Ձերբակալվել է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Պարզվել է, որ մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը, պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 դրամին համարժեք, չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։
«Անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 դրամին համարժեք, 1.083.000 դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ», ֊ ասվում է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը: