Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754 հազար կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156 միլիոն 424 հազար 708 դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ։ Այս մասին մոյեմբերի 26-ին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, <…> այդպիսով Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ, տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, 2017-ից մինչև 2021-ի նոյեմբերի 16-ը ընդերքի ապօրինի արդյունահանում են իրականացրել՝ առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու։
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական գործ է հարուցվել, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: