Home / Ազգային ժողով / ԱԱԾ․ Ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցած 20 անձ

ԱԱԾ․ Ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցած 20 անձ

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Կառավարության, Ազգային ժողովի շենքերում, «Ազատություն» ռադիոկայանում, պետական և հասարակական այլ վայրերում զանգվածային անկարգությունների մասնակիցներն, Ազգային ժողովի նախագահի նկատմամբ բռնություն գործադրած անձը, ընդհանուր թվով 20 անձինք։

Ըստ հաղորդագրության, հանրությանն իրենց անկարգություններով արդեն իսկ հայտնի՝ հիշյալ անձանց մեծամասնությունը զղջացել է կատարվածի համար, դատավարական հարկադրանք կիրառելուց անմիջապես հետո տրամագծորեն փոխել վարքագիծը և դրսևորել իրավահպատակ, օրինապաշտ քաղաքացուն բնորոշ վարքագիծ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նշում է, որ հետևողական պայքար է տանում հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ: Միաժամանակ, ակնկալվում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու վերը հիշատակված դեպքերի, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևացող անձանց ինքնությունների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները:

ԱԱԾ-ն հայտնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ու դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Այդ ընթացքում մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը:

Բացի այդ, նույն օրը զանգվածային անկարգությունների մասնակիցները վերը նշված համաձայնագրի կետերը չկատարելուն պարտադրելու նպատակով Երևան քաղաքում բռնություն են գործադրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, ինչպես նաև նույն նպատակով բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և վարչապետի նկատմամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: