2014-ից 2020-ի դեկտեմբեր Գլխավոր շտաբի պետի տեղակալի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Բաղմանյանը պաշտոնավարման տարիներին իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող դրամական միջոցներ է յուրացրել, հաղորդել է Գլխավոր դատախազությունը։ Միաժամանակ, գլխավոր շտաբի նախկին պետը թաքցրել է հայտարարագրման ենթակա այս տվյալները։
Դեպքի առթիվ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից վարույթ է նախաձեռնվել գործող քրեական օրենսգրքի 443․1 և 444․2 հոդվածներով (ապօրինի հարստանալը, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը)։
Հայկազ Բաղմանյանը հայտնի է նաև բանակում Տիգրան Օհանջանյանի սպանությունը, ենթադրաբար, կոծկելու գործով։ Ըստ պաշտոնական վարկածի, 2007-ի օգոստոսին ժամկետային հոսանքահարվել է․ անփութության հոդվածով մեղադրանք են առաջադրել զորամասի կապի հանգույցի երկու պատասխանատուներին, ովքեր արդարացվել են։
Հիշեցնենք, որ մինչև 2022-ի սեպտեմբերին գլխավոր դատախազ նշանակվելը Աննա Վարդապետյանը մի քանի տարի ղեկավարում էր վարչապետի հրահանգով ձևավորված «քննիչ» հանձնաժողովը, որը մանրակրկիտ ուսումնասիրել է խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերը, բազմահատոր եզրակացություններ է կազմել քննիչների, դատախազների, դատավորների կեղծիքների մասին և խոստացել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Պաշտոնը ստանձնելուց հետո, ըստ զոհվածների ծնողների, փաստաբանների և իրավապաշտպանների, ոչինչ չի արել՝ իրենց դիմումները անտեսելուց բացի։
տե՛ս Հանցագործները նոր պաշտոններ են ստանում․ կարևոր ասուլիս Երևանում