2020 թվականի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձինք կալանավորվել են։ Այս մասին հայտնում է Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսկված պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը լրատվամիջոցներում հրապարակվելուց հետո՝ Ա․Բ-ն և Տ․Պ-ն, ըստ ԱԱԾ-ի, 2020 թվականի նոյեմբերի 10-ի ժամը 03։00-ի սահմաններում գնացել են Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված ամբոխին:
Ա.Բ-ն և Տ.Պ-ն, խախտելով ՀՀ կառավարական կեցավայրի անձեռնմխելիությունը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, պարսպի վրայով ներս ցատկելով ներխուժել են կեցավայրի տարածք, ապա նաև՝ մտել ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն:
Ա․Բ-ն այնուհետև դուրս է եկել կեցավայրի տարածքից ու գնացել Կ.Դեմիրճյան փողոց, որտեղ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել նրան։
Հիշեցնենք՝ Ա.Բ-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում Արարատ Միրզոյանը կորցրել էր գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Իսկ Տ․Պ-ն՝ զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ապօրինի մուտք է գործել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ և պահարանից հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը: Տ.Պ-ն հափշտակած ոսկյա զարդերը՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ գրավատանը:
Ա.Բ-ի և Տ.Պ-ի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, վերջիններիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն դեռևս 2020 թվականի նոյեմբերի 11-ին ձերբակալել էր Կառավարության, Ազգային ժողովի շենքերում, «Ազատություն» ռադիոկայանում, պետական և հասարակական այլ վայրերում զանգվածային անկարգություններին ու Ազգային ժողովի նախագահի նկատմամբ բռնություն գործադրած ընդհանուր թվով 20 անձանց։