Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Livenews.am-ի հետ հարցազրույցը, որում նա խոսում է հայաստանյան իրադարձությունների և իշխանությունների քաղաքականության մասին, մեծ արձագանք է գտել, մասնավորապես, սոցցանցերում։ Ղարաբաղի բնակիչներից ոմանք ներողություն են խնդրում Բալասանյանի ասածների համար։
Օրինակ, Հայաստանում 2018-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելով, Բալասանյանն ասել է․ «Դա հեղափոխություն չէր, դա իշխանության բռնազավթում էր»։ Նա նաև անդրադարձել էր «Սասնա ծռեր»֊ի կողմից երկու տարի առաջ իրականացրած գործողությանը՝ խմբի անդամներին ահաբեկիչներ անվանելով․ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:
«Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում Բալասանյանի հայտարարությունները մեկնաբանել է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նկատել է՝ Վիտալի Բալասանյանը Արցախում ՀՀԿ-ի ներկայացուցիչն ու գաղափարակիրն է:
«Վիտալի Բալասանյանը փաստորեն, համարելով ՀՀ-ն բռնազավթած Նիկոլ Փաշինյանի և նրան ղեկավարող ինչ որ կենտրոնի կողմից, գտնում է, թե Արցախը դիմակայելու է ՀՀ-ի իշխանությանը», ֊ գրառումներից մեկում նկատել է իրավապաշտպանը՝ նշելով, որ սա բացառիկ վտագավոր մտածելակերպ է, որի նպատակն է հանուն իշխանության հակադրելու Արցախն ու ՀՀ-ն․ «Սա գեներալի խո՞սք է»։
Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքազյանի հետ ՀՀ վարչապետի հանդիպմանը` Բալասանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել, րոպե առաջ պատասխան են տալու»:
«Եթե Վիտալի Բալասանյանը ելնում է այն հստակ թեզից, որ կա երկու հայկական պետություն, ապա, այլ պետության ներքին քաղաքական իրադարձությունների մասին որևէ դատողություն անելը հանդիսանում է այլ պետության ներքին գործերին միջամտություն: Կամ գուցե ընդամենը հանդես է գալիս որպես քաղաքական մեկնաբա՞ն», ֊ հարցնում է Սաքունցը։
Հարցազրույցում Բալասանյանը նաև նշեց, որ ուզում է կրկնել իր հետևյալ միտքը․ « «Ցռան Վերգոյի» տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ, եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»:
Բալասանյանը հայտարարեց նաև, որ 2016 թվականին «ներել են ահաբեկիչներին», հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ․ «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ ինչ֊ինչ կենտրոններից ղեկավարվելու մասին թեզին, ապա այն, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, ամբողջությամբ ներկայացնում է ԿԳԲ-ական սխեման և տերմինոլոգիան։
«Եթե որևէ մեկը օրը ցերեկով հարյուր հազարավոր քաղաքացիների ոչ բռնի, բացառիկ խաղաղ, քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի արդյունքում իրականացրած թավշյա հեղափոխությունը որակում է որպես արևմտյան պրոյեկտ, ապա նման մոտեցումն ունեցողը բացառիկ արհամարհանք է դրսևորում այդ հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, որոնք իր համոզմամբ ոչնչի ընդունակ չեն, և նրանք միմիայն օգտագործվող ե՞ն:
Պարոն Բալասանյանը, իսկ ավելի ճիշտ նրա գաղափարական հայրերը՝ ՀՀԿ-ական կարկառունները, եթե արևմտյան պրոյեկտ են համարում թավշյա հեղափոխությունը, ապա գուցե Արևմտյան պրոյեկտ են համարում նաև հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ղարաբաղյան շարժումն է՞լ, կամ գուցե ԽՍՀՄ-ի փլուզումն էլ են համարում Արևմտյան պրոյեկտ: Ինչպիսի զուգադիպություն պուտինիզմի հետ», ֊ եզրակացնում է Սաքունցը։
Այսօր համացանցում տարածվում է գեներալ-մայորին անհապաղ պատասխանատվության ենթարկելու մասին պահանջը։
«Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խիստ մտահոգիչ և տարակուսելի համարելով այն հանգամանքը, որ ՀՀ իրավապահ մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունը ստուգելու և քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ․ «Ավելին՝ նրանք բացարձակ անգործություն ցուցաբերեցին նաև այն պարագայում, երբ Վիտալի Բալասանյանը ցուցադրաբար հրաժարվեց Մարտի 1-ի գործով ներկայանալ հարցաքննության, իսկ Ոստիկանապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած և Մարտի 1-ի գործով կարևոր տեղեկույթի տիրապետող Հայկ Հարությունյանը սպանվեց կամ ինքնասպանության հասցվեց»։ Հեղինակները նաև նշում են՝ ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով:
«Անպատժելիության այս աննախադեպ վիճակից գոտեպնդված, Վիտալի Բալասանյանը երեկ՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին, Լայվնյուզ.ամ լրատվամիջոցին տված հերթական հարցազրույցում, դարձյալ փաստացի հանդես գալով 5-րդ շարասյան անունից, արդեն ուղիղ սպառնալիքներ հնչեցրեց պետական հեղաշրջման, ինչպես նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչներին և մեր կազմակերպության անդամներին ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավապահպան մարմիններն անգործության են մատնված, իշխանությունից պահանջում ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք և իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը և չեզոքացնել պետության անվտանգությանը և քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները:
Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ և վանեցյաններ:
Ուստի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև բոլորը միասին՝ որպես ազգային շահերի և մարդու դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված և գործող հանցավոր համագործակցություն, պետք է ժամ առաջ մեկուսացվեն և ենթարկվեն քրեական հետապնդման», ֊ ասված է հայտարարության մեջ։
Արցախյան ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամներից Տիգրան Գրիգորյանը խորհուրդ է տալիս ՀՀ իշխանություններին երբեք չարձագանքել Բալասանյանի հայտարարություններին․ «Նա իրեն շրջապատել է մարգինալներով և բռնել է մարգինալիզացիայի ուղին։ Այս բոլոր սկանդալային հայտարարությունների նպատակը ուշադրություն գրավելն է, ՀՀ իշխանություններին սադրելով, սեփական դերը բարձրացնելն է։ Սա, իհարկե, իր մարտավարությունը չէ, կողքից “օգնում են”։ Բայց 2020 թվականին ամեն ինչ իր տեղը կընկնի»։