Կոչը գրվել է նոյեմբերի 9-ին, նոյեմբերի 10-ի լույս գիշեր Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմն ավարտելու մասին հայտարարությունից ժամեր առաջ, մինչև շրջանառության մեջ դրվելը, որպեսզի դրան միացողները նույնպես ստորագրեն։ Կոչն առավել արդիական է այժմ, այդ ցավոտ հայտարարությունից րոպեներ հետո, ուստի նպատակահարմար է այն հրապարակել հիմա՝ հուսալով, որ դրան միացողները կգտնեն կոչին միանալու իրենց ձևերը՝ ստորագրելով այն հրապարակած ԶԼՄ-ի էջերում, արտատպելով կամ պարզապես իրագործելով։
Վերջին շաբաթներին, հատկապես Արցախում ռազմական իրավիճակի առավել կարևոր օրերին, շատացել են հեղաշրջման կամ «անցնցում իշխանափոխության» մասին խոսակցությունները։ Օգտվելով առիթից՝ ինչ-ինչ ուժեր փորձում են ղարաբաղյան կոնֆլիկտի պատերազմական պայթյունը (թերևս աշխարհաքաղաքական նոր վերադասավորումները) ու նախորդ իշխանությունների վարած բանակցությունների ձախողումը բարդել ժողովրդի լեգիտիմ ձայնով 2018թ․ ձևավորված կառավարության վրա՝ փորձելով հասնել դրա հեռացմանը։
Թեև նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հեռանալու կոչ անող 17 կուսակցությունների (մեծամասամբ՝ մարդ-կուսակցությունների) ու դրանց ղեկավարների անունները կարող են հուշել, թե կոնկրետ ինչ ուժեր են նրանց հովանավորում, այստեղ չենք վերլուծի դրանց կարողությունների, քաղաքական հետագծի ու օտարերկրյա կողմնորոշման հարցը։ Փաստենք, սակայն, որ ռևանշիստական այս ուժերը ու դրանց շուրջ կարծիքներ արտահայտող «ֆեյսբուքյան արբանյակները» վաղուց են վայրահաչում Փաշինյանի կառավարության ու «Իմ քայլը» կառավարող խորհրդարանական ուժի դեմ՝ անվանարկելով նրանց, և հասարակական դաշտում գործունեություն վարող բազմաթիվ այլ մարդկանց իբրև «սորոսականներ»։
Հեղաշրջման խոսակցությունների կապակցությամբ ամենակարևոր պահն այն է, որ Փաշինյանի նկատմամբ քննադատությունը՝ համեմված է մտացածին «ներքին թշնամու»՝ «սորոսականի» պիտակումով, համընկնում է Իլհամ Ալիևի, արտասահմանյան որոշ ԶԼՄ-ների և կայսերական «փափուկ ուժի» ջատագովների նույն պիտակումների հետ։ Անկասկած նման համընկնումները պատահական չեն, այդ պատճառով ուշադրություն ենք հրավիրում հոդված-կոչի ամենակարևոր մասին՝ ինչպես թույլ չտալ օտարներին սպասարկող խմբավորումների կողմից Հայաստանում կառավարության զավթումը՝ ում դիմակով էլ նրանք հանդես գան՝ նախկինների (Քոչարյանի կամ որևէ այլ օլիգարխի), թե «անցումային» ռազմական կառավարության հավակնություն ունեցողների։
Մինչև դիմադրական կոնկրետ առաջարկները շարադրելը կարևոր ենք համարում ընդգծել, որ Փաշինյանի կառավարության ու քաղաքականությունների խիստ քննադատ լինելը մեզ չի կաշկանդում պաշտպանել 2018-ի հեղափոխության ձևավորված կարևոր արժեքը՝ իշխանության ազատագրումը զավթիչներից ու ժողովրդի կողմից լեգիտիմ կառավարության ընտրությունը, որքան էլ այն իր հետ բերել է մեզ համար անընդունելի քաղաքական որոշումներ։
Այս պահին հեղաշրջման փորձեր թույլ չտալը թթվածնի հոսքը ապահովելու նման անհրաժեշտություն է ժողովրդավարություն և առաջընթաց որդեգրած մեր հանրության համար, քանի որ այլ պարագայում մեզ սպառնում է վերադարձ նախկինին՝ արտահայտված ռևանշիստական տեռորով ընդդեմ ժողովրդի։
Ինչպես դիմադրել հեղաշրջման փորձերին
-
Նախ դիմադրել «սորոսական», «դավաճան», «լևոնական», «հող հանձնող» և նմանատիպ պիտակումներով հանդես եկող լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերում ակտիվ անձանց (և ֆեյքերի) պրոպագանդային, որով նրանք փորձում են ազդել հանրային կարծիքի վրա ու հող նախապատրաստել հեղաշրջման («անցնցում իշխանափոխության») փորձի համար։ Հետևյալ քայլերը կարող ենք անել բոլորս՝ անկախ աշխատանքային, քաղաքական և որևէ այլ կարգավիճակից, քանի որ գտնվում ենք լրատվական, ներառյալ սոցիալական ցանցերի տարբեր աստիճանի ազդեցության գոտիներում։
ա. Ցուցակագրել վերը նշված քաղաքականությունը վարող լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերում ակտիվ մարդկանց, էջերին, ֆեյքերին հրապարակային կամ նույնիսկ՝ անձնական ցուցակներում
բ. Հեռուստաալիքների դեպքում՝ պարզապես փակել այդ ալիքները հեռուստացույցի կարգավորումների մեջ, թերթերի դեպքում՝ չգնել դրանք, ինտերնետայինների դեպքում՝ չսեղմել դրանց հղումները, պարզապես չդառնալ դրան սպառող, նույնիսկ պասիվ վիճակում իբրև դրանց բովանդակությունը չկիսողներ
գ. Ոչնչացնել հանրային վայրերում՝ կանգառներում, շքամուտքերի դռներին, հայտարարությունների ցուցափեղկերին կպցված և վերը նշված հղումները պարունակող թռուցիկները
դ. Սոցիալական ցանցերում վերը նշված պրոպագանդային լծված անձանց պարզապես «բլոկ» անել, չտեսնել նրանց գրած բարբաջանքները, չտրվել գայթակղությանը պատասխանելու ու հակազդելու նրանց, քանի որ սոցցանցերի տրամաբանությունը հակառակ էֆֆեկտն ունի՝ որքան շատ պատասխան ու ակտիվություն է հավաքում գրառումը (թեկուզ դիմադրական), այնքան շատ մարդու է այն դառնում հասանելի։ Պետք է ուղղակի զրկել սոցցանցերի տրամաբանությունից սնվող պրոպագանդիստներին իրենց քայքայիչ ձայնը հասանելի դարձնելու հնարավորությունից։ Մյուս կողմից ակտիվորեն պաշտպանել ազատ խոսքի ու ժողովրդավարության արժեքները ու նույն մեթոդները չկիրառել իմպերիալ ուժերին չլծված և գաղափարական դիրքավորում ունեցող մարդկանց նկատմամբ։
-
Այնուամենայնիվ, եթե հեղաշրջման փորձի ականատեսը լինենք, անհրաժեշտ է անհապաղ սկսել անհնազանդության ոչ-բռնի պայքար
ա. Առաջին մեծ դերը կարող են իրենց վրա վերցնել պետական հեռուստառադիոհեռարձակողները՝ իրականացնելով խունտայի ձայնը խափանող և վերջնական արդյունքում եթերի հնարավորությունից զրկող գործողություններ: Ռևանշի դեպքում կրկին շարունակել պայքարը՝ խունտային թույլ չտալով փոխարինել իրենց այլ մարդկանցով, շահել հնարավորինս շատ մարդկանց համագործակցությունն անհնազանդության հարցում։
բ. Երկրորդ մեծ դերը կարող են իրենց վրա վերցնել պետական ապարատի աշխատողները՝ լռելյայն անհնազանդությունից մինչև համընդհանուր գործադուլներ։ Խունտայի անդամները պետք է չկարողանան աշխատեցնել պետական որևէ կառույց, եթե պառլամենտը չցրեն, ապա պետք է չկարողանան անցկացնել որևէ օրենք։ Անհնազանդության մեթոդները պետք է ընտրվեն ըստ իրավիճակի՝ քողարկված անգործությունից, դանդաղեցումից, խափանումից, մինչև ճակատային ոչ-բռնի դիմադրություն, պետական շենքերի փակում խունտայի ներկայացուցիչների առջև, համընդհանուր գործադուլներ, իրավունքների պաշտպանում խունտայի ոտնձգություններից, բռնությունների արձանագրում ու հանրայնացում
գ. Լայն ժողովրդական անհնազանդության մեթոդների մասին թերևս չարժի մանրամասն գրել, քանի որ դրանք ընդամենը երկու տարի առաջ կիրառվեցին, ուստի վերհիշելով դրանք՝ շարունակել ոչ-բռնի դիմադրությունն ու ժողովրդական անհնազանդությունը հեղաշրջման փորձ անելու ժամանակ (կառավարության, հեռուստաաշտարակի կամ այլ կարևոր շենքերի ու ենթակառուցվածքների գրավումը կանխող բլոկադաներ), ինչպես նաև հնարավոր հեղաշրջումից հետո, որպեսզի այն չեղարկվի։
Այս պահին, սակայն, դեռևս կանխել հեղաշրջման հնարավոր փորձերը՝ հանրային բարձր ձայն հնչեցնելու, խմբային և անհատական անհամաձայնություն արտահայտելու, պրոպագանդայի դեմ քայլեր ձեռնարկելու միջոցով։
ՀՀ քաղաքացիներ