Home / Եկեղեցի / Ինչպես սուրբ Սեբաստյանը

Ինչպես սուրբ Սեբաստյանը

Համաձայն Մ. Ֆուկոյի, հոմոֆոբիան ուշ ծագում ունի և կապված է լուսավորականության (լիբերալիզմի) կարգապահական, մասնավորապես՝ բժշկական կարգապահական ռեժիմի հետ։ Այսինքն՝ մինչև 19-րդ դարը հոմոֆոբիա չի եղել, այն հնարել են «առաջադեմ» բժիշկները, որոնք նույնասեռականությունը դիտարկեցին որպես հիվանդություն։

Մինչ արդիականությունը եվրոպական հասարակությունը չէր դիտարկում հոմոն իբրև մահացու մեղք։ Նախ այն չկա Ավետարանում, որտեղ ամենամեծ մեղքը գոռոզությունը, մեծամտությունը կամ ամբարտավանությունն է։

Պողոս առաքյալը միանշանակ գրել է՝ մենք պայքարում ենք ոչ թե մարմնի և արյան դեմ, այլ՝ պետությունների և հաստատությունների։ Մարդուն այլասերում են ոչ թե նրա ցանկությունները, այլ՝ իշխանությունը և կապիտալը։ Մարդուն պետք են իր ցանկությունները, «պետությունները և հաստատությունները» գողանում են մարդու ցանկությունները, որ այն վերածեն պահանջմունքների։ Կապիտալը իր ներդրումն ունի՝ վերածել ցանկությունը ապրանքի։

Անշուշտ, քրիստոնեական բոլոր եկեղեցիներում նույնասեռականությունը միանշանակ դատապարտվում է, այն մեղք է։ Բայց… մեղքը լինում է մեծ ու փոքր։ Միջնադարում մեծ մեղքը ագահությունը և չարությունն էր։ Սեռական շեղումները իբրև մեծագույն մեղք՝ դա արդեն «առաջադիմական» մտքի փայլատակումն է, ըստ Մ. Ֆուկոյի։

Ո՞վ է ավելի հանդուրժող՝ «առաջադիմականը», թե քրիստոնեականը։ Կարծում եմ՝ «առաջադիմական» կարգապահական սկզբունքները երբեմն ավելի խիստ են, քան քրիստոնեության սկզբունքները, որոնք ավելի ներողամիտ են, երբ վերևից հրաման կա։

Դատապարտելով հասարակ խավի «հոմոֆոբիան», պետք է հասկանալ, որ այն լիբերալ քաղաքակրթման հետևանքներից է։ Ավելի պարզ, ըստ 19-րդ դարի լուսավորչական-լիբերալ-գիտական պատկերացումների, նույնասեռականությունը ֆեոդալիզմի մնացուկ է, որը հարկավոր է արմատախիլ անել։

Ըստ քրիստոնեական սկզբունքների, մարդու մեջ ամենաէականը փրկության հավատն է։ Լավ է, որ մարդը հավատում է Աստծոն, բայց Հիսուսը ծաղրում է այդ հավատը՝ «եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենայիք…»։

Բայց ինչպե՞ս հասկանալ այս նուրբ տարբերությունը. Աստծոն հավատում են շատերը, փրկությանը՝ քչերը։

Առաքել Դավրիժեցին ունի մի նովել Նիկողայոս Ամիդեցու մասին։ Նիկողայոսը մեղավոր է, նույնասեռական է։ Բայց նա հավատում է փրկությանը և դավանափոխ չի լինում։ Նրա գերեզմանի վրա լույս է հայտնվում։

Հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ սկզբունք չունի և սուրբ կարգելու առանձին արարողակարգ, այսինքն՝ կիսում է ընդհանրական Եկեղեցու մոտեցումները։ Այսինքն, եթե հրաշք է եղել, լույս է իջել գերեզմանի վրա, ուրեմն՝ սուրբ է։ Կարևոր չէ՝ հայ առաքելական, հույն ուղղափառ, թե կաթոլիկ։ Հրաշքը պարտադրում է։

Այն, որ նույնասեռականը կարող է լինել քրիստոնեական սուրբ, իսկ մենք գերված ենք աթեիստական «հոմոֆոբիայով», պետք է մեզ հուշի քրիստոնեական հավատի խեղումների մասին։

Նախ, որ քրիտոնեաները «հոմոֆոբ» են դարձել աթեիզմի և պսևդոգիտական բժշկության և հոգեբուժության շնորհիվ, և այն Ավետարանի հետ կապ չունի։

Բավ է, այստեղ Առաքել Դավրիժեցու բնագիրի թարգմանությունն է աշխարհաբար.

ԳԼՈՒԽ ԽԴ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՆՄԵՂ ՄԱՆՈՒԿ ՆՒԿՈՂԱՅՈՍԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ

Այս երանելի նահատակ Նիկողայոսը Տիգրանակերտ[1] քաղաքից էր, որ այժմ կոչվում է Ամիդ, ծնվել ու սնվել էր նույն քաղաքում, հասակով պատանի էր դեռ՝ մոտ տասնհինգ տարեկան, տեսքով գեղեցիկ էր, հասակով վայելուչ, ազգությամբ քրիստոնյա հայի զավակ։

Մի օր, երբ Նիկողայոսը շրջում էր շուկայում իր մշտական սովորությամբ, մի մահմեդական մարդ, որի անունն էլ նորից Մահմեդ էր, մոտեցավ Նիկողայոսին, ձեռքը քսեց երեսին և վերաբերվում էր տռփական ցանկությամբ, որպես միշտ երևում է մահմեդականների մեջ ունակություն դարձած (արուի նկատմամբ)։ Իսկ Նիկողայոսը նեղվելով ղրանից, սաստիկ բարկությամբ իրենից հեռացնում է։ Այդտեղ էր մի այլ մարդ հավատով մահմեդական, որի անունը նույնպես Մահմեդ էր։ Նիկողայոսի հետ այժմ խաղացող այս Մահմեդը Նիկողայոսին ասաց. «Ինչպե՞ս է, որ մյուս Մահմեդի հետ սեր ես անում և մերձավորվում, իսկ ինձ հետ չես անում»։ Նիկողայոսը ասաց. «Քո մերն էլ, նրա մերն էլ էսպես անեմ»։

Նույն ժամին այս Մահմեդը ասաց մոտիկ կանգնած մարդկանց ու խանութպաններին, թե` «Աստծու սիրուն վկա եղեք, որ դուք ինքներդ լսեցիք, որ սա հայհոյեց մեր օրենսդիր ու մարգարե Մահմեդին»։

Բազմաթիվ մահմեդականներ այնտեղ նրանց վրա հավաքվեցին իբրև կատաղի շներ և Նիկողայոսին հափշտակեցին, տարան դատարան դատավորի մոտ։ Նրանցից ոմանք դատախազ դարձան, ոմանք վկաներ, ոմանք վրեժխնդիրներ և մահվան էին դատապարտում Նիկողայոսին:

Դատավորը Նիկողայոսին հարցրեց, թե իրո՞ք հայհոյել է պատգամաբեր Մահմեդին, Նիկողայոսը պատասխանեց. «Ես չհայհոյեցի և ոչ էլ որևէ խոսք ասացի պատգամաբեր Մահմեդին, այլ այս մարդը մարդկանց մեջ տռփանքով էր վերաբերվում ինձ հետ և խայտառակում ինձ, ուստի ես սրան մայր հայհոյեցի»։ Իսկ Նիկողայոսի հետ խաղացող այս Մահմեդը դատախազ եղավ և ասաց, թե պատգամաբեր Մահմեդին հայհոյեց։ Նաև ասաց. «Ահավասիկ երկու մարդ էլ վկա ունեմ»: Այս մարդկանց բերեց, կանգնեցրեց դատավորի առջև, մեկի անունը ասում էին առևտրական Ալլահվերդի, իսկ մյուսին` հալվագործ Սևիդ։ Սրանք եկան դատավորի առջև վկայեցին, թե մենք դրանից լսեցինք, որ հայհոյեց Մահմեդին։

Դատավորը Նիկողայոսին ասաց. «Որովհետև այդքան մահմեդականներ են հավաքվել քո գլխին, այդ կերպ էլ կդատապարտեն. գիտեմ, քեզ կենդանի չեն թողնի, այլ կսպանեն, ուստի լսիր իմ խոսքին և եղիր մահմեդական, որ ազատվես մահվանից»: Իսկ Նիկողայոսը հանձն չառավ լինել մահմեդական: Շատ անգամ ասաց դատավորը. «Քեզ շատ փող և թանկագին ունեցվածք, գեղեցիկ կին կտամ, եթե ընդունես Մահմեդի հավատը»։ Իսկ Նիկողայոսը ասաց. «Ես իմ լույս հավատը չեմ թողնի և իմ Քրիստոս աստծու ուղիղ կրոնը չեմ փոխանակի ձեր կրոնով, իսկ եթե անմեղ ինձ սպանում եք, այդ դուք գիտեք»։ Իսկ նրանք, որոնք վրեժխնդիր մահմեդականներ էին, ստիպում էին դատավորին մահվան վճիռ կտրել Նիկողայոսի վերաբերյալ, որ սպանեն նրան, և դատավորը վճռեց։

Իսկ մահմեդականները, որոնք չար գազանի նման ծարավի են քրիստոնյաների արյան, Նիկողայոսին ու վճիռը առան, տարան փաշայի մոտ, որի անունն է Մուստաֆա փաշա և հայտնեցին նրան ամենը շատ ամբաստանություններով։ Փաշան ասաց Նիկողայոսին. «Լսիր իմ խոսքերին և դարձիր Մահմեդի պայծառ հավատին, որով պայծառացել է ամբողջ աշխարհը, ինչպես տեսնում ես, իսկ ես քեզ կնշանակեմ մշտապես ինձ համար իմ առջև սպասավոր և իբրև որդու կընդունեմ քեզ, կտամ քեզ շատ դրամ և թանկագին ունեցվածք, իշխանների աղջիկ կին, ումը որ կամենաս, պետական պաշտոն և ուրիշ շատ բարիքներ»։ Նիկողայոսը պատասխանեց․ «Այդ բարիքներից ոչինչ ինձ պետք չէ ամենևին, իսկ եթե ինձ բարություն ես անում, թող ինձ ապրեմ իմ հավատով, իսկ եթե ինձ իզուր դատապարտում և սպանում եք, դուք գիտեք»։

Բազմաթիվ անգամ փաշան ասաց. «Կտամ քեզ մեծություն, փառք, եթե քո հավատից հրաժարվես և ընդունես Մահմեդի հավատքը»։ Բայց Նիկողայոսը չդարձավ մահմեդական։ Իսկ մահմեդականները շատ խոսքերով թախանձում էին փաշային՝ Նիկողայոսին սպանելու հրաման վճիռ արձակելու։ Երբ փաշան իմացավ, որ Նիկողայոսը չի դառնա, ապա նրան սպանելու վճիռ ու հրաման տվեց։

Այդ ժամանակ դահիճների խումբը հավաքվեց նրա գլխին և մերկացրին նրան, գլուխը բաց ու բոկոտն, ձեռքերը ետևը կապված առան նրան, տարան պտույտ տալու քաղաքի բոլոր տեղերում։ Իսկ մունետիկը նրա առջևից հայտարարելով գնում էր։ Նրան տարան մեծ հրապարակի մեջ, այնտեղ, որտեղ մահապարտների ձեռքերն ու ոտքերը քարի վրա կոտրատում են։ Այնտեղ ևս շատ անգամ դահիճները ասացին. «Քո հավատից հրաժարվիր և ընդունիր Մահմեդի հավատը, էլ մի համառիր, որովհետև ահա այժմ կոտրատում ենք քո ձեռքերն ու ոտքերը։ Այդպես և այլ մահմեդականներ էին ասում, իսկ Նիկողայոսը ոչ մեկին բնավ չհամաձայնվեց: Այդ պահին քաղաքի քահանաներից Մարտիրոս անունով մի քահանա հաղորդը դրած արմավի մեջ բերեց, տվեց Նիկողայոսին, որը այն առնելով ճաշակեց։ Երբ դահիճները այդ տեսան, աղմկեցին և սկսեցին հարցուփորձ անել, թե այն ինչ էր, որ քահանան տվեց Նիկողայոսին. իսկ քահանան հապճեպով խույս տվեց, փախավ տեղից ու փրկվեց։ Իսկ դահիճները բազմիցս ասացին Նիկողայոսին, թե՝ «եկ դարձիր մահմեդական և փրկվիր մահվանից»։ Երբ չդարձավ, ապա դահիճները ասացին Նիկողայոսին. «Որովհետև չես համաձայնվում ընղունել Մահմեդի կրոնը, այժմ տարածիր քո ձեռքերը այդ քարի վրա, որպեսզի կոտրատենք»։

Եվ երանելի Նիկողայոսն ինքը ինքնին քարի վրա տարածեց երկու ձեռքերը, իսկ դահիճները խփեցին կացնով և ջարդեցին երկու ձեռքերի բազուկները, ապա պահանջեցին ոտքերը, և նա տարածեց, իսկ դահիճները փշրեցին երկու ոտքերի ոլոքները։

Նիկողայոսը այդպես ջարդոտված անդամներով այդ օրը մնաց այնտեղ հանդիսարանում ընկած, իսկ երկրորդ օրը քրիստոնյաները մոտեցան փաշային ու դատավորին և խնդրեցին թույլատրել նրան այնտեղից վերցնել և տանել իրենց տուն։ Նրանք թույլատրեցին, իսկ քրիստոնյաները նրան վերցրեցին և տարան իրենց տուն։ Նիկողայոսը ձեռքերն ու ոտքերը ջարդոտելուց հետո կենդանի մնաց երեք օր, ապա իր սուրբ հոգին ավանդեց իբրև անուշ խունկ աստծու ձեռքը։

Այն գիշեր տեր Քրիստոսը փառավորեց նրան երկնային լույսով, որ իջավ նրա վրա։ Քրիստոնյաները բոլոր, որոնք այնտեղ էին, տեսան այն և ուրախացան. մեծ խնդությամբ ու ցնծությամբ փառավորում էին Աստծուն։ Նաև ինքը սուրբ Նիկողայոսը քանի դեռ կենդանի էր, պատմեց, թե այն ժամին, երբ փշրվեցին իր ձեռքերն ու ոտքերը, տեսավ, որ պայծառ լույսը շողալով երկնքից իջավ, մտավ իր բերանը։

Սրբի մահից հետո, մյուս օրը քրիստոնյաների բազմությունը հավաքվեց, վերցրեց Քրիստոսի նահատակին սաղմոսներով, օրհնություններով տարավ հայոց գերեզմանատուն սրբերի գերեզմանոցը և դրեց հանգիստ սուրբ նահատակների շարքում։

Այժմ ցավագարներն ու հիվանդները գնում են նրա սուրբ գերեզմանը և ամեն ցավի համար առողջություն են գտնում սուրբ նահատակ Նիկողայոսի աղոթքներով և մեր Քրիստոս աստծու շնորհներով, որին փառք հավիտյանս. ամեն։

Աուրբ Նիկողայոսի նահատակության գործողությունը կատարվեց հայոց 1091 [1642] թվականի ապրիլ ամսի տասնհինգին օսմանցիների սուլթան Իբրահիմի թագավորության, որ նստում էր Կոստանդնուպոլիս մեծ քաղաքում, և Սուրբ Էջմիածնի բարձրագահ աթոռի հայրապետ տեր Փիլիպոս պատվական հայրապետի կաթողիկոսության ժամանակ։

Մինչդեռ սուրբ Նիկողայոսը կենդանի էր, այնտեղ Ամիդ քաղաքում պատահեց մի վարդապետ, որի անունը չգտանք։ Սա եկել էր սուրբ Նիկողայոսի մոտ, բռնել էր նրա ջախջախված աջը, համբուրել և խնդրել էր նրանից, թե՝ «այս քո սուրբ աջը շնորհիր ինձ, քանզի ես պատրաստվում եմ եկեղեցի շինել, այս սուրբ աջը կդնեմ այն եկեղեցու հիմքում»: Սուրբ Նիկողայոսը սիրով տվեց, որովհետև ասաց. «Արդեն իսկ կտրիր և առ քեզ մոտ»։ Բայց քանի կենդանի էր, չկտրեցին, այլ մահից հետո կտրեցին, և վարդապետը ինքը առավ Նիկողայոսի սուրբ աջը և մեծ փափագով դրեց եկեղեցու հիմքում, որ շինեց։ Նաև այն քարը, որի վրա ջախջախեցին սուրբ Նիկողայոսի ձեռքերն ու ոտքերը, վարդապետը գողացավ, տարավ, դրեց եկեղեցու հիմքը, որ շինեց, որով փառավորվում էր մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը հավիտյանս հավիտենից. ամեն։

Վարդան Ջալոյան