Ադրբեջանում քաբանտարկյալների նոր ցուցակ է հրապարակվել, որում կա 182 անուն․ միայն երկու ամսվա ընթացքում քաբանտարկյալների թիվը երկրում գրեթե կրկկնապատկվել է՝ զեկուցել է «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը։
Փետրվարից ի վեր Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակին 89 անուն է ավելացել՝ բոլորը կրոնական ակտիվիստներ, աստվածաբաններ և «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ են։ Ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները նրանց որակում են որպես «Իրանի լրտեսական համակարգի անդամներ»։
Միության զեկույցում քաղբանտարկյալները առանձնացված են 7 խմբերում․
— 6 լրագրողներ և բլոգերներ, այդ թվում՝ բլոգեր և ակտիվիստ Բախտիյար Հաջիևը, որի կալանավորման ժամկետը նախօրեին երկարաձգվել է ևս երկու ամսով՝ մինչև մայիսի 28-ը։
Հաջիևին ազատազրկման մեջ են պահում դեռ 2022-ի դեկտեմբերի սկզբերից, երբ «խուլիգանության» և «դատարանին անարգելու» մեղադրանքով 1 ամիս 20 օր ժամետով կալանավորել էին։ Դեկտեմբերի 15-ին Հաջիևը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրեն ազատ արձակել։ Չնայած դրան, իշխանությունները սկզբում 1, իսկ հետո ևս 2 ամսով երկարացրել էին Հաջիևի կալանավորման ժամկետը, իսկ բլոգերին ազատ արձակելու պահանջով փողոց դուրս եկած ակտիվիստներին՝ ձերբակալել։ Փետրվարի 28-ին Հաջիևը դադարեցրել է հացադուլը։
— Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների 6 անդամներ՝ «Ազգային ճակատ» կուսակցություն 4 անդամ, «Քաղաքացիներ և զարգացում» կուսակցության ղեկավարը և ակտիվիստ Էլչին Մամեդը։
— Գերմանիայից արտաքսված 5 փախստականներ՝ Փյունհան Քերիմլին, Ջաֆար Միրզոևը, Մալիք Ռզաևը, Մութալիմ Օրուջևը և Սամիր Աշուրովը։
—118 հավատացյալներ, այդ թվում՝ Ադրբեջանի իսլամական կուսակցության նախկին առաջնորդ Իլհամ Ալիևը, «Մուսուլմանական միասնության» առաջնորդ Թալեհ Բագիրզադեն և նրա օգնական Աբբաս Հուսեյնովը, աստվածաբան Սարդար Բաբաևը և այլն։
— «Թարթառի գործով» 8 դատապարտյալներ
2017 թվականի գարնանը Բաքվում ձերբակալվել էին մի խումբ զինվորականներ և քաղաքացիական անձինք՝ հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և դիվերսիոն գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով։ Այս գործով նախաքննությունն ու դատավարությունները փակ են անցկացվել։ Հետաքննության ընթացքում ութ մարդ խոշտանգումների է ենթարկվել, ինչի արդյունքում՝ նրանցից չորսը մահացել է։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները 2021 թվականին հայտարարել են, որ խոշտանգումների զոհ է դարձել ավելի քան 200 զինվորական, որոնցից 11-ը մահացել է։ 2021 թվականի նոյեմբերի 1-ին Ադրբեջանի դատախազությունը ընդունել է «Թարթառի գործով» մեղադրյալների նկատմամբ խոշտանգումները։
— «Գյանջայի գործով» 26 դատապարտյալներ
2018 թվականի հուլիսի 3-ին հարձակում էր տեղի ունեցել քաղաքապետ Էլմար Վելիևի վրա։ Միջադեպի արդյունքում Վելիևն ու իր թիկնապահը վիրավորվել էին։ Յունիս Սաֆարովը, ով մեղադրվում է հարձակումն իրականացնելու մեջ՝ ձերբակալվել էր դեպքի վայրում։
Նույն թվականի հուլիսի 10-ի երեկոյան Գյանջա քաղաքում չարտոնված ցույցի ժամանակ ոստիկանության երկու ծառայողներ էին սպանվել։
Գյանջայի դեպքերի հետ կապված քրեական պատասխանատվության էր ենթարկվել 77 մարդ։ 11-ի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նրանցից երկուսը գտնվել և Ադրբեջան են վերադարձվել։ 6 հոգի սպանվել է ձերբակալության ժամանակ։
—13 ցմահ ազատազրկվածներ, որոնց թվում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների նախկին սպաներ (դատապարտվել են Ադրբեջանում 1995 թվականին տեղի ունեցած ապստամբությունից հետո), նախկին վարչապետ Սուրաթ Հուսեյնովի գործով դատապարտվածներ և 1992-1993 թվականներին Ղարաբաղում պատերազմած «Գարանգուշ» ջոկատի նախկին անդամներ։
1993-ի օգոստոսի 31-ին, երբ ադրբեջանական զորքերը լքել են Կուբաթլուի շրջանը «Գարանգուշ» հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները սպանել են շրջանի իշխանության 5 ներկայացուցչի։
Այս ինքնադատաստանը պատճառաբանվում էր դավաճանությամբ․ զինյալների խոսքերով՝ տեղի իշխանությունները համագործակցել էին հայերի հետ և հանձնել տարածքը։ Որոշ տվյալներով, սակայն, իրական պատճառը ներքին անհամաձայնություններն էին․ «Գարանգուշի» անդամները որոշել էին հաշիվեհարդար տեսնել իրավապահ մարմիններից։
Դիվերսիոն խմբի անդամների մի մասը սպանվել է ձերբակալության ժամանակ, մյուսները երկարաժամկետ դատավճիռներ են ստացել։