունների սեղանին, ինչպե՞ս է որոշվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, արդյո՞ք հայկական կողմը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ռուսական խաղաղապահների դերը նույնպես որոշակի հարցեր է առաջ բերում։ Բնականաբար, հարցեր կան նաև Լաչինի միջանցքի, Լաչին քաղաքի հետ կապված․․․
― Ընդդիմության համար, եթե ես ճիշտ եմ հասկանում, երկու գայթակղություն կա․ կամ դառնալ ավելի հայրենասեր, քան նախագահը, ինչը բավականին բարդ է, կամ որևէ այլ կառուցողական տարբերակ փնտրել, ինչը միշտ չէ, որ պոպուլյար է։ Ինչպե՞ս կվարվի ընդդիմությունը։
Ջաֆարլի – Դեռ պատերազմից առաջ իշխանությունը պարարտ հող էր նախապատրաստել [ընդդիմության հետ] կոնսենսուսի համար։ Փետրվար-մարտ ամիսներին նախագահն ընդդիմությանը երկխոսության առաջարկ էր արել․ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, բացառությամբ՝ «Ժողովրդական ճակատի» և «Մուսավաթի», համաձայնել էին։ Ռազմական գործողությունների ժամանակ բոլորը, այդ թվում՝ «Մուսավաթն» ու «Ազգային ճակատը», աջակցում էին նախագահին ու բանակին։
Մեր կազմակերպությունը՝ «ՌԵԱԼ»-ը, երկխոսության այդ որոշումն ընդունելիս, ենթադրում էր, որ այս տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ ինչ-որ իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Խորհրդարանական ընտրությունները հետաձգել էին մինչև փետրվար՝ աշնանը նախընտրական ճակատամարտերը բացառելու համար։ Մենք հասկանում էինք, որ Ամերիկայում նախընտրական գործընթացներ են լինելու, արևմտյան աշխարհը զբաղված է լինելու սեփական խնդիրներով։ Նաև տնտեսական ճգնաժամը՝ պայմանավորված համավարակով․․․
Այժմ, իհարկե, իշխանություններից միլիտարիստ լինելն իմաստ չունի․ կողքից անգամ դա ծիծաղելի կդիտվի, թեև որոշ ընդդիմադիր գործիչներ, ցավոք, ընկել են այդ թակարդը… Նախագահ Իլհամ Ալիևի վարկանիշը, իհարկե, բարձրացել է։ Կան մտավախություններ, որ նա էլ ավելի կոշտ կվերաբերվի ընդդիմությանը։ Ես այդպես չեմ կարծում, քանի որ հիմա, երբ սկսվեն տարածաշրջանի ապագայի շուրջ միապաղաղ, ծանր և մածուցիկ բանակցությունները՝ հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների մասով, հակառակը, իշխանությունը ևս ուժեղ ընդդիմության կարիք կունենա։ Այն, ինչ իշխանություններն ասել չեն կարող, կարող է ասել ընդդիմությունը՝ հող նախապատրաստելով հասարակական կարծիքի ձևավորման համար։ Ուժեղ ընդդիմության առկայությունն արտաքին ճնշման դեպքում կարող է ծառայել իբրև ամորտիզատոր։
Իլհամ Ալիևի վարկանիշը հիմա օբյեկտիվորեն շատ բարձր է։ Եթե վաղը արդար, թափանցիկ ընտրություններ անց կացվեն՝ նա կհաղթի։ ․․․Մյուս կողմից, իշխանությունները հայտարարել են, որ ամբողջական հաղթանակ են տարել, ինքնիշխանությունը վերականգնվել է․ օքեյ, շատ լավ է, մենք աջակցում ենք այդ հռետորաբանությանը։ Ուրեմն եկեք լուծենք մյուս խնդիրները։ Նախկինում, երբ մենք խնդիրներից էինք խոսում, իշխանությունները մեզ լռեցնում էին նրանով, որ կա մեկ այլ մեծ չլուծված խնդիր՝ ղարաբաղյանը, ուստի՝ խորքային բարեփոխումների մասին խոսելու ժամանակը չէ։ Եթե իշխանությունը հիմա հայտարարում է, որ այդ խնդիրը լուծված է՝ հիանալի է, եկեք վերջապես սկսենք աշխատել այլ ուղղություններով։
― Պատերազմից հետո Բաքվի պողոտաներում մեքենաների վրա թուրքական ու ռուսական դրոշներ էին ծածանվում։ Հաղթանակը, մյուս կողմից, վրա հասավ Ադրբեջանի և Եվրոպայի, մասնավորապես՝ Ֆրանսիայի միջև համառ գոտեմարտի պայմաններում։ Ինչպե՞ս է այսուհետ դիրքավորվելու իշխանությունը․ սովորաբար այն փորձում է ռիկսկի չդիմել ո՛չ արևմտյան, ո՛չ էլ արևելյան ուղղությամբ։
Ջաֆարլի – Թուրքական հարցը շատ նուրբ է Ադրբեջանի համար։ …Այս պատերազմի ընթացքում, իհարկե, կար Թուրքիայի քաղաքական աջակցությունը, նաև՝ իրական աջակցությունը․ մենք ժամանակակից զենք էինք ստանում Թուրքիայից, ինչն, իհարկե, շատ բարձր է գնահատվում։ Կարծում եմ՝ Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում օբյեկտիվորեն աճել է։
Ինչ վերաբերում է ռուսական դրոշներին՝ այստեղ նուրբ պահեր կան։ Կարծում եմ՝ ադրբեջանական իշխանությունները հասկանում էին, որ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության աճից միայն Եվրոպան չի վրդովվում։ Առավել շատ դա անհանգստացնում է Ռուսաստանին։ Այո, ստորագրված համաձայնությունների իրականացումից հետո, երբ հայակական օկուպացիոն զորքերը սկսեցին լքել Աղդամը, և հատկապես՝ Քելբաջարը, Բաքվում երթեր էին, և մեքենաների այդ տոնական քարավաններում կային ռուսական դրոշներ։ Կարծում եմ, դա նաև ուղերձ էր Ռուսաստանին, որ մենք գնահատում ենք այն, ինչ Ռուսաստանն անում է տարածաշրջանի համար։ Բայց, անկեղծ ասած, Ռուսաստանն այստեղ՝ Ադրբեջանում, երբեք մեծ քաղաքական ազդեցություն չի ունեցել ընդդիմադիր կուսակցությունների վրա։ Ռուսաստանը միշտ էլ ուժեղ խաղացող է եղել, բայց իրապես ռուսամետ ուժեր Ադրբեջանում չեն եղել․ դա մեզ համար մեծ առավելություն էր, որ պրոռուսական այստեղ մշտապես համարվել են իշխանությունները։
Ներիշխանական ռուսամետ խմբավորումները պատերազմից առաջ մասամբ մաքրվել էին, կարծում եմ՝ ոչ պատահականորեն։ Ռուսաստանը ազդեցությունը մեծապես այդ խմբավորումների միջոցով էր։ Հիմա, ցավոք, որոշ մտավախություններ կան, որ երբ ռուսական ներկայությունը սկսի ուժեղանալ, Ադրբեջանում կհայտնվեն քաղաքական ուժեր, այսինքն, Ռուսաստանը ոչ միայն բիրտ, այլև մեղմ ուժով կարող է մեծացնել իր ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա․․․ Իշխանություններին դա, իհարկե, դուր չի գա։
․․․Ադրբեջանն օբյեկտիվորեն ավելի մոտ է Արևմուտքին․ տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ բոլոր նախագծերը կապված են Արևմուտքի հետ։ Հռետորաբանությունը մի բան է, իրական գործողությունները՝ այլ։ Չեմ կարծում, որ Արևմուտքի հետ հարաբերությունները կարող են ինչ-որ լուրջ վատթարացումներ արձանագրել։ Անգամ հակառակը․ կարծում եմ, որքան էլ պարադոքսալ չլինի, գուցե Թուրքիայի մասնակցության շնորհիվ․․․ Լեզվակռիվներ միշտ էլ կլինեն, բայց իրականում Եվրոպան առավել քան հետաքրքրված է աշխատել Ադրբեջանում․ գալիք տարվանից պետական սեփախանության մասնավորեցման մեծ ծրագիր է մեկնարկելու, նախագծեր կլինեն ազատագրված շրջաններում, արևմտյան բիզնեսի համար որոշակի հնարավորություններ կբացվեն։ Ադրբեջանն ապագայում կարող է դառնալ լոգիստիկ կենտրոնը․ արևմտյան ընկերությունները կարող են սկսել աշխատել և՛ Իրանի, և՛ Միջին Ասիայի հետ…
― Որքանո՞վ է Ադրբեջանն արդեն պատրաստ յուրացնել այս պատերազմի թերևս ամենագլխավոր արդյունքներից մեկը՝ տարածքները և Հայաստանի հարավում նման մեծ բիզնես կենտրոնի ի հայտ գալը՝ հաղորդակցության արգելքների վերացման դեպքում։
Ջաֆարլի — Սա այս տարածաշրջանի հսկայական ներուժն է։ Առնվազն առաջին մեկ-երկու տարիներին, բնականաբար, բազմամիլիարդանոց ներդրումներ կպահանջվեն ենթակառուցվածքներում, նաև՝ ականազերծման, անվտանգության համար։ Հետո, հավանաբար, հնարավոր կլինի խոսել հաղորդակցությունների ապաարգելափակման մասին, Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնման մասին․ երկաթուղային ճանապարհ, ավտոճանապարհ։ Չեմ կարծում, թե սրանք հեշտ կլինի անել, յուրաքանչյուր տառի, յուրաքանչյուր ստորակետի համար բանակցությունների ընթացքում կոշտ դիմակայություն է լինելու։
Բացի այդ, Ադրբեջանը հետ է ստացել հսկայական քանակությամբ բերքատու տարածքներ։ Ադրբեջանում վարուցանքի ահռելի խնդիր կար, ջուրը չէր բավականացնում, քանի որ օկուպացիայի ժամանակ հայկական ուժերն արգելափակել էին մեծ թվով ջրանցնքեր, որոնցով Ղարաբաղից ջուր էր մտնում Ադրբեջանի մյուս հատվածներ։ Այժմ այդ ջրային ռեսուրսները ևս հասանելի են դարձել։ Թե՛ զբոսաշրջային ներուժը, թե՛ տնտեսական, գյուղատնտեսական․․․ այդ տարածաշրջանում նաև ոսկի կա, բնական հանածոներ՝ ոչ այնքան շատ, ինչպես մամուլում է խոսվում, բայց կա։ Այդ ամենը, իհարկե, մեծ դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, բայց առաջին 2-3 տարիներին լարվածությունը մեծ կլինի։
Ադրբեջանում շատ քիչ միջոցներ կան, որպեսզի երկիրն ինքնուրույն լուծի բոլոր խնդիրները, բոլորը հույսը կապում են Նավթային հիմնադրամի հետ, որում 42 միլիարդ դոլար կա։ Բայց Նավթային հիմնադրամը, ինչպես ասում են, ռետինե չէ, միայն այս տարի Ադրբեջանի բյուջեի 58 տոկոսը կազմել են Նավթային հիմնադրամի տրանսֆերները։ Այս տարի Նավթային հիմնադրամի ծախսերը եկամուտներից երկուսուկես անգամ շատ են՝ հաշվի առնելով, որ նավթի գները կտրուկ նվազել են, և առաջիկա տարիներին նավթի նման բարձր գներ մենք չենք տեսնի։ Այնպես որ, միայն Նավթային հիմնադամի միջոցներով չի հաջողվի ամեն ինչ վերականգնել, և դրա համար Ադրբեջանը պետք է ավելի բաց երկիր դառնա՝ հետագայում ներդրողներին գրավելու համար։ Տնտեսական, իրավաբանական բարեփոխումներ են պետք։ Պետք է նորմալ դատարաններ լինեն։ Հենց այդ պատճառով եմ ասում, որ եթե ադրբեջանական իշխանությունները փակվելու անհեթեթ որոշում կայացնեն, ապա այս ռազմական հաղթանակի օգուտը նվազագույնը կլինի։
— Ի՞նչ է Ադրբեջանը պատրաստվում անել նախկին ԼՂԻՄ տարածքների հետ, որոնք անցել են իր վերահսկողության տակ։ Ի՞նչ է լինելու Հադրութի հետ, հայերը Հադրութ վերադառնալո՞ւ են։
Ջաֆարլի – Եռակողմ հայտարարության համաձայն, զորքերը դեռևս կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած էին մինչև նոյեմբերի 9-ը։ Հետագայում, բնականաբար, հայկական կողմը կբարձրացնի այդ հարցը, բայց այն ժամանակ պետք է համալիր լուծում տալ, պետք է մի քանի հազար ադրբեջանցիները վերադառնան Խոջալու [Իվանյան], Խանքենդի [Ստեփանակերտ]։ Այդ մասին ոչ ոք չի խոսում։ Կարծում եմ, ապագա խաղաղ գործընթացի կամ ապագայի խաղաղության համաձայնագրի դետալները շատ ու շատ դժվար կլինեն։ Անորոշ պահերը շատ են, շատ են հստակեցման կարիք ունեցող դետալները։ Պետք է արդեն հիմա մտածել համայնքների միջև հարաբերությունների բարելավման մասին։ Մենք հարևաններ ենք, Ղարաբաղի հայկական բնակչությունը պետք է ունենա նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիներն ունեն, նրանք, իհարկե, պետք է անվտանգության երաշխիքներ ունենան, պետք է զարգանան:
Մեր կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է։ Ադրբեջանն ապագայի մասին մտածելու կարիք ունի․ սահմանադրական բարեփախումների, տեղական ինքնակառավարման Երոպական խարտիայի ընդունման, որը մենք փաստացի ընդունել ենք, բայց չենք իրագործում։ Ապագայում ադրբեջանական համայնքի և հայկական համայքնի հենց տեղական ինքնակառավարումը կարող է դառնալ համայքների մտերմացման և Ադրբեջանում խաղաղ գոյակցման բանաձևը։ …Դա կարող է բարեփոխումների բանալի դառնալ ողջ երկրի համար, քանի որ գործադիր իշխանության ինստիտուտը, որը ժառանգություն է մնացել Խորհրդային միությունից և գործում է մինչ օրս, արդյունավետ չէ։ Ավելին՝ այն քրեականացված է․ իշխանությունները տեղական վարչակազմերի տասնյակ ղեկավարների են ձերբակալել պատերազմից առաջ։ Ինչքա՞ն կարելի է ձերբակալել մարդկանց։ Պետք է փոխել համակարգը։
Դե, իսկ ձեր բարձացրած հարցերը բաց են մնում։ Իհարկե, բանակցությունների ժամանակ շատ դետալներ կլինեն։ Ցավոք, կարծում եմ, խաղաղ գործընթացը շատ երկար կտևի։ Չեմ կարծում, որ եկող տարի կամ նույնիսկ 2022-ին հնարավոր կլինի լուծել բոլոր խնդիրները ու մեծ խաղաղություն հաստատել։
Հանրապետական Այլընտրանք (Republican Alternative` ReAl) կուսակցությունը հիմնվել է 2009 թվականին, դիրքավորվում է որպես «երկրում ժողովրդավարական և սոցիալական փոփոխությունների ձգտող շարժում»։ Բաղկացած է հիմնականում երիտասարդներից։ Կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը 2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ձերբակալվել էր․ ազատ է արձակվել 2018-ին՝ համաներումով։ Հանրապետական այլընտրանքը համարվում է Ադրբեջանի ամենաառաջադեմ կուսակցություններից․ շատ մեծաթիվ չէ, բայց անցած խորհրդարանական ընտրություններին հաջողել է երկու տեղ զբաղեցնել Միլլի Մեջլիսում։