հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Ադրբեջանը հարձակվել է արհմիութենականների վրա

Ադրբեջանը հարձակվել է արհմիութենականների վրա

Բաքվում ևս մեկ արհիմութենական ակտիվիստի են կալանավորել։ Ադրբեջանի անկախ արհմիությունների նորաստեղծ կոնֆեդերացիան օգոստոսի 1-ին բողոքի ցույց էր կազմակերպել՝ պահանջում էին վերացնել առաքիչների մոպեդներին առնչվող նոր սահմանափակումները։ Ցույցից հետո վարչական գործ են հարուցել և ձերբակալել «Դեմոկրատիա 1918» շարժման անդամ, արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Աֆիյադին Մամեդովին։ Արհմիութենական ակտիվիստների վրա այժմ թմրամիջոցների շրջանառություն են կարում և կալանավորում արդեն քրեական մեղադրանքներով։

Նարիմանի շրջանային դատարանը 4 ամսով կալանավորել է «Դեմոկրատիա 1918» շարժմանը կից Ադրբեջանի անկախ արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Այխան Իսրաֆիլովին։ Քննչական կոմիտեն արհիմութենական ակտիվիստին մեղադրում է թմրանյութեր ձեռք բերելու, պահելու և շրջանառելու մեջ՝ ԱՀ ՔՕ 234․4․3 հոդված։

Իսրաֆիլովին ձերբակալել են օգոստոսի 11-ին։ «Դեմոկրատիա 1918» շարժման ղեկավար Ահմեդ Մամեդլին հայտարարել էր, որ քննիչները Այխանին թմրանյութերի շրջանառություն են մեղսագրելու։ Կազմակերպությունը շեշտել էր՝ աշխատավորական շարժման ակտիվիստի կալանավորումը քաղաքական բնույթ է կրում։

Այխան Իսրաֆիլովը արդեն երրորդ արհիմութենականն է, որին ձերբակալել և կեղծ մեղադրանքներ են առաջադրել առաքիչների օգոստոսի 1-ի ցույցից հետո։ 

«Դեմոկրատիա 1918» շարժման արհմիությունների կոնֆեդերացիան ստեղծվել է 2022 թվականի մարտին՝ որպես այլընտրանք Խորհրդային Միությունից ժառանգված և կոռումպացված Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիային։ 

Կոնֆեդերացիայի ղեկավարին՝ Աֆիյադին Մամեդովին, ձերբակալել են ցույցի օրը։ Ո՛չ փաստաբաններին, ո՛չ էլ իրավապաշտպաններին չեն թողել նրան տեսակցել։ Երկու տարբեր դատարաններում երկու տարբեր նիստ է գումարվել, մեկով Մամեդովը տուգանվել է, մյուսով՝ կալանավորվել 30 օր ժամկետով։ Նրան մեղադրում են մանր խուլիգանության և ոստիկանի պահանջին չենթարկվելու մեջ։ Մամեդովը ավելի ուշ հացադուլ է հայտարարել և բողոքարկել դատարանի վճիռը վերադաս ատյանում։ Բողոքարկումը մերժվել է։ Չնայած նիստը դռնփակ չէր անցնում, լրագրողներին ներս չեն թողել։

349148735_261661746358578_8046432210497881254_n
Աֆիյադին Մամեդով

Անկախ արհմիությունների դեմ ճնշումները սրվել են օգոստոսի 1-ի բողոքի ցույցից հետո՝ սննդի տասնյակ առաքիչներ մոպեդներով հավաքվել էին Բավքի կենտրոնում և պահանջում էին չեղարկել ճանապարհատրանսպորտային նոր կարգավորումները, որոնք թույլ են տալիս առգրավել չգրանցված մոպեդները և տուգանել առաքիչներին, որոնք վարորդական իրավունք չունեն։  Առաքիչները ահազանգում էին նաև օրեցօր վատթարացող աշխատանքային պայմանների մասին։

Նոր կարգավորումները ուժի մեջ են մտել 2022-ի դեկտեմբերի 16-ին։ Արհմիությունների կոնֆեդերացիայի և առաքիչների արհմիության ահամատեղ հայտարարությունում նշվում էր, որ մոպեդները գրացնելու, պետհամարանիշներ ստանալու համար պահանջվում է մաքսային դեկլարացիա ներկայացնել։ Բայց մոտոցիկլետների և մոպեդների վաճառքով զբաղվողները նման դեկլարացիա չունեն և գնորդներին չեն տալիս։ Ներկրվող մոպեդները հաճախ ձևակերպվում են որպես պահեստամասեր։ «Ներկրողները խուսափում են հարկերից, բայց տուժում են առաքիչները, որոնք մոպեդներն օգտագործում են՝ օրվա հացը վաստակելու համար։ Էս հարցը լուծում չունի, այդ դեկլարացիաները ուղղակի չկան», – նշում էին ցույցի մասնակիցները։ 

Ցույցից մի քանի օր անց՝ օգոստոսի 4-ին, ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են արհմիութենական ակտիվիստ Էլվին Մուստաֆաևին։ Նրան իսկույն մեղադրել են թմրանյութեր շրջանառելու մեջ և կալանավորել նախնական 4 ամիս ժամկետով։

01000000-0aff-0242-5b7f-08db9a7313fa_w1597_n_r1_st_s
Էլվին Մուստաֆաև

Այժմ նույն մեղադրանքով կալանավորվել է նաև Այխան Իսրաֆիլովը։

324736031_950641345919948_827900290225477347_n
Այխան Իսրաֆիլով

Հետապնդումների մասին ահազանգել է նաև արհմիութենական ակտիվիստ Օրհան Զեյնալովը։ Ցույցից հետո նրան հաջողվել է դուրս պրծնել ոստիկանների տեդադաշտից․ «Հեռվից տեսա՝ ինչպես են երկու ոստիկան շարժվում իմ ուղղությամբ, հասկացա, որ հետևիցս են ընկել, սկսեցի վազել։ Սլանում էի խելագարի նման, հետո մի թաքստոց գտա, մնացի մինչև գիշերվա 3-ը»։ Զեյնալովը փախուստի է դիմել, և վստահ չի՝ որքան երկար կկարողանա մնալ ազատության մեջ։

Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, թե Օրհան Զեյնալովի նկատմամբ հետապնդում չկա։ Նրա ահազանգը ադրբեջանցի իրավապահները մեկնաբանել են որպես «արհմիութենական արշավի մի մաս»։

Ադրբեջանի «ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը մինչ այդ դիմել է միջազգային հանրությանը և կոչ արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։

«Իլհամ Ալիևի ռեժիմը համառորեն ցանկանում է Ադրբեջանը վերածել Հյուսիսային Կորեայի և միջազգային հանրությունը պարտավոր է կանխել դա», – շինծու հետապնդումների նոր ալիքի ֆոնին հայտարարել է քաղաքական ուժը։

«Իլհամ Ալիևի ռեժիմը, որը հայտնի է իր կոշտ ավտորիտարիզմով և ռեպրեսիվ սովորություններով, մեծ սպառնալիք է համարում ցանկացած կազմակերպություն և բողոքի ցույց, որն իր վերահսկողությունից դուրս է», – գրել է «Ժողովրդական ճակատը», որի մոտ մեկ տասնյակ ակտիվիստներ ևս գտնվում են ճաղերի ետևում։

տե՛ս՝ Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի․ հավատացյալներին տանում են բանտ