Հոկտեմբերի 24-ին Բաքվում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ շուրջ 100 մարդու են ձերբակալել, գրում է Turan գործակալությունը: Ցուցարարները քաղբանտարկյալների համար ազատություն էին պահանջում, ինչպես նաև՝ հավաքների ազատություն, Ադրբեջանի ցամաքային սահմանների բացում և երկրում ազատ ընտրությունների անցկացում։ Բողոքի ցույցը կազմակերպվել էր «Ազգային ճակատ» կուսակցության կողմից։ Նշվում է կանանց ակտիվ մասնակցությունը։
Ծրագրված ժամից մոտ մեկ ժամ առաջ ուժայիններն արդեն տեղակայվել էին քաղաքային իշխանությունների շենքին կից տարածքում։ Որոշ ժականակ անց ոստիկանները սկսել էին ձերբակալել տեղում հայտնվող ու լրագրողների առջև ելույթ ունեցող յուրաքանչյուր մասնակցի, այդ թվում՝ կանանց։ Ցուցարարները նոր ռազմավարություն էին մտածել․ սկզբում հայտնվում էին հերթով, հետո 4-6 հոգանոց խմբերով, ինչի շնորհիվ ակցիան ավելի երկար տևեց, քանի որ ոստիկաններին չէր հաջողվում միանգամից բոլորին ձերբակալել։
Ցուցարարները վանկարկում էին «Ազատությո՛ւն», «Հրաժարակա՛ն տուր» և «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Իրենց ակտիվությամբ աչքի էր ընկել կանանց մի խումբ, որն անգամ ոստիկանական ավտոբուսի միջից էր շարունակում հակակառավարական կարգախոսներ վանկարկել։
Ձերբակալվածներից որոշները պատմել են իրավապահների կողմից բռնության ենթարկվելու մասին, գրում է Meydan TV-ն։ Գործակալությունը նաև հաղորդել է, որ որոշ ակտիվիստների ձերբակալել են դեռ տանը՝ մինչև ակցիան։
Նշվում է նաև, որ ոստիկանական մեքենաներն ու ավտոբուսները չէին հերիքում, ինչի պատճառով ստիպված նորերն էին բերում, գրում է Turan-ը։
Տարբեր լրատվամիջոցների գնահատմամբ՝ ակցիան, ընդհանուր առմամբ, տևել է շուրջ մեկ ժամ։ Ըստ դրա կազմակերպիչը հանդիսացող Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավարի ֆեյսբուքյան գրառման՝ ակցիան հաջողված է։
Հոկտեմբերի 24-ին քաղաքային իշխանությունը մերժել էր կուսակցության՝ ցույց անցկացնելու հայտը։ Պատասխան նամակում որպես մերժման պատճառ նշվել էր, որ ակցիայի անցկացման վայրը մոտ է կրթական հաստատություններին, մետրոյի ելքին և ինտենսիվ շարժ ունեցող ճանապարհներին։ Կազմակերպիչները հայտարարել էին, որ ցույցը, այնուամենայնիվ, կայանալու է։
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ից Ադրբեջանը փակել է ցամաքային սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։ Ռուսաստանի և Վրաստանի հետ երկրի սահմանները փակ են դեռևս 2020 թվականի ապրիլից։ Երկրի նախագահը դա պատճառաբանել էր համավարակային սահմանափակումներով՝ «որ մարդիկ չհիվանդանան»։ Հուլիսի 20-ին տասնյակ ադրբեջանցիներ Բաքվի նախարարների գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով բացել ցամաքային սահմանները։