Հունվարի 16-ին Բաքվի դատարանը 6 տարի ազատազրկման է դատապարտել Գերմանիայից արտաքսված հերթական ակտիվիստին` «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ Ջաֆար Միրզաևին: Միաժամանակ, Ադրբեջանում հացադուլ հայտարարած ընդդիմադիրների թիվը հասել է 20-ի։
Հիշեցնենք՝ ադրբեջանական «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անդամ Տոֆիկ Յագուբլուն արդեն 13 օր է հացադուլ է հայտարարել՝ պահանջով, որ իրեն ազատ արձակեն։ Ի աջակցություն ընդդիմադիրի՝ հացադուլ են հայտարարել ինչպես իր, այնպես էլ «Ազգային ճակատ» կուսակցության մի շարք անդամներ։
Ջաֆար Միրզաևը ձերբակալվել էր 2022-ի հունվարի 27-ին՝ Գերմանիայից արտաքսվելուց մոտ 2 ամիս անց, և մեղադրվում է թմրանյութեր պահելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը ակտիվիստի համար 7 ու կես տարի է պահանջել:
Նրա փաստաբան Նեմաթ Քերիմլին հայտարարել է, որ դատարանում Միրզաևի մեղավորությունը հաստատող արժանահավատ փաստեր չեն ներկայացվել և մեղադրող կողմի բոլոր փաստարկները ակտիվիստին ձերբակալած ոստիկանների խոսքերի վրա են հիմնվել։
Միրզաևը իր ընտանիքի հետ միասին Գերմանիա էր մեկնել 2014 թվականին: Շարունակելով այնտեղ իր քաղաքական գործունեությունը՝ նա մասնակցել էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման և կոռուպցիայի դեմ ցույցերին: Գերմանիայում ակտիվիստին չի հաջողվել ապաստան ստանալ և 2021-ի նոյեմբերի 25-ին նրան վերադարձրել են Ադրբեջան:
Մի քանի օր առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից ընդդիմադիրների հետապնդման և թմրանյութեր պահելու կեղծ մեղադրանքներով նրանց ձերբակալմանը անդրադարձել էր Human Rights Watch-ը։ Կազմակերպությունը գրել էր նաև Գերմանիայից Ադրբեջան արտաքսված մյուս քաղբանտարկյալների՝ Մութալիմ Օրուջևի, Մալիք Ռզաևի, Սամիր Աշուրովի և Փյունխան Քերիմլիի մասին։